Jump to content

Մարինոս Քարամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինոս Քարամյան
Ծնվել է1894
ԾննդավայրՆորաշեն, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1983
Մահվան վայրԱրտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Լենինի շքանշան

Մարինոս Ասատուրի Քարամյան (Քյարամյան) (1894, Նորաշեն, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1983, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային խաղողագործ, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1894 թվականին Ռուսական կայսրության Երևանի նահանգի Նորաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի կազմում), աղքատ գյուղացու ընտանիքում[2]։

1910 թվականին ամուսնացել է Հայրապետ Սարգսի Քարամյանի հետ։ 1921 թվականին ամուսինները բոլշևիկների կողմից ակտիվ մասնակցություն են ունեցել փետրվարյան ապստամբությանը։ Մարինոս Քարամյանը եղել է Վեդիի մոտ գտնվող երրորդ գնդի ութերորդ պարտիզանական վաշտի չորրորդ դասակի կազմում։ Պարտիզան Քարամյանը մինչև ապստամբության ավարտը մշտապես գտնվել է ռազմաճակատում և զինվորներին ապահովել է զինամթերքով և սննդով[2]։

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Մարինոս Քարամյանը զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 1923 թվականին մասնակցել է Հայկական ԽՍՀ Սովետների III համագումարին[3]։ Գյուղատնտեսության կոլեկտիվացումից հետո՝ 1931 թվականից, Քարամյանն աշխատել է ՀԽՍՀ Արտաշատի շրջանի Գետազատի կոլտնտեսությունում (հետագայում կոչվել է Ստալինի անունով)։ Նշանակվել է կոլտնտեսության խաղողագործության օղակի օղակավար։ Հետևողականորեն իրականացնելով խաղողի մշակության ագրոտեխնիկական միջոցառումները՝ Քարամյանի ղեկավարությամբ օղակին հաջողվել է բարելավել հողագործության մշակույթը և հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները։ Ամեն տարի Քարամյանի օղակը խաղողի բարձր բերքատվություն է ապահովել։ 1939 և 1940 թվականներին եղել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու թեկնածու։ Մինչև 1948 թվականը օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործման և բույսերի սնուցման արդյունավետ կազմակերպման շնորհիվ Քարամյանի ղեկավարությամբ օղակը ստացել է խաղողի ռեկորդային բերք՝ 160 ցենտներ մեկ հեկտարից, 7,5 հեկտար ընդհանուր մակերեսով այգիներից[4]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով խաղողի բարձր բերքատվություն ապահովելու, կոլտնտեսության կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների պարտադիր առաքումներն ու պայմանագրերը կատարելու, ՄՏԿ-ի աշխատանքների դիմաց բնամթերային վճարումները ժամանակին կատարելու համար 1948 թվականին Մարինոս Ասատուրի Քարամյանը[Նշում 1] արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, նրան է հանձնվել Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[5]։

1950 թվականին Մարինոս Քարամյանին հաջողվել էր խաղողի ավելի բարձր բերք ստանալ՝ 200,5 ցենտներ մեկ հեկտարից, 3,5 հա ընդհանուր մակերեսով այգիներից, ինչի համար նրան շնորհվել է Լենինի երկրորդ շքանշանը[6]։ 1951 թվականին Քարամյանը թոշակի է անցել[4]։

Մարինոս Ասատուրի Քարամյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 3-րդ գումարման պատգամավոր[7]։

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» մեդալ) - խաղողի բարձր բերքատվություն ապահովելու, կոլտնտեսության կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների պարտադիր առաքումներն ու պայմանագրերը կատարելու, ՄՏԿ-ի աշխատանքների դիմաց բնամթերային վճարումները ժամանակին կատարելու համար[5],
  • Լենինի շքանշան (21.07.1950)[5][6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Саакян В. М., Геворкян В. А. Карамян Маринос Асатуровна // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 239—242. — 325 с.
  • Виноделие и виноградарство СССР : орган Главного управления винодельческой промышленности Министерства пищевой промышленности СССР. — 1950. — Т. 10. — № 12. — С. 11.
  1. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրում նշվում է «Քյարամյան» ազգանունը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]