Նիսի գեղարվեստի թանգարան
Նիսի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Նիս |
Ղեկավարության նստավայր | Musée des Beaux-Arts de Nice, Նիս |
Հասցե | avenue des Baumettes, 33, 06000 Nice06000 |
Հիմնադրվել է | 1928[1] |
Այցելուներ | 27 154 մարդ (2019)[2] |
Կայք | musee-beaux-arts-nice.org |
Գեղարվեստի թանգարան, քաղաքային թանգարան Նիսում, Ֆրանսիա։ Թանգարանը կրում է հայտնի նկարիչ և գծանկարիչ Ժյուլ Շերեի անունը։ Թանգարանում կա նրա ստեղծագործությունների կարևոր հավաքածու։
Պալատ
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականին իշխան Լև Վիկտորովիչ Կոչուբեյը, որը 1859 թվականից Ալեքսանդր II կայսեր գաղտնի գործակալն էր, իր կնոջ` Ելիզավետա Վասիլևնայի հետ գալիս է Նիս։ Իշխանուհին հողատարածք է ձեռք բերում և այնտեղ սկսում առանձնատուն կառուցել նոեռենեսանսի ոճով[3]։
1881 թվականին պալատը դեռևս անավարտ էր։ Հնարավոր է աշխատանքների դանդաղ ընթանման պատճառով իշխանուհին որոշում է վաճառել դեռ շինարարության փուլում գտնվող առանձնատունը։ 1883 թվականի ապրիլի 18-ին պալատը վերցնում է ամերիկացի արդյունաբերող Ջեյմս Թոմպսոնը։ Շինարարության ավարտման փուլում աշխատանքները ղեկավարում էր իտալացի ճարտարապետ Կոնստանտին Սկալան[4]։ Թոմպսոնը իր միջոցներն օգտագործում էր, որպեսզի պալատը վերջնական տեսք ստանա ըստ իր ճաշակի։ Նա մահացավ պալատում 1897 թվականի դեկտեմբերի 11-ին։ 1920 թվականին պալատը վաճառվեց։
1925 թվականին պալատը ձեռք են բերում Նիսի քաղաքային իշխանությունները, որպեսզի այնտեղ տեղադրեն գեղարվեստի թանգարանը։ 1928 թվականին պալատում բացվում է թանգարանը[5]։
1976 թվականի դեկտեմբերի 17-ին կառույցը հայտարարվեց որպես Ֆրրանսիայի պատմական հուշարձան։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի սկիզբը դրել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը 1860 թվականին, երբ քաղաքին է նվիրել մի քանի նկար։ Այն ժամանակ դրանք տեղադրված էին քաղաքային գրադարանի և ոստիկանության շենքերում։ Այնուհետև դրանք հայտնվել են մի քանի այլ վայրերում այնքան ժամանակ, մինչև քաղաքային իշխանությունները գնեցին Թոմպսոնի առանձնատունը և այնտեղ բացեցին թանգարանը[6]։
Թանգարանի հավաքածուն լրացվել է մասնավոր նվիրատվություններով։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուները ցուցադրվում են պալատի երկու հարկերում։ Առաջին հարկի երկու սրահներում ցուցադրված են XVII-XVIII դարերի ստեղծագործություններ, այդ թվում այնպիսի նկարիչների, ինչպիսիք են` Ժան Օնորե Ֆրագոնարը, Հյուբեր Ռոբերը, Դոնատո Կրետին։ Երրորդ սրահում ցուցադրված են Վան Լոո նկարիչների դինաստիայի վարպետների նկարները։ Նրանցից առավել հայտնի է Շառլ-Ամադեյ-Ֆիլիպպ Վան Լոոն, որը ծնվել է 1705 թվականին, եղել է պալատական գեղանկարիչ։ Մեծ պատկերասրահը նվիրված է XIX դարի սալոնային գեղանկարչությանը։ Այս դահլիճի ելքը տանում է դեպի ձմեռային այգի, որտեղ գտնվում է Օգյուստ Ռոդենի «Բրոնզե դար» քանդակը (1877 թվական)։
Երկրորդ հարկ տանող աստիճանասանդուղքի մոտ տեղադրված են Ժյուլ Շերեի պլակատները, որոնք փոխվում են 3 ամիսը մեկ։ Վերին հարկը նվիրված է XIX դարավերջի և XX դարի սկզբի գեղանկարչությանը, կան նաև մի քանի քանդակներ։ Այնտեղ ներկայացված նկարիչներից կարելի է առանձնացնել Պիեռ Բոնարին, Լյուկ-Օլիվյե Մերսոնին, Էժեն Բուդենին, իմպրեսիոնիստներ Կլոդ Մոնեին, Ալֆրեդ Սիսլեյին։
Առանձին սրահում ներկայացված են Ռաուլ Դյուֆիի աշխատանքները, որի կինը` Էժենի Բրիսոնը, ամուսնու մահից հետո հայրենի քաղաքին է նվիրել նրա աշխատանքների հավաքածուն, որի մեջ մտնում են 28 յուղանկարներ, 97 նկարներ և փորագրություններ, գործվածքներ և կերամիկա[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sothebys.com/en/museums/musee-des-beaux-arts
- ↑ Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ Michel Steve, Italianisme en architecture, la Riviera de 1840 à 1940, Edition Grandi, 2000, p.77 et 78 2951610815
- ↑ «Musée des Beaux-arts de Nice : Du palais au musée». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2018-06-20-ին.
- ↑ Didier Gayraud, Belles demeures en Riviéra 1835—1930, p. 139, Éditions Giletta, Nice, 2005 2-915606-20-X
- ↑ Musée des Beaux Arts, Edition Direction des musées de Nice, 1986, p.9
- ↑ журнал «Художественная галерея. Дюфи», № 73, 2006 г.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիսի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |