Jump to content

Իգոր Նովիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Ալեքսանդրի Նովիկով
Դիմանկար
Ծնվել է19 հոկտեմբերի, 1929
ԾննդավայրԴրեզնա, Օրեխովո Զույևսկի շրջան,
Մոսկվայի մարզ
Մահացել է30 օգոստոսի, 2007
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽՍՀՄ→ՌԴ
Մասնագիտությունհնգամարտիկ և pentathlete
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԽՍՀՄ սպորտի վարպետ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Իգոր Նովիկով (հոկտեմբերի 19, 1929(1929-10-19)[1], Դրեզնա, Օրեխովո-Զուևսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 2007(2007-08-30), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957), ԽՍՀՄ (1968) և ՀԽՍՀ (1961) վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (1969)։ Օլիմպիական խաղերի կրկնակի (1956, 1964), աշխարհի թիմային հնգակի (1957-1959, 1961-1962) և անհատական առաջնության քառակի (1957, 1958, 1959, 1960) չեմպիոն։ ԽՍՀՄ քառակի (1953, 1956, 1959, 1964) չեմպիոն։ Մասնակցել է օլիմպիական չորս խաղերի (1952, 1956, 1960, 1964)։

Ժամանակակից հնգամարտի և երկամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ (1972-1988), իսկ 1988-1998 թվականներին՝ նախագահ։ 1977-1992 թվականներին ժամանակակից հնգամարտի ԽՍՀՄ ֆեդերացիայի նախագահ։ ՀԽՍՀ սպորտի կոմիտեի նախագահի տեղակալ (1966-1981)։ Իգոր Նովիկովը 1958 թվականից եղել է ՍՄԿԿ-ի անդամ, պարգևատրվել է Աշխատանքի կարմիր դրոշի, Աշխատանքային գործունեության շքանշաններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Ալեքսանդրի Նովիկովը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 19-ին Մոսկվայի մարզի Օրեխովո Զույևսկի շրջանի Դրեզնա քաղաքում։ 1934 թ. բնակություն է հաստատել Երևանում։ 1948 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, իսկ 1952 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Իգոր Նովիկովը հայտնի խորհրդային հնգամարտիկ է։ Նա կրկնակի օլիմպիական չեմպիոն է (1956 թ. և 1964 թ.), աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ-ի քառակի չեմպիոն, ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ (1957 թ.), ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչ (1968 թ.), ՀՍՀ-ի սպորտի և ֆիզկուլտուրայի վաստակավոր գործիչ (1969 թ.), ժամանակակից հնգամարիտի և բիաթլոնի միջազգային պրեզիդենտ(1988-1992 թթ.)։

1934 թ. Նովիկովների ընտանիքը բնակություն էր հաստատում Երևանում, որտեղ էլ Իգորը 10 տարեկանից սկսել էր զբաղվել լողով Դինամո մարզադպրոցում։

1951 թ. հաղթելով ԽՍՀՄ-ի բազմամարտի առաջնությունում՝ ընդգրկվում է ԽՍՀՄ-ի հնգամարտիկների հավաքական։ Հելսինկիի օլիմպիադայի ժամանակ ԽՍՀՄ-ի հավաքականը գրավում է 5-րդ տեղը, իսկ Իգոր Նովիկովը անհատապես գրավում է 4-րդ տեղը։ 1956 թվականի Մելբուրնի օլիմպիադայում ԽՍՀՄ-ի հավաքականի հետ դառնում է օլիմպիանական չեմպիոն։ 1957, 1958, 1959 և 1961 թվականներին դառնում է աշխարհի չեմպիոն՝ անհատական և թիմային կազմով։ 1964-ին Տոկիոյում Իգոր Նովիկովը դառնում է կրկնակի օլիմպիական չեմպիոն։

1965 թվականից Իգոր Նովիկովը ավարտում է իր սպորտային գործունեությունը և անցնում է մարզչական աշխատանքի։

Ցավոք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարեց գոյություն ունենալ ՊՀԴ-ն, և Նովիկովը ստիպված էր լքել Երևանը։ Նա 1993 թ. դեկտեմբերից բնակվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն 2007 թվականի օգոստոսի 30-ին։

Իգորը 5 տարեկան էր, երբ նրա ընտանիքը Ռուսաստանի Օրեխովո Զույևսկի մարզից տեղափոխվել է Երևան։ Նա մեծացել է սպորտային ընտանիքում։ Հայրը զբաղվել է ֆուտբոլով և հրաձգությամբ, ավագ եղբայրը եղել է բռնցքամարտի ծանրքաշայինների չեմպիոն Անդրկովկասի զինվորական շրջանում։ Ավագ քույրը խաղացել է վոլեյբոլ և զբաղվել լեռնագնացությամբ, իսկ փոքր քույրը եղել է Հայաստանի սպորտային մարմնամարզության բազմակի չեմպիոն, որդին Ալեքսանդրը եղել է սպորտի վարպետ, ԽՍՀՄ լողի հավաքական թիմի անդամ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Երևանում հիմնադրել և ղեկավարել է ժամանակակից հնգամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը (ՊՀԴ)։

70-ական թվականներին Երևանի պատանի հնգամարտիկների դպրոցը, ստեղծում է մարզական լողի իր մասնաճյուղը, որը զգալիորեն աջակցել է այս մարզաձևի զարգացմանը՝ պատրաստելով բարձրակարգ լողորդներ։ Այդ դպրոցում է աճել ԽՍՀՄ լողի հավաքական թիմի անդամ, սպորտի վարպետ Ալեքսանդր Նովիկովը։ Պատանի հնգամարտիկների մարզադպրոցի բազայի վրա ստեղծվել էր հանրապետական օլիմպիական կենտրոն, որտեղ կենտրոնացվել և մարզվել էին մեր հեռանկարային պատանի լողորդները։ Դպրոցի սան Ա.Կոբիլինը 1984 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։

ՊՀԴ-ի սաները այսօր էլ աշխարհի շատ երկրներում Իգոր Նովիկովի մեթոդներով մարզում և հաջողությունների են հասցնում շատ մարզիկների։

Նովիկովը ղեկավարել է ԽՍՀՄ-ի հնգամարտիկների երիտասարդական հավաքականը։ 1969-1984 թվականներին զբաղեցրել է ՀՍՀՄ-ի Հայսպորտպետկոմի փոխնախագահի պաշտոնը։ 1977-1991 թթ-ին եղել է ԽՍՀՄ-ի ժամանակակից հնգամարտի ֆեդերացիայի նախագահ, 1988-1992 թվականներին՝ ժամանակակից հնգամարտի և բիաթլոնի միջազգային միության նախագահ, իսկ 1993 թվականից նրա պատվավոր նախագահ։

Շնորհիվ Իգոր Նովիկովի միջազգային հեղինակության Երևանում կազմակերպվում էին ամենամյա միջազգային մրցույթներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • И. А. Новиков, Пять дней и вся жизнь, М., Молодая гвардия, Кн. 21, 1974։
  • И.А. Новиков, Тринадцать стартов, СПб., Золотое руно, 2004։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Новиков Игорь Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]