Նիկարագուայի խոհանոց (իսպ.՝ Gastronomía de Nicaragua), Նիկարագուային բնորոշ խոհարարական ավանդույթների ամբողջություն․ հնդկական և իսպանական խոհանոցների խառնուրդ է։ Չնայած երկրի փոքր չափին՝ Նիկարագուայի խոհանոցն ունի տարածաշրջանային տարբերություններ. 21-րդ դարում երկրում նկատելի է «գաստրոնոմիական տուրիզմի» զարգացում։
Նիկարագուայի խոհանոցի հիմքը, ինչպես Կենտրոնական Ամերիկայի շատ այլ երկրներում, եգիպտացորենն է[1]։ Տարածված են նաև կարմիր լոբին և բրինձը, որոնք երկրի բնակիչները հաճախ ուտում են նախաճաշին։ Խոզի միսը, հավը և ձուկը ևս տարածված են։ Բանջարեղենը սովորաբար սպառվում է աղցանների տեսքով և ավելացվում ապուրներին, իսկ մրգերը հիմնականում հյութերի տեսքով են։ Երկրի Կարիբյան ափին տարածված է ծովամթերքների և համեմունքների, կոկոսի յուղի և կաթի օգտագործումը. ձուկը մատուցվում է խաշած, չորացրած և ապուրների տեսքով[2]։ Խաղաղ օվկիանոսի ափին ավելի տարածված է մսի և կաթնամթերքի օգտագործումը, բարձր է գնահատվում ճարպային տապակած սնունդը։