Կատվալեզու
Կատվալեզու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Վերնատրիբա | Helianthodae |
Տրիբա | Coreopsideae |
Ցեղ | Կատվալեզու (Bidens) L., 1753 |
Կատվալեզու (լատին․՝ Bidens), բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 տեսակ։ Առավել տարածված է B. tripartita տեսակը, որը դեղաբույս է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կանաչ է կամ բաց կարմրավուն, ուղիղ, մերկ կամ նոսր թավիկներով։ Տերևները հակադիր են, կարճ կոթունով, եռամաս։ Ծաղիկները երկսեռ են, դեղին, հավաքված զամբյուղ ծաղկաբույլում։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ջրառատ վայրերում, ճահճուտներում, խոնավ մարգագետիններում։ Հայաստանում տարածված է Մարտունու շրջանում, Սևանի ավազանում, Գորիսի, Կապանի անտառային գոտում։ Պարունակում է եթերային յուղեր, լորձ, դաբաղանյութեր, սոսնձանյութ և այլն։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղագործության համար պիտանի են բույսի վերգետնյա մասերը, որոնք պետք է հավաքել մինչև ծաղկելը կամ ծաղկման շրջանում։
Բուժիչ նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկության մեջ օգտագործում են կատվալեզվի վերին ծաղկող գագաթները։
Բույսի մեջ կան ֆլավոնոիդներ, կումարիններ, եթերայուղ, ասկորբինաթթու, կարոտին, լորձ, մանգանի, երկաթի, քրոմի, պղնձի աղեր, դաբաղանյութեր, մեծ քանակով պոլիֆենոլներ, պարունակության, որոնք ունեն հականեխիչ ազդեցություններ։
Կատվալեզվի եփուկները և թուրմերն ունեն հակաբորբոքային, հանգստացնող, հակամանրէային ազդեցություն։
Օգտագործում են դիաթեզի, պզուկների, հոդատապի, հոդաբորբի բուժման ժամանակ։ Յոդային դեղամզվածքները խորհուրդ են տրվում դժվար ապաքինվող վերքերի բուժման ժամանակ՝ որպես հյուսվածքների վերականգմանը նպաստող միջոց։
Հազվադեպ կատվալեզվի պատրաստուկները խմում են որպես միզամուղ, քրտնաբեր և մարսողությունը կանոնավորող միջոց։ Իջեցնում է արյան ճնշումը և ցուցաբերում թեթև հանգստացնող ազդեցություն։
Ջրային լոգանքները նշանակում են նաև ճարպահոսության ժամանակ։ Թարմ ծեծած տերևները և տերևների փոշին դնում են թարախային վերքերի և խոցերի վրա։ Արմատների եփուկն օգտագործում են որպես հակաթույն մեղուների, իշամեղուների և այլ միջատների խայթոցի դեպքում։ Ախորժակի բացակայության, վատ մարսողության, լյարդի հիվանդությունների, մրսածության, շաքարային դիաբետի ժամանակ ևս խորհուրդ են տալիս կատվալեզվից պատրաստած եփուկներ և թուրմեր։
Բույսի գագաթները կտրում են կոկոնման և ծաղկման սկզբնական շրջանում՝ մինչև 15 սմ երկարությամբ։ Չորացնում են բարակ շերտով, լավ օդափոխվող և արևից պաշտպանված տեղերում[1]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատվալեզվի դասը ընդգրկում է 247 տեսակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվալեզու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվալեզու» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 290)։ |