Չերոկիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չերոկիների ազգային դրոշը

Չերոկիներ (անգլ.՝ Cherokee, ինքնանվանումը՝ տսալագա - իսկական մարդիկ), Հյուսիսային Ամերիկայում բնակվող հնդկացիական ժողովուրդ։ Ծագումով մոտ են իրոկեզներին, լեզուն իրոկեզյան լեզուներից մեկն է։

Նախկինում չերոկիները բնակվել են Թենեսի և Հյուսիսային Կարոլինա նահանգների ներկայիս տարածքում՝ Ապալաչների երկու կողմի լանջերին։ Առաջին եվրոպացիները, ում հետ շփվել են չերոկիները՝ իսպանացիներն էին։ Դա տեղի է ունեցել 1540 թվականին։

Ամբողջ 18-րդ դարի ընթացքում չերոկիները պատերազմներ էին մղում հարևան հնդկացիական ցեղերի և սպիտակամորթ գաղութարարների դեմ։ 19-րդ դարում չերոկիների հիմնական կրոնը դարձավ քրիստոնեությունը։ 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբին չերոկիները իրենց քոչվորական կենսակերպը փոխարինեցին նստակյացով, սկսեցին ապրել իր ժամանակի ժամանակակից տներում, զբաղվում էին արդեն հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Շուտով նրանք համարվում էին արդեն ԱՄՆհինգ քաղաքակիրթ ցեղերից մեկը։ 1821 թ-ին չերոկիների առաջնորդ Սեքվոյան (Ջորջ Գես) ստեղծեց չերոկիների այբուբենը։ Հարուստ չերոկի հնդկացիները վարում էին արիստոկրատ ապրելակերպ, ունեին մեծ տնկադաշտեր և հարյուրավոր սևամորթ ստրուկներ։

19-րդ դարի 1830-ական թվականներին հարավարևելյան նահանգների կառավարությունների ճնշման ներքո, ԱՄՆ կառավարությունը որոշեց վերացնել հնդկացիական անկլավները, իսկ հնդկացիներին արտաքսել դեպի Միսիսիպի գետից արևմուտք գտնվող անապատային հողեր։ 1838-1839 թվականներին, հարկադրանքի ներքո գաղթելու ժամանակ, ճանապարհին զոհվեց մոտ 4 հազար հնդկացի («Արցունքի ճանապարհ»)։ Մինչ գաղթը, չերոկիներն ունեին սեփական սահմանադրություն, օրենքներ, ընտրովի կառավարություն և նախագահ (գերագույն առաջնորդ)։ Ներկայումս չերոկիները ԱՄՆ-ի ամենամեծ հնդկացիական ցեղերից մեկն են։