Միքայել Աջապահյան
Միքայել Աջապահյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Գևորգ |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Ծնվել է | 1963 դեկտեմբերի 27 |
Ծննդավայր | Գյումրի, Հայաստան |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (Էջմիածին) |
Ձեռնադրություն | 1988 |
Հոգևոր աստիճան | Արքեպիսկոպոս[1]։ |
Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան (դեկտեմբերի 27, 1963, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը 2001 թվականի սեպտեմբերի 30-ից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 27-ին, ք. Գյումրիում։ Ավարտել է Գյումրիի Գ. Սունդուկյանի (այժմ՝ Ջորջ Բայրոնի) անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը (1971-1981)։
1981-1987 թվականներին սովորել է Ս. Էջմիածնի Հոգևոր ճեմարանում։ Ուսումը ընդմիջվել է 1982-1984 թվականներին՝ Խորհրդային Բանակում ծառայելու պատճառով։ 1986 թվականի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ։ Ձեռնադրությունից հետո կատարել է Մայր Տաճարի ավագ լուսարարի պարտականությունները։ 1987 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է ճեմարանը և ծառայության անցել Վեհարանում՝ որպես քարտուղար։
1988 թվականին Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի կողմից ձեռնադրվելով կուսակրոն քահանա` վերանվանվել է Տ. Միքայել՝ ի հիշատակ Ադանայի ջարդի (1909) ժամանակ նահատակված Տ. Միքայել ծ. վրդ. Աջապահյանի։ 1988-1989 թվականներին ծառայել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում որպես դաստիարակ։ 1989 թվականին նշանակվել է Եղեգնաձորի Ս. Խաչ վանքի վանահայր, այնուհետև` վերաբացված Արցախի թեմի Գանձասար վանքի վանահայր։ 1989 թվականին ստացել վարդապետական աստիճան` պաշտպանելով վարդապետական թեզ՝ «Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը 1890-1920 թթ.» թեմայով։ 1990-1991 թվականներին աշխատել է Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության Կենտրոնում։ 1991-1992 թվականներին եղել է Հոգևոր ճեմարանի փոխտեսուչը։ 1992-1994 թվականներին ծառայել է որպես Մայր Տաճարի փոխլուսարարապետ։ 1994 թվականի մայիսին պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ՝ «Ս. Կղեմես եպս. Հռոմայեցի» թեմայով, և Տ. Ներսես արքեպսկոպոս Պոզապալյանի ձեռամբ ստացել ծայրագույն վարդապետական աստիճան։ 1994-1995 թվականներին եղել է կաթողիկոսական տեղապահ Տ. Թորգոմ արքեպս. Մանուկյանի քարտուղարը, ապա՝ Գարեգին Ա Կաթողիկոսի անձնական քարտուղարն ու գավազանակիրը։ 1995-1997 թվականներին ուսանել է Հռոմի Պապական Արևելյան Ինստիտուտում։ 1997 թվականին ստացել է արևելյան եկեղեցական գիտությունների մագիստրոսի աստիճան՝ ներկայացնելով «Պողոս Տարոնացին և իր «Բացայայտութիւն կարգաց ժամուց աղօթից» աշխատությունը» վերնագրով թեզը։ 1997-1999 թվականներին եղել է Գարեգին Ա Կաթողիկոսի օգնականը՝ միջեկեղեցական հարաբերությունների գծով։
1999 թվականի դեկտեմբերի 1-ին Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ։ 2001 թվականի սեպտեմբերի 30-ին Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս և հաստատվել որպես Շիրակի թեմի առաջնորդ։
2019 թվականի փետրվարի 26-ին Սրբոց Ղևոնդյանց տոնին Միքայել եպիսկոպոս Աջապահյանին շնորհվել է արքության աստիճան[2]։
Այլ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարգևատրվել է Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքի կողմից Ս. Դանիելի շքանշանով՝ ի գնահատումն իր էկումենիկ ծառայության (1995)։
- 1999 թվականին ընտրվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնաժողովի անդամ։
- 1999-2000 թվականներին համատեղության կարգով եղել է Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի տնօրենը։ 2000-2001 թվականներին համատեղության կարգով նշանակվել է Հնդկաստանում Հայրապետական լիազոր ներկայացուցիչ՝ կաթողիկոսի կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատարագ է մատուցում Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում
-
Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու Շիրակի թեմի նախկին առաջնորդ սրբազան Նարեկ Շաքարյանը Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նավակատիքին: