Շիկինյա Գոնզագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիկինյա Գոնզագա
Բնօրինակ անունբրազ.-պորտ.՝ Francisca Edwiges Neves Gonzaga
Ի ծնե անունբրազ.-պորտ.՝ Francisca Edwiges Neves Gonzaga
Նաև հայտնի է որպեսChiquinha Gonzaga
Ծնվել էհոկտեմբերի 17, 1847(1847-10-17)[1][2]
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիայի կայսրություն[3]
Երկիր Բրազիլիա[3]
Մահացել էփետրվարի 28, 1935(1935-02-28)[1][2] (87 տարեկան)
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]
Ժանրերchoro? և marchinha?
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահարուհի և ակտիվիստ
Գործիքներդաշնամուր
 Chiquinha Gonzaga Վիքիպահեստում

Շիկինյա (Չիկինյա) Գոնզագա (պորտ.՝ Chiquinha Gonzaga, իսկական անունը՝ Ֆրանսիսկա Էդվիժես Նևես Գոնզագա պորտ.՝ Francisca Edwiges Neves Gonzaga, հոկտեմբերի 17, 1847(1847-10-17)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիայի կայսրություն[3] - փետրվարի 28, 1935(1935-02-28)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]), բրազիլացի առաջին կին կոմպոզիտորը, դաշնակահարուհի, դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիսկա Նևես Գոնզագան ծնվել է 1847 թվականի հոկտեմբերի 17-ին, եղել է բարձրաստիճան սպա (հետագայում՝ մարշալ) Ժոզե Բազիլեու Նևես Գոնզագայի (պորտ.՝ Jose Basileu Neves Gonzaga) և խառնածին Ռոզա Մարիա դե Լիմայի (պորտ.՝ Jose Basileu Neves Gonzaga)՝ արտամուսնական կապից ծնված երեխան։ Ավելի ուշ, հակառակ ընտանիքի դիմադրությանը, Ժոզե Բազիլեուն ոչ միայն ճանաչել է դստերը, այլև ամուսնացել Ռոզայի հետ։

Ֆրանսիսկան լավ կրթություն է ստացել 19-րդ դարի կնոջ տեսանկյունից։ Նրան սովորեցրել են կարդալ, գրել, սովորել է օտար լեզուներ, մաթեմատիկա, կատեխեզիս, մեծ ուշադրություն են հատկացրել երաժշտության կրթությանը։ Արդեն 11 տարեկան հասակում նա ստեղծել է իր առաջին երգը։

1863 թվականին հոր ցանկությամբ նա ամուսնացել է ձեռնարկատեր Ժասիտու Ռեբեյրու դու Ամարալի հետ (պորտ.՝ Jasinto Ribeiro do Amaral)։ Ամուսնությունը հաջող չի եղել․ ամուսինն արգելել է երաժշտությամբ զբաղվել։ Ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ՝ Ժուան Գալբերտուն (1864-?), Մարիա դու Պատրոսինյոն (1865-?) և Իլարիոն (1868-?)։

1869 թվականին Ֆրանսիսկան վերջնականապես լքել է ամուսնուն։ Նա եղել է կաթոլիկ Բրազիլիայի առաջին կինը, որին հաջողվել է հասնել ամուսնալուծության։ Նրա դուստր Մարիան դաստիարակվել է պապի ու տատի ընտանիքում և նունիսկ նրանց իր ծնողները համարել, իսկ որդին՝ Իլարիոնը, մնացել է ամուսնու մոտ։ Շիկինյա Գոնզագան մտերմացել է նշանավոր ֆլեյտահար Ժոակիմ Անտոնիու դա Սիլվա Կալադուի հետ (պորտ.՝ Joaquim Antonio da Slva Callado, 1848—1880), որը համարվում է բրազիլական շորո ժանրի հիմնադիրը։ Ժանրն իր մեջ միավորում է աֆրիկյան ու եվրոպական երաժշտության տարրերը։ Հենց Կալադուն է Ֆրանսիսկային երաժշտական աշխարհ մտցրել, որտեղ նա հայտնի է դարձել Շիկինյա Գոնզագա անունով (Շիկինյան Ֆրանսիսկայի կրճատ տարբերակն է)։ Նա Ֆրանսիսկային որպես դաշնակահար հրավիրել է իր Choro do Callado խումբը և նրան նվիրել «Բոլորի սիրելին» (պորտ.՝ Querida por Todos, 1865) կոմպոզիցիան։ Գումար վաստակելու նպատակով նա սկսում է դաշնամուրով պիեսներ նվագել տոներին, երաժշտական միջոցառումներին, երաժշտության դասեր տալ։ Շիկինյա Գոնզագան որպես երաժիշտ դարձել է առաջին կինը, որ կատարել է շորո երաժշտություն, որը բարձր հասարակության մեջ համարվում էր ցածր ոճի ժանր։

Ընտանիքից ու հասարակությունից լքված՝ Ֆրանսիսկա Գոնզագան սկսում է հանդիպել երիտասարդ ինժեներ Ժուան Բատիստա դե Կարվալիոյի հետ (պորտ.՝ João Batista de Carvalho)։ Նրանք միասին լքում են Ռիո դե Ժանեյրոն և մի քանի տարի անցկացնում գյուղական մի բնակավայրում։ 1876 թվականին ծնվում է նրանց դուստր Ալիսան, սակայն իմանալով Ժուանի անհավատարմության մասին՝ Շիկինյան շքում է նրան՝ դստերը թողնելով Ժուանի հետ։ Այնուհետև Շիկինյան որդու՝ Ժուան Գուալբերտուի հետ վերադառնում է Ռիո դե Ժանեյրո և շարունակում ընդհատված երաժշտական կարիերան։

1877 թվականին Շիկինյան առաջին հաջողությունն է ունենում որպես կոմպոզիտոր։ Նրա «Հմայիչը» (պորտ.՝ Atraente) պոլկան մեծ հաջողություն է ունենում։ Շիկինյա Գոնզագան հեղինակել է ընդհանուր առմամբ 250 կոմպոզիցիա՝ պոլկաներ, վալսեր, մատչիշ ոճի 41 պիես (դրանք քողարկվել են «բրազիլական տանգո» ոճի ներքո)։ 1885 թվականին դարձել է Բրազիլիայում առաջին կին դիրիժորը՝ ներկայացնելով Պալյարես Ռիբեյրայի՝ մեկ գործողությամբ օպերան։ 1899 թվականին գրել է «Մի կո՛ղմ քաշվք, ես ուզում են անցնել» (պորտ.՝ O Abre Alas) երգը, որը դարձել է դիմակահանդեսային առաջին երգը։

Շիկինյա Գոնզագան ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին, հանդես եկել Բրազիլիայում ստրկությունը վերացնելու կոչերով, մասնակցել ցույցերի։

1899 թվականին նա հանդիպել է Ժուան Բաուտիստու Ֆերնանդես Լաժեի հետ։ Շիկինյան արդեն 52 տարեկան էր, իսկ Ժուանը՝ 16։ Շիկինյան նրան ներկայացնում էր որպես իր որդի։ Նրանց սիրավեպը շարունակվել է մինչև Շիկինյայի մահը։ 1900-ական թվականներին սիրահարներն այցելել են Եվրոպա։ Ճամփորդության ընթացքում Շիկինյան երաժշտական խանութներից մեկում հայտնաբերել է իր ստեղծագործությունների նոտաները, որոնք հրատարակված են եղել առանց իր իրավունքի։ 1909 թվականին, Բրազիլիա վերադառնալով, Շիկինյա Գոնզագան ակտիվ պայքար է սկսել հեղինակային իրավունքները պաշտպանելու համար։ 1916 թվականին Բրազիլիայի կոնգրեսը հաստատել է քաղաքացիական օրենսգիրքը, որը ներառել է հեղինակային իրավունքի մասին օրենքը։ 1917 թվականին Շիկինյա Գոնզագան մտել է այդ ժամանակ հիմնադրված «Թատերական հեղինակների բրազիլական միության» մեջ։

Գոնզագան մահացել է 1935 թվականի փետրվարի 28-ին։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականին «Գլոբո» ստուդիան նկարահանել է «Շիկինյա Գոնզագա» կենսագրական սերիալը։ Գլխավոր դերը կատարել են Գաբրիելա Դուարտեն (Շիկինյան երիտասարդ տարիքում) և Ռեժինա Դուարտեն։
  • 2006 թվականին «Բրազիլիա 18 %» ֆիլմում նրա դերը մարմնավորել է դերասանուհի Բեթ Մենդեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկինյա Գոնզագա» հոդվածին։