Պաոլո Կունեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլո Կունեո
Ի ծնեՊաոլո Կունեո
Ծնվել էփետրվարի 11, 1936 թ.
ԾննդավայրԻտալիա Հռոմ, Իտալիա
Ազգությունիտալացի
Ճյուղ(եր)Ճարտարապետություն
արվեստաբանություն
Գործունեությունճարտարապետ
արվեստաբան

Պաոլո Կունեո (փետրվարի 11, 1936(1936-02-11), Հռոմ, Իտալիա), իտալացի ճարտարապետ, արվեստաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր։ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի դափնեկիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թ.-ին ավարտել է Հռոմի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը։ Հռոմի համալսարանի արվեստի, գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում 1966 թ.-ին հիմնադրված Հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի անդամ է։ Մասնակցել է Խորհրդային Հայաստան (1966, 1968, 1971, 1972, 1975, 1978), Արևմտյան Հայաստան, Կիլիկիա (1967 թ., 1969—1970 թթ.) Հռոմի համալսարանի կազմակերպած գիտարշավներին։ Հռոմի «Հայկական միջնադարյան ճարտարագիտական ուսումնասիրության կենտրոնի» տնօրենն է։

Պրոֆեսոր Կունեոն 1965 թվականից սկսած կազմակերպել է բազմաթիվ գիտարշավներ ինչպես Հայաստանի Հանրապետություն, այնպես էլ Արևմտյան Հայաստան, ուսումնասիրել Թուրքիայի տարածքի հայ մասնագետների համար անմատչելի հայկական հուշարձանները՝ իր հավաքած բոլոր նյութերը սիրով տրամադրելով հայ գիտնականներին։ Հռոմի համալսարանում իր վարած ճարտարապետության պատմության դասընթացում նա մտցրեց նաև հայկական ճարտարապետության բաժինը՝ իտալացի ապագա ճարտարապետներին ծանոթացնելով Հայաստանի բազմադարյան մշակույթի կարևորագույն ճյուղի՝ շինարարական արվեստի նվաճումներին։

1970 թվականին Պաոլո Կունեոն աշխարհի գիտական հանրության ուշադրությունը սևեռել է հին Հայաստանի մայրաքաղաք Անիի հուշարձանների պահպանման ու վերանորոգման կարևորության վրա՝ կոչ անելով այդ գործի համար ստեղծել միջազգային կենտրոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոնումենտում» հանդեսում (1970, JSP 5) լույս տեսած «Անի քաղաքի ավերակները» («Les ruines de la Ville d՝Ani») աշխատությունում առաջարկում է Անին դարձնել գիտահետազոտական և տուրիստական միջազգային կենտրոն։ Պաոլո Կունեոյի հեղինակած գրքերից են բացառիկ գիտական արժեք ունեցող «Անիի՝ միջնադարյան Հայաստանի ճարտարապետական դպրոցը» մենագրությունը (Հռոմ, 1977), Արևմտյան Հայաստանում առաջին անգամ իր իսկ ուսումնասիրած հուշարձանների՝ Թուղի, Փաշվանքի 5-րդ դարի բագիլիկներին և Հոգեացվանքի համալիրին նվիրված ուսումնասիրությունը (Հռոմ, 1979), համահեղինակն է «Անի» (Միլան, 1984) և «Ղարաբաղ» (Միլան, 1988) գրքերի։

Հայկական ճարտարապետության վերաբերյալ գրել է բազմաթիվ աշխատություններ, Հռոմում, Ռավեննայում, Բերգամոյում, Փարիզում, Երևանում կարդացել դասախոսություններ։ Զեկուցումներով մասնակցել է հայ արվեստին նվիրված միջազգային I և II սիմպոզիումներին։ 1988 թվականին հրատարակել է «Հայկական ճարտարապետությունը 4-19-րդ դարերում» շուրջ 1000 էջանոց երկհատոր աշխատությունը։ Գիրքը տալիս է հայկական միջնադարյան ճարտարապետության համապատկերը՝ գիտականորեն ճշգրիտ մեկնաբանություններով։ Այստեղ ներկայացված են ինչպես նախկին Խորհրդային Միության տարածքում, նույնպես և Թուրքիայում ու Իրանում գտնվող հայկական բոլոր հուշարձանները՝ մասնագիտական վերլուծություններով և բնութագրումներով։ Այս աշխատության համար Կունեոն արժանացել է ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանին անվան մրցանակի, որը նրան հանդիսավոր կերպով հանձնվել է 1990 թվականի մայիսին Զվարթնոցում։ Իսկ հայ մշակույթին նվիրված իր երեսնամյա բեղմնավոր գիտական աշխատանքի և այդ բնագավառում ներդրած պատկառելի ավանդի համար Պաոլո Կունեոն 1994 թվականին ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԳԱԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ «Պաոլո Կունեո», պատմաբանասիրական հանդես № 1, 1995, էջ 271
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 15