Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
France dinantien
Հերցինյան ծալքավորություն , վարիսցիյան ծալքավորություն , երկրակեղևի գեոսինկլինալային գոտիներում տեղի ունեցած ծռման ու ճմլման խոշոր դեֆորմացիաներ ու լեռնակազմության երևույթներ, որոնք արտահայտվել են վերին դևոնի , կարբոնի , պերմի և առանձին շրջաններում նաև տրիասի ընթացքում։ Հերցինյան ծալքավորության գոտիներ (հերցինիդներ ) են Ուրալը , Տյան Շանը , Ալթայը , Կունլունը , Մեծ Դոնբասը , տափաստանային Ղրիմը , Մեծ Կովկասի հյուսիսային լանջի արևմտյան մասը, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի լեռները, Հարավային Մոնղոլիան , Ապալաչները , Կանադական Արկտիկական կղզեխումբը , Մարոկկոյական Մեսետան , Ավստրալիական Ալպերը , մասամբ՝ Կորդիլիերաների , Անդերի , Տիրենյան , Բալկանյան ու Տավրոսի լեռների կենտրոնական մարզերը։ Հերցինյան գեոսինկլինալներն առաջացել են հիմնականում բայկալյան և էպիբայկալյան պլատֆորմների հիմքի վրա՝ օրդովիկի , սիլուրի և ստորին դևոնի ընթացքում։ Հերցինյան ծալքավորությունն ուղեկցվել է գրանիտոիդային ինտրուզիաներով , որոնց հետ կապված են գունավոր , հազվագյուտ և սև մետաղների բազմաթիվ խոշոր հանքավայրեր Եվրոպայում , Ասիայում , Ավստրալիայում ։ Հերցինիդների նախալեռնային ու միջլեռնային իջվածքներում հայտնի են խոշորագույն քարածխաին ավազաններ (Կուզնեցկի , Դոնբասի , Կենտրոնական Եվրոպայի ), քարաղի և կալիումական աղերի հանքավայրեր (Ուրալ )։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 384 )։