Նավակատիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նավակատիք կամ Նավակատիկ, կրոնական իմաստով՝ նորաշեն տաճարի, եկեղեցու, ավելի լայն իմաստով՝ տան, ամեն նորի բացման, տարեդարձի ու նվիրագործության հանդես։ Նավակատիք է նոր ավարտված եկեղեցու առաջին նվիրագործությունը, ինչպես նաև՝ նվիրագործության տարեդարձը։ Հայ եկեղեցին նավակատիքները սկսել է կատարել կամ հիշատակել մեծահանդես տոների նախընթաց օրերին, շաբաթապասի վերջին։ Նավակատիքով պահքի խստությունը մեղմացվում է՝ առանց այն ամբողջովին վերացնելու, այսինքն՝ մսեղենը խստիվ արգելելով՝ ներվում է ձկնեղենի ու կաթնեղենի կիրառությունը Պատարագի մատուցումից հետո։ Դրանից ելնելով էլ՝ մեղմացված պահքի կերակուրը նույնպես նավակատիք է կոչվում։ Այդպես է նաև Հայ եկեղեցու հինգ տաղավար տոների նախընթաց օրերին։ Այսինքն՝ Վարդավառի, Աստվածածնի Վերափոխման ու Խաչվերացի նախընթաց շաբաթ օրերին, առավոտյան Պատարագից հետո, իսկ Ս. Ծննդյան ու ս. Զատկի ճրագալույցներին, երեկոյան Պատարագից հետո կաթնեղեն ու ձկնեղեն գործածելը նույնպես Նավակատիք է նշանակում։ Նավակատիքը իբրև առանձին տոն նշվում է Խաչվերացի տոնի նախընթաց շաբաթ օրը, IV դ. բյուզանդական կայսրուհի Հեղինեի նախաձեռնությամբ Երուսաղեմի Սուրբ Հարություն մեծ տաճարը շինվելուց հետո այն նվիրագործելու և օծելու տարեդարձի օրը, որն ամբողջ քրիստոնյա աշխարհի համար կարևոր հիշատակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Տես՝ նաւակատիք Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս