Միջնադարյան թատրոն, թատերական առանձնահատուկ համակարգ՝ բազմաժանր և տարակառույց, կրկեսի, դրամայի, պարերգի և ժողովրդական խաղային բանահյուսության տարասեռ (հետերոգեն) ձևերի համատեղությամբ։ Ձևավորվել ու զարգացել է IV–XV դարերում Առաջավոր Ասիայում (Բյուզանդիա, Կապադովկիա, Ասորիք, Հայաստան), Արևելքում (Պարսկաստան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) և Արևմտյան Եվրոպայում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա)՝ որպես թատերարվեստի ընդհանրական տիպ։ Միջնադարյան թատրոնն Առաջավոր Ասիայում հայտնի է եղել որպես բանավոր-իմպրովիզացիոն արվեստ (IV–X դարեր), որի ավանդները մասամբ ժառանգել է իտալական կոմեդիա դելլ՛ արտ են։ X դարից Ֆրանսիայում գրվել են ժողովրդական կատակերգություններ՝ ֆարսեր։ V դարից Արևելքում, հատկապես Հնդկաստանում, զարգացել է դրամատուրգիական թատրոնը իր տեսությամբ («Նաթյաշաստրա»)։ XII–XV դարերում Արևմտյան Եվրոպայում զարգացել է լիթուրգիական (պատարագային) դրաման, ապա՝ եկեղեցական թատրոնը իր գրական հիմքով (միստերիա, մորալիտե, միրաքլ)։ Վերջինս որոշակիորեն ազդել է Վերածնության դարաշրջանի թատրոնի կազմավորման վրա։ Միջնադարյան թատրոնի որոշ արտահայտչաձևեր կիրառվել են նորագույն թատրոնում (Վ․ Մեյերխոլդ, Ե․ Վախթանգով, Բ․ Բրեխտ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 594)։