Տերևաթափ թուփ է՝ 0,5-2 մ բարձրությամբ, հանգուցավոր, տարածված, ամուր, մերկ, դեղնասպիտակ, խիստ փշավոր ճյուղերով։ Փշերը ունեն 0,3-2 սմ երկարություն, բարակ են, առանց տերևների։ Տերևների ձևը խիստ բազմազան է։ Դրանք մեծ մասամբ գծանման են, 0,5-3,5 (երբեմն՝ 5) սմ երկարությամբ, 0,7-3 մմ լայնությամբ, կապտականաչ, մսալի, համարյա նստադիր։ Ծաղիկները միայնակ են կամ 2-3-ական հավաքված փնջերում։ Բաժակը նեղ զանգականման է, 2-3 անհավասար բլթակներով, հազվադեպ՝ անհավասար, 5 ատամնանի, 2,5-4,5 մմ երկարությամբ։ Պսակը 0,3-1,3 (երբեմն 1,5) սմ երկարություն ունի, ձագարաձև, սպիտակավուն խողովակով և երկարավուն, 5 (երբեմն՝ 4-6) կտրտված ծռվածքով։ Առէջները անհավասար երկարություն ունեն։ Հատապտուղն ունի 0,4-0,8 սմ տրամագիծ, բազմասերմ է, սև։ Սերմերը երիկամաձև են, անկյունավոր։ Ծաղկում է սեզոնում 2 անգամ՝ ապրիլին և հուլիսին։ Պտուղները հասունանում են հունիս-հոկտեմբեր ամիսներին։