Հազազ թուրքմենական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հազազ թուրքմենական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խլածաղկավորներ
Ընտանիք Մորմազգիներ
Ցեղ Հազազ
Տեսակ Հազազ թուրքմենական
Լատիներեն անվանում
Lycium turcomannicum


Հազազ թուրքմենական (լատ.՝ Lycium turcomannicum), մորմազգիների ընտանիքի, հազազ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5-2,5 մ բարձրությամբ, ամուր, հանգուցավոր ճյուղերով և ճիպոտանման, փշավոր ընձյուղներով: Փշերը մանր են կամ խոշոր, 0,5-6 սմ երկարությամբ։ Դրանք մեծ մասամբ կրում են բողբոջներ, տերևներ և ծաղիկներ։ Տերևները երկարավուն, հակառակ նշտարաձև են, մեծ մասամբ տափակ գագաթով, 2-6 սմ երկարությամբ և 0,2-0,8 սմ լայնությամբ, կապտականաչավուն են, մսալի։ Ծաղիկները բաց մանուշակագույն են, հավաքված փնջերում, 2-6-ական հատ։ Հատապտուղը ձվաձև գնդաձև է, 0,4-0,8 սմ երկարությամբ, կարմիր։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են մայիս-հուլիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Իրանում, Միջին Ասիայում: Հայաստանի տարածքում հանդիպում է Մեղրիում, որտեղ աճում է չոր, քարքարոտ լանջերում, ծ. մ.-ից 1 000 մ բարձրությունների վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում երաշտադիմացկունությամբ, շոգադիմացկունությամբ, աղադիմացկունությամբ։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ցրտադիմացկուն է և լուսասեր։

Առատ արմատային մացառներ տալու շնորհիվ խորհուրդ է տրվում օգտագործել հակաէրոզիոն տնկարկներում։ Բազմանում է սերմերով, կտրոններով և արմատային մացառներով։ Կանաչապատման բնագավառում կարելի է օգտագործել չոր, քարքարոտ, անբերրի լանջերի ձևավորման, ինչպես նաև քարապարտեզներում, ալպինարիաներում մշակելու համար։[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 303։