Jump to content

Հարմիկ (Հարություն) Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարմիկ (Հարություն) Դավթյան
Ծնվել էփետրվարի 21, 1924(1924-02-21)[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էնոյեմբերի 12, 2009(2009-11-12) (85 տարեկան)
ԿրթությունՀայկազյան դպրոց և Թեհրանի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Հարմիկ (Հարություն) Դավթյան (Դավիդյան, փետրվարի 21, 1924(1924-02-21)[1], Թեհրան, Իրան - նոյեմբերի 12, 2009(2009-11-12)), իրանահայ բժիշկ, գիտնական, հոգեբույժ, բժշկագիտության դոկտոր (1950), պրոֆեսոր, Իրանի ԲԳԱ անդամ, Իրանի ԳԱ պատվավոր անդամ (1998)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն (Հարմիկ) Դավթյանը ծնվել է 1924 թվականին Թեհրանում։ 1936 թվականին ավարտել է Թեհրանի «Հայկազեան» երկսեռ դպրոցը, 1942 թվականին՝ Թեհրանի ամերիկյան քոլեջը։ 1948 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1950 թվականին ստացել բժշկության դոկտորի աստիճան։ 1950-1987 թվականներին աշխատել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության բաժնում, որպես ասիստենտ, պոլիկլինիկայի վարիչ, պրոֆեսորի օգնական, պրոֆեսոր, բաժնի վարիչ։ Թեհրանի համալսարանի և Լոնդոնի հոգեբուժության ինստիտուտի կողմից ստացել է «մասնագետ հոգեբույժի» տիտղոս։ 1967-1972 թվականներին Թեհրանի համալսարանի առողջապահական ֆակուլտետում դասավանդել է մտային առողջապահություն, 1970-1974 թվականներին՝ նույն համալսարան բժշկական ֆակուլտետի վարչական խորհրդի անդամ, 1971-1975 թվականներին՝ գիտահետազոտական կոմիտեի անդամ։ 1979-1983 թվականներին աշխատել է Թեհրանի «Ռուզբեհ» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն, 1959-1973 թվականներին՝ Իրանի հոգեբուժական միության հիմնադիր-ատենադպիր, 1996 թվականից՝ Իրանի հոգեբուժական միության նախագահ։ 1988 թվականից եղել է Իրանի առողջապահության նախարարությանն առընթեր «Երկրի հոգեբուժական հոգեբանական կոմիտեի» նախագահ, 1970-1991 թվականներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության բաժնի փորձագետ[2]։ Դավթյանը եղել է Իրանի հայկական դպրոցների հոգաբարձության, Կենտրոնական հոգաբարձության (1970-1974), Թեհրանի Հայոց թեմի, Թեմական խորհրդի (1986-1988), Պատգամավորական ժողովի անդամ զբաղեցրել է նաև ատենապետի պաշտոնը (1984 թվականից)։ Հոգեբուժության բնագավառում մատուցած ծառայությունների և Ռուզբեհ հիվանդանոցի տնօրենի պաշտոնում կատարած անգնահատելի աշխատանքի համար նույն հիվանդանոցի գրադարանը կոչվել է Հարմիկ Դավթյանի անունով։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները վերաբերում են հոգեկան հիվանդությունների կլինիկական տարատեսակների ուսումնասիրությանը, հոգեբուժության և բժշկական այլ մասնագիտությունների միջև եղած կապին, Իրանի հոգեբուժության պատմության հարցերին։ Հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և մենագրությունների։

  • «Ընկճվածության ճանաչումը և բուժումը պարսկական մշակույթում» (Թեհրան, 2007 թվական)
  • «Իրանի հոգեբուժության պատմությունը» (Թեհրան, 2008 թվական)

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 թվականին ընտրվել է Իրանի Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ
  • 1971-1983 թվականներին եղել է Հոգեբույժների համաշխարհային ընկերության կոմիտեի անդամ
  • 1977-1985 թվականներին՝ էթիկայի հանձնաժողովի անդամ
  • 1989 թվականից՝ ռազմական հոգեբուժության բաժնի անդամ
  • 1970 թվականից եղել է Անգլիայի Թագավորական ընկերության բժշկական բաժնի անդամ
  • Անգլիայի Հոգեբույժների թագավորական քոլեջի 100 հիմնադիր անդամներից մեկը ընտրվելու առթիվ արժանացել է «Հոգեբույժների թագավորական քոլեջի գիտական ընկերության հիմնադիր անդամի» տիտղոսին
  • Մխիթար Հերացու շքանշան, 2006
  • Հայաստանի նախագահի պատվոգիր
  • Իրանի նախագահի պատվոգիր, 2002
  • Համբուրգում կայացած Հոգեբույժների միջազգային 11-րդ համագումարում Համաշխարհային հոգեբուժական ընկերության կողմից արժանացել է «Հոգեբուժության առաջնորդ» տիտղոսի, 1999

Մահացել է 2009 թվականի նոյեմբերի 12-ին՝ 86 տարեկան հասակում։

2012 թվականի հունիսի 29-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի հովանավորությամբ Թեհրանի սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում բացվել է Հարմիկ Դավթյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գագիկ Ստեփանյան)[3][4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1706
  2. «Հարություն Դավթյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Radio, IRIB Armenian. «Թեհրանում տեղի է ունեցել Դկտ. Հարմիկ Դավթյանի կիսանդրու բացման արարողությունը». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  4. «Հարմիկ (Հարություն) Դավթյանի կիսանդրին». ImYerevan.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)