Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1949)։ 1951-1953 թվականները՝ ԽՍՀՄԳիտությունների ակադեմիայի էլեկտրաթերմիայի և էլեկտրաեռակցման բաժանմունքի գիտնական քարտուղար։ 1953 թվականից աշխատում է ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի Բայկովի անվան մետալուրգիայի ինստիտուտում, 1959 թվականից կոմպոզիցիոն նյութերի և պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիայի բաժնի վարիչ։ 1979 թվականից՝ ԽՍՀՄ Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին կից փոշեմետալուրգիայի գիտական խորհրդի պաշտպանական պատվածքների բաժանմունքի և ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի մետալուրգիական պրոցեսների ֆիզիկաքիմիական հիմունքների գիտական խորհրդի կոմպոզիցիոն նյութերի ու պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիայի բաժանմունքի նախագահ։ Շորշորովը կոմպոզիցիոն նյութագիտության հիմնադիրն է ԽՍՀՄ-ում։ Շորշորովի բազմաթիվ գյուտերն արմատավորվել են մետալուրգիայում, մեքենաշինության մեջ, էլեկտրոնային տեխնիկայում։ 1968 թվականին Մոսկվայի մետալուրգիական երեկոյան ինստիտուտում հիմնադրել է «կոմպոզիցիոն նյութերի եռակցում և ստացում» մասնագիտությամբ եռակցման պրոցեսների մետալուրգիայի ամբիոն (մինչև 1978 թվականը՝ ամբիոնի վարիչ)։ Աշխատությունները վերաբերում են տարասեռ նյութերի կոնտակտային փոխազդեցությանը, մետաղական համաձուլվածքներում ֆազային փոխակերպումներին և ջերմամեխանիկական ամրացմանը, պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիային։ Պ․ Պ․ Անոսովի (1966) և Ա․ Ա․ Բայկովի (1981) անվան մրցանակներ։ Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1980)։ Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 549)։