Jump to content

Ղրիմ գյուղի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրիմ գյուղի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվել էփետրվարի 16, 1980
Քարտեզ
Քարտեզ

Ղրիմ գյուղի թանգարան, պատմաազգագրական թանգարան Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Ղրիմ գյուղում։ Տեղակայված է Ղրիմի մշակույթի տանը։ 1987 թվականին թանգարանը ստացել է ժողովրդականի կարգավիճակ[1]։ Գյուղի թանգարանում կարող եք ծանոթանալ Անիի հայության ճյուղի պատմությանը, կյանքին և կենցաղին[2]։

Թանգարանի հասցեն է 344113, Ռոստովի մարզ, գյուղ Ղրիմ, Մյասնիկյան փողոց, Մշակույթի տուն։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մշակույթի ազգային թանգարանը գտնվում է Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Ղրիմ գյուղում։ Գյուղի ներկայիս հայերը Ղրիմից այստեղ տեղափոխված հայերի ժառանգներն են։

Տարբեր ժամանակներում Ղրիմի թերակղզին բնակեցված է եղել Մեծ Հայքից, Փոքր Ասիայից և Բուլղարիայից գաղթած հայերով։ Ապրելով այնտեղ վեց դար՝ Եկատերինա II-ի 1778 թվականի մարտի 9-ի հրամանագրով նրանք կամավոր վերաբնակեցվել են Ռոստովի մարզի տարածքում։ Դոնում հայկական գաղութը կազմավորվել է 1779 թվականին։ Ղրիմի քաղաքային բնակիչները տեղափոխվել են Նախիջևան քաղաք, իսկ գյուղական բնակչությունը՝ Չալթր, Տոպտի (Ղրիմ), Մեծ Սալա, Սուլթան Սալա և Նեսվիտա (Նեսվետայ) գյուղեր։ Ապրելով Ղրիմում՝ հայերը պահպանել են հայոց լեզվի բարբառը, ժողովրդական սովորույթները, ծեսերը, ժողովրդական կյանքի տարրերը։ Վերաբնակիչներին տրվել է դավանանքի ազատություն։ Նրանց թույլատրվել է կառուցել եկեղեցիներ ու զանգակատներ, կատարել եկեղեցական ծեսեր, ենթարկվել միայն Ամենայն Հայոց Հայրապետին՝ Էջմիածնի կաթողիկոսին։ Գյուղում 1980 թվականին ստեղծված Պատմաազգագրական թանգարանում հավաքվել են պատմական փաստաթղթեր, հայ մշակույթի և կենցաղի առարկաներ։ Թանգարանի առաջին վարիչն է եղել Հայկ Անդրիասի Պոպովյանը[3]։ Պոպովյանը երկար տարիներ աշխատել է տեղի դպրոցում, որտեղ ստեղծել է գյուղի պատմության անկյուն։ Սակայն ժամանակի ընթացքում այդ «փոքրիկ թանգարանը» դադարել է բավարարել գյուղացիների աճող հոգևոր կարիքները։ 1979 թվականին Լուկաշինի անվան կոլտնտեսության վարչությունը (ղեկ.՝ Գ. Ա. Սրապիոնյան) որոշել է կազմակերպել Ղրիմ գյուղի պատմության թանգարան և նրան տրամադրել տեղի մշակույթի տան տարածքի մի մասը։ Մշակույթի տան կողքին է գտնվել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Գյուղի մշակույթի տունն ունի 600 տեղանոց դահլիճ և գրադարան։ Թանգարանի ֆոնդերում հավաքվել է շուրջ 1340 ցուցանմուշներ, գրքեր և փաստաթղթեր։ Նյութերը ներկայացված են ժամանակագրական հաջորդականությամբ՝ գյուղի հիմնադրման օրվանից՝ 1779 թվականից մինչև մեր օրերը։ 1987 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախարարության հրամանով Ղրիմ գյուղի թանգարանին շնորհվել է «Ժողովրդական թանգարանի» կարգավիճակ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցանմուշները հավաքել են գյուղացիներն ու մարզի բնակիչները։ Խաչերես Գրիգորի Հայբարյանը պատրաստել է գյուղական դարբնոցի, գյուղացիական սայլի, Լուկաշինի տան մոդելները, Ս. Ա. Տիրացույանը թանգարանին է նվիրել հին կավե սափոր, Զ. Ա. Խաչիկյանը 19-րդ դարի ձեռքի զսպանակավոր կշեռք և այլն։ Թանգարանում ներկայացված են եզների համար նախատեսված փայտյա լուծ, մորթուց (չարոխ) կոշիկ, բրդյա գորգեր (խալիչա) և այլն։ Թանգարանում ներկայացված են նյութեր Ղրիմի հայտնի դինաստիաների ներկայացուցիչների՝ Չուբարովների ու Այդինովների, հայտնի մարզիկներ Յ. Վ. Յալտիրյանի, Կ. Մ. Թերմալայանի, Մ. Ա. Դերեմյանի և այլոց մասին։ Թանգարանային ցուցադրությունը ներկայացնում է Անիի հայության ճյուղի պատմությունն ու մշակույթը, որի ներկայացուցիչներն են Դոնի հայերը, բազմազգ Մյասնիկովսկի շրջանի պատմությունը։ Կան նաև 18-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի դեկորատիվ և կիրառական արվեստի առարկաներ։ Թանգարանում կան արժեքավոր պատմական լուսանկարներ, փաստաթղթեր և ձեռագրեր։ Թանգարանի նյութերը համակարգել են Ռոստովի երկրագիտական թանգարանի աշխատակից Նելլի Գրիգորիևնա Ֆրադկինան և նկարիչ Դավիթ Իսաակովիչ Կոբրինը։

Թանգարանը կապեր է պահպանում Ռոստովի երկրագիտական թանգարանի, Ռուս-հայկական բարեկամության «Սուրբ-Խաչ» թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի հետ։ 2005 թվականից թանգարանի վարիչն է եղել Ալվարդ Լուսեղենի Պոպովյանը[4]՝ ակտիվ կենսագործունեությամբ զբաղվող անձնավորություն, տեղացի պատմաբան, լրագրող։ 2005 թվականից թանգարանի հիմնական ֆոնդը եռապատկվել է, հավաքվել են հետաքրքիր ցուցանմուշներ, փաստաթղթեր և լուսանկարներ, ստեղծվել են նոր ստենդեր։

Թանգարանը յուրահատուկ է ոչ միայն իր մակետներով ու ցուցանմուշներով, այլ նաև նրանով, որ այստեղ, իրականացվում են ակտիվ որոնողական աշխատանքներ, գործում է «Որոնում» ակումբը։ Ակումբի շնորհիվ հայտնաբերվել են տասնյակ ղրիմցիների հուղարկավորությունների վայրեր, հարազատները կարողացել են տասնամյակներ անց այցելել հանգուցյալների շիրիմներին։ Առաջին հայտնաբերվածներից են եղել Դերեմյան Ասվատուր Կարապետովիչի, Անդոնյան Կապրել Ասվատուրովիչի, Բաբյան Սեմյոն Միխայլովիչի և շատ ուրիշների թաղման վայրերը։

Ամբողջ երկրից և նույնիսկ արտերկրից նամակներ են ուղարկվում Ղրիմի թանգարան՝ օգնության խնդրանքներով և հիշատակի և երախտագիտություն հայտնելու խնդրանքներով։ Թանգարանը սկսել է կոչվել զոհվածների սուրբ հիշատակի վայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 40 лет музею села Крым
  2. ПЕРЕСЕЛЕНИЕ АРМЯН С КРЫМА НА ДОН
  3. «Создатель музея донских армян». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  4. Прикоснись к прошлому․ В народном музее села Крым

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Додохян С. Двойной праздник / С. Додохян // Заря коммунизма. – 1985. – 28 февр. – С. 6.
  • Крымский музей – хранитель истории армянского народа // Наше время. – 1994. – 5 июня. – С. 2.
  • Присвоено звание народного: [Музею села Крым] // Заря коммунизма. – 1987. – 31 окт.
  • Саргсян О. Присвоено звание народный / О. Саргсян // Заря коммунизма. – 1987. – 30 окт. – С. 1.
  • Шагинян С. Сохранили самобытность нации: [О музее с. Крым] / С. Шагинян // Заря коммунизма. – 1989. – 30 сент. – С. 4.
  • Шагинян С. Хранитель истории / С. Шагинян // Заря коммунизма. – 1989. – 17 окт. – С. 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]