Մարզական դպրոցներ
Մարզական դպրոց, մասնագիտացված ուսումնա-դասաիարակչական հիմնարկներ նախկին Խորհրդային Միությունում և հետխորհրդային պետություններում, որոնք կոչված են բարձր որակավորման մարզիկներ պատրաստելու։ ԽՍՀՄ-ում մարզական դպրոցները ստեղծվում էին լուսավորության ու հաղորդակցության ճանապարհների մինիստրությունների, արհմիությունների, ֆիզկուլտուրայի ու սպորտ կոմիտեների և այլ կազմակերպությունների համակարգում և լինում էին 3 տեսակի՝
- մանկապատանեկան մարզական դպրոցներ (ՄՊՄԴ),
- օլիմպիական ռեզերվի մասնագիտացված մարզական դպրոցներ,
- մարզական բարձրագույն վարպետության դպրոցներ (ՄԲՎԴ)։
Առաջին մանկական մարզական դպրոցը բացվել է 1934 թվականին, Մոսկվայում, 1940 թվականին ԽՍՀՄ-ում կար 262 ՄՊՄԴ, 1977 թվականին՝ ավելի քան 6000 մարզական դպրոցներ, այդ թվում՝ 5400 ՄՊՄԴ, 600 օլիմպիական ռեզերվների և 71 ՄԲՎԴ։
Հայաստանում գործում են պատանի մարմնամարզիկների, բռնցքամարտիկների, հնգամարտիկների, ֆուտբոլիստների, շախմատիստների, ըմբիշների, մարզական պարերի, գեղարվեստական մարմնամարզության, մարզական վարպետության բարձրացման դպրոցներ։ Երևանում կար նաև մարզական թեքումով միջնակարգ դպրոց (համար 10)։ Խորհրդային շժրջանի մարզիչ-մանկավարժներից միջազգային ճանաչում ունեին Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Իգոր Նովիկովը, Հենրիկ Գասպարյանը, Նորայր Մուշեղյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 311)։ |