Jump to content

Հայաստանի եվրոպական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Եվրոպական Կուսակցության զինանշանը (2022 թվականից)

Հայաստանի եվրոպական կուսակցություն (ՀԵՎԿ), Հայաստանում գործող քաղաքական կուսակցություն։

Համաձայն ծրագրի, կուսակցության նպատակն է նպաստել Հայաստանի՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետություն կայացմանը՝ այդ թվում Եվրոպական Միությանը և Հյուսիս-Ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կազմակերպությանը Հայաստանի անդամակցության միջոցով։ Ըստ ՀԵՎԿ-ի ծրագրի, Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին միջանկյալ նպատակ են ու միջոց ազգային և պետական գերխնդիրը լուծելու համար՝ անկախ ու ժողովրդավարական, հզոր ու բարգավաճ պետության կառուցումը[1]։

ՀԵՎԿ-ը գտնում է, որ «իրական ապասովետականացման և հասարակական ինքնամաքրման համար անհրաժեշտ է արևմտամետ քաղաքական ու հասարակական բևեռի ստեղծումն ու ժողովրդավարական ազատական գաղափարների տարածումը հանրության շրջանում»[1]։

Կուսակցությունն իր առաջնահերթ նպատակն է համարում ոչ այնքան երկրում իշխանության հասնելը, որքան Հայաստանում եվրոպական քաղաքակրթության արժեքների տարածումն ու հաստատումը, որոնք են՝ մարդու իրավունքներն ու ազգերի ինքնորոշումը, օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրավահավասարությունը, ժողովրդավարությունն ու ազատ ընտրությունները, սոցիալական արդարությունն ու անձի պաշտպանվածությունը, քաղաքական ու տնտեսական ազատություններն և ցանկացած խտրականության բացառումը։ Քանի որ նշված դրույթներն արտացոլված ու հռչակված են Հայաստանի Սահմանադրության մեջ, ուստի կուսակցության գործունեությունը, ըստ ծրագրի, նախևառաջ ուղղված է Հայաստանի Սահմանադրության լիարժեք կատարմանն ու իրագործմանը[1]։

ՀԵՎԿ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 6-ին[2], որտեղ ընդունվեց կուսակցության կանոնադրությունը, հաստատվեց ՀԵՎԿ կառուցվածքը և ընտրվեցին կուսակցության վարչության համանախագահները։

2019 թվականի դեկտեմբերի 6-ին կայացավ ՀԵՎԿ 2-րդ համագումարը, որն ընդունեց կուսակցության կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկները։ Համագումարում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Տիգրան Խզմալյանը և հաստատվեց կուսակցության վարչության կազմը։

2021 թվականի մայիսի 22-ին կայացավ ՀԵՎԿ 3-րդ համագումարը։ Համագումարում ՀԵՎԿ նախագահ վերընտրվեց Տիգրան Խզմալյանը, ինչպես նաև ընտրվեց կուսակցության վարչության նոր կազմ։ Համագումարը հաստատեց 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀԵՎԿ մասնակցության որոշումը եւ լիազորեց կուսակցության վարչությանը քաղխորհրդի քննարկմանը ներկայացնել ՀԵՎԿ ընտրական ցուցակի թեկնածուներին։

2022 թվականի նոյեմբերի 5-ին կայացավ ՀԵՎԿ 4-րդ համագումարը։ ՀԵՎԿ նախագահ վերընտրվեց Տիգրան Խզմալյանը։ Համագումարի որոշումով ընդլայնվեց ՀԵՎԿ վարչությունը, արտացոլելով անդամակցության աճը, այդ թվում ՀՀ շրջաններում եւ արտերկրում։ Համագումարը հաստատեց կուսակցության նախագահի հաշվետվությունը, կանոնադրության փոփոխությունները եւ վարչության նոր կազմը։

2024 թվականի մայիսի 25-ին կայացավ ՀԵՎԿ 5-րդ արտահերթ համագումարը։ Համագումարում լսվեց, քննարկվեց և հաստատվեց ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի զեկույցը՝ Հայաստանում քաղաքական ներկա իրավիճակի, երկրի արտաքին մարտահրավերների և կուսակցության ռազմավարության վերաբերյալ։ Համագումարը քննարկեց նաև կազմակերպչական հարցեր։

Ղեկավար կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տիգրան Խզմալյան, ՀԵՎԿ վարչության նախագահ
  • Ներսես Զեյնալվանդյան, ՀԵՎԿ վարչության փոխնախագահ
  • Աստղիկ Պողոսյան, ՀԵՎԿ քարտուղար
  • Արամ Գևորգյան, ՀԵՎԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]