Հազազ թուրքմենական
Հազազ թուրքմենական | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lycium turcomannicum
|
Հազազ թուրքմենական (լատին․՝ Lycium turcomannicum), մորմազգիների ընտանիքի, հազազ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5-2,5 մ բարձրությամբ, ամուր, հանգուցավոր ճյուղերով և ճիպոտանման, փշավոր ընձյուղներով։ Փշերը մանր են կամ խոշոր, 0,5-6 սմ երկարությամբ։ Դրանք մեծ մասամբ կրում են բողբոջներ, տերևներ և ծաղիկներ։ Տերևները երկարավուն, հակառակ նշտարաձև են, մեծ մասամբ տափակ գագաթով, 2-6 սմ երկարությամբ և 0,2-0,8 սմ լայնությամբ, կապտականաչավուն են, մսալի։ Ծաղիկները բաց մանուշակագույն են, հավաքված փնջերում, 2-6-ական հատ։ Հատապտուղը ձվաձև գնդաձև է, 0,4-0,8 սմ երկարությամբ, կարմիր։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են մայիս-հուլիսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Իրանում, Միջին Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Մեղրիում, որտեղ աճում է չոր, քարքարոտ լանջերում, ծ. մ.-ից 1 000 մ բարձրությունների վրա։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչքի է ընկնում երաշտադիմացկունությամբ, շոգադիմացկունությամբ, աղադիմացկունությամբ։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ցրտադիմացկուն է և լուսասեր։
Առատ արմատային մացառներ տալու շնորհիվ խորհուրդ է տրվում օգտագործել հակաէրոզիոն տնկարկներում։ Բազմանում է սերմերով, կտրոններով և արմատային մացառներով։ Կանաչապատման բնագավառում կարելի է օգտագործել չոր, քարքարոտ, անբերրի լանջերի ձևավորման, ինչպես նաև քարապարտեզներում, ալպինարիաներում մշակելու համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 303։