Կանացի պահպանակ
Կանացի պահպանակ | |
---|---|
Պոլիուրետանային կանացի պահպանակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Բեղմնականխման ձևը/տեսակը | Պատնեշային |
Մարդկությանը հայտնի է | 1980-ականներից |
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում) | |
Ճիշտ կիրառման դեպքում | 5%[1] |
Տիպական կիրառման դեպքում | 21%[1] |
Կիրառում | |
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում) | դարձելի |
Հուշում | Ուշադրությամբ կարդալ կիրառման կանոնները |
Առավելություններ և թերություններ | |
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանություն | Այո |
Քաշ | Ոչ |
Առավելություններ | Չի պահանջում արտաքին օգտագործման դեղորայքի կիրառում կամ այցելություն՝ բժշկին |
Կանացի պահպանակ (ֆեմիդոմ), սեռական հարաբերությունների ընթացքում կիրառվող պատնեշային բեղմնականխման միջոց՝ նախատեսված սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վտանգը նվազեցնելու (սուսանակ, սիֆիլիս և ՄԻԱՎ, թեպետ սեռավարակներից պաշտպանելու իր հատկությամբ այն չի գերազանցում տղամարդու պահպանակներին)[2] և անցանկալի հղիությունից խուսափելու համար։ Կանացի պահպանակը ստեղծվել է դանիացի բժիշկ Լասե Հեսըլի կողմից։ Այն կրում են կանայք՝ ներքին սեռական օրգաններում։ Պահպանակը ֆիզիկապես կանխում է ժայթքած սերմնահեղուկի կամ տղամարդու օրգանիզմում արտադրված այլ հեղուկների ներթափանցումը կնոջ օրգանիզմ։ Կանացի պահպանակները կարող են նաև օգտագործվել զուգընկերոջ կողմից՝ սրբանային սեռական հարաբերության ընթացքում[3]։
Կանացի պահպանակը բարակ, նուրբ, մարմնի մասերն ազատորեն գրկող շապիկ է՝ յուրաքանչյուր ծայրին մեկական ճկվող օղակով։ Սովորաբար դրանք լինում են տարբեր չափերի։ Միջին չափի պահպանակները հիմնականում հարմար են գրեթե բոլոր կանանց համար։ Նրանք, ովքեր նոր են ծննդաբերել, սկզբում պետք է փորձեն օգտագործել մեծ չափի պահպանակ։ Շապիկի փակ կողմում գտնվող օղակը նախատեսված է պահպանակը հեշտոցի մեջ տեղադրելու և սեռական հարաբերությունների ընթացքում այն տեղում պահելու համար։ Պահպանակի բաց ծայրի օղակը, որի վրա փաթաթվում է շապիկը, մնում է կնոջ արտաքին սեռական օրգաններից դուրս և ծածկում դրանց մի հատվածը։
Տեսակները և նյութերը
[խմբագրել | խմբագրել կոդը]«FC 1» կանացի պահպանակը սկզբում պատրաստվում էր պոլիուրետանից։ Երկրորդ սերնդի կանացի պահպանակը՝ «FC2»-ը պատրաստվում է սինթետիկ նիտրիլից[4]։ Վերջինիս ստեղծումը նպատակ ուներ փոխարինել «FC 1»-ը՝ ապահովելով նույն անվտանգությունն ու կիրառման արդյունավետությունը, սակայն ավելի ցածր գնով։ Կանացի պահպանակները վաճառվում են տարբեր ապրանքային անվանումներով, օրինակ՝ «Reality», «Femidom», «Dominique», «Femy», «Myfemy», «Protectiv» և «Care»:
Կանացի պահպանակի ժամանակակից տեսակներից վերջինը պատրաստվում է բնական լատեքսից, որն օգտագործվում է նաև տղամարդկանց պահպանակները պատրաստելիս։ Ի տարբերություն պլաստիկ պահպանակների՝ այս պահպանակն օգտագործելու ընթացքում կողմնակի ձայներ չեն լսվում։ Կանացի պահպանակի այս տեսակն արտադրվում է հնդկական «Մեդթեք Փրոդաքթս» կազմակերպության կողմից։ Դրանք վաճառվում են տարբեր ապրանքային անվանումներով՝ «Reddy», «V Amour», «L'amour», «VA WOW Feminine condom» և «Sutra»:
Արտադրող ընկերությունները և արտադրանքի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]«FC2»
[խմբագրել | խմբագրել կոդը]«FC2» կանացի պահպանակը նիտրիլից պատրաստված 17 սմ երկարություն ունեցող շապիկ կամ պարկ է։ Երկու ծայրերում տեղադրված են մեկական ճկուն օղակներ։ Շապիկի փակ կողմում գտնվող օղակը նախատեսված է պահպանակը հեշտոցի մեջ տեղադրելու և սեռական հարաբերությունների ընթացքում այն տեղում պահելու համար։ Պահպանակի բաց ծայրի օղակը մնում է կնոջ արտաքին սեռական օրգաններից դուրս՝ հեշտոցի բացվածքի առջև։ Այս օղակը ուղղորդում է առնանդամի մուտքը հեշտոց և թույլ չի տալիս, որպեսզի պահպանակը տեղաշարժվի սեռական հարաբերության ընթացքում։ Պահպանակի ներքին մակերևույթը պատվում է սիլիկոնային հիմքով քսուքով։ Օգտագործման ընթացքում կարելի է ավելացնել լրացուցիչ քսուք։ Պահպանակը չի պարունակում սերմնասպաններ։
«FC» կանացի պահպանակի նախնական տարբերակը պատրաստվում էր պոլիուրետանից, սակայն քանի որ այն համեմատաբար թանկ նյութ է, կանացի պահպանակ արտադրողները մշակեցին դրա «FC2» տարբերակը՝ ավելի էժան նիտրիլային նյութից։ «FC2»-ի լայնածավալ արտադրությունը մեկնարկեց 2007 թվականին, այնուամենայնիվ առաջին տարբերակի՝ «FC» պահպանակի արտադրությունը չի դադարեցվել։
«FC2» պահպանակը տեղադրելու համար անհրաժեշտ է՝
- փակ ծայրի արտաքին մասը պատել քսուքով
- հարմար դիրք ընդունել (մի ոտքով կանգնել աթոռի վրա, նստել աթոռի եզրին, պառկել կամ կռանալ)
- երկու կողմից սեղմել փակ ծայրում գտնվող օղակը և ներմուծել այն հեշտոց, ինչպես խծուխի (տամպոնի) տեղադրման դեպքում
- փակ ծայրի օղակը հրել որքան հնարավոր է խորը՝ մինչև այն կհասնի արգանդի վզիկին
- հանել մատը պահպանակի միջից և թողնել դրա դրսի օղակը հեշտոցից դուրս՝ շուրջ 2-3 սմ
Հեշտոցային սեռական հարաբերությունների դեպքում ընդունելի է, որ կանացի պահպանակը տեղաշարժվի այս ու այն կողմ։ Անհրաժեշտ է դադարեցնել սեռական ակտն այն դեպքերում, երբ առնանդամը սկսել է սահել պահպանակի արտաքին մակերևույթի և հեշտոցի պատերի միջև կամ պահպանակի արտաքին օղը հայտնվել է հեշտոցի մեջ։ Որոշ օգտագործողներ կիրառում են «FC2» պահպանակը սրբանային սեռական հարաբերությունների դեպքում, մինչդեռ դրանք չեն փորձարկվել կամ չեն ստացել ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների նկատմամբ վերահսկողության վարչության հավանությունը՝ նման չնախատեսված եղանակով օգտագործելու համար։
«FC2» պահպանակը հեռացնելու համար անհրաժեշտ է՝
- սեղմել և պտտել պահպանակի դրսի օղը՝ սպերման շապիկի ներսում պահելու նպատակով
- զգուշորեն այն հանել հեշտոցից կամ հետանցքից
- նետել աղբամանը. չնետե՛լ զուգարանակոնքի մեջ
Խորհուրդ չի տրվում նորից կիրառել օգտագործված «FC2» պահպանակը։
Արժեքը և մեկից ավելի կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանացի մեկ պահպանակի արժեքն ավելի բարձր է, քան տղամարդունը, սակայն կան որոշ փաստեր, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել, որ պոլիուրետանից պատրաստված կանացի պահպանակները կարելի է լվանալ, վարակազերծել և կրկին օգտագործել։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ «FC2» կանացի պահպանակների կիրառումը ծախսարդյունավետ մեթոդ է ՄԻԱՎ-ից պաշտպանվելու համար, անգամ այն դեպքում, երբ դրանց օգտագործման տարածվածությունը մեծ չէ։ Ինչպես բոլոր պատնեշային բեղմնականխման միջոցների դեպքում, կանացի պահպանակների անվտանգության համար անհրաժեշտ է կիրառել ջրային կամ սիլիկոնային հիմքով քսուքներ։ Լատեքսից պատրաստված կանացի պահպանակների հետ չպետք է օգտագործվեն յուղեր։
«FC2» կանացի պահպանակներն արտադրվում են նախապես սերմնասպան չպարունակող, սիլիկոնային հիմքով քսուքներով պատված։ Նիտրիլից պատրաստված «FC2» պահպանակների դեպքում կարող են կիրառվել յուղային կամ ջրային հիմքով քսուքներ՝ պահպանակի մեջ լցնելու, արտաքին մակերևույթը կամ առնանդամը պատելու նպատակով։
Արդյունավետությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանացի պահպանակի ճիշտ կիրառման դեպքում ձախողման ցուցանիշը 5% է։ Անհետևողական կամ ոչ ճիշտ կիրառման դեպքերում գրանցվել է 21% ձախողման ցուցանիշ[5]։
Բեղմնականխման այլ մեթոդների հետ համեմատ կանացի պահպանակներն ունեն որոշ առավելություններ, մասնավորապես[6]՝
- թույլ են տալիս կանանց կիսել ՍՃՓՎ փոխանցումը կանխելու պատասխանատվությունը
- հեշտ հասանելի են՝ բժշկի խորհրդատվություն պահանջող այլ մեթոդների համեմատ
- կարելի է ձեռք բերել դեղատներից և որոշ խանութներից
- անվտանգ են լատեքսից ալերգիա ունեցողների համար
- ի տարբերություն լատեքսային պահպանակների՝ կարող են օգտագործվել ինչպես ջրային, այնպես էլ յուղային հիմքով քսուքների հետ
- չեն ազդում կնոջ հորմոնների բնական մակարդակի վրա
- կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի
- կարող են դրական ազդեցություն ունենալ սեռական հարաբերությունների և զգացողությունների վրա. պահպանակի արտաքին օղակը կարող է խթանել ծլիկը կամ առնանդամը հեշտոցային սեռական հարաբերության ընթացքում
- կախված չեն տղամարդու առնանդամի պնդությունից, որպեսզի մնան տեղադրված դիրքում
Թերությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանացի պահպանակների թերություններից են[7]՝
- կարող են գրգռել զուգընկերների սեռական օրգանները, այդ թվում՝ հեշտոցը, կնոջ արտաքին սեռական օրգանները, առնանդամը, հետանցքը
- Դրանք կարող են սահել հեշտոցի կամ սրբանի մեջ՝ հեշտոցային կամ սրբանային սեռական հարաբերությունների ընթացքում
Առավելությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]«FC2» կանացի պահպանակները կանանց տալիս են հնարավորություն ընտրելու և հետևելու իրենց սեռական առողջությանը։ Կանայք կարող են պաշտպանել իրենց, երբ նրանց զուգընկերը չի ցանկանում կիրառել տղամարդու պահպանակ։ Կանացի պահպանակները կարող են ապահովել տղամարդու համար ավելի բարձր զգայունություն, քան տղամարդու պահպանակը[8][9], «FC2»-ը հակաալերգիկ է և կարող է անվտանգ կիրառվել այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ալերգիա լատեքսի նկատմամբ, «FC2»-ը կարող է ներդրվել սեռական հարաբերությունից ժամեր առաջ, կանացի պահպանակի կիրառումը կախված չէ առնանդամի պնդացած լինելուց և չի պահանջվում հեռացնել այն անմիջապես սերմնաժայթքումից հետո, «FC2»- պիրկ չի գրկում կամ ձգում օրգանները, «FC2» լավ քսուքապատված է, իսկ նյութը տաքանում է մինչև մարմնի ջերմաստիճանը[10]։
Պահպանակը կրողի արտաքին սեռական օրգանները և զուգընկերոջ առնանդամի հիմնային մասը կարող է ավելի պաշտպանված լինել (մաշկի հետ շփման միջոցով փոխանցվող ՍՃՓՎ-ների, օրինակ՝ հերպեսի կամ մարդու պապիլոմավիրուսի դեպքերում` ի տարբերություն տղամարդու պահպանակի կիրառման։ Մինչդեռ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ զարգացող աշխարհում 2005 թվականին 12 միլիոն կանացի պահպանակ է տրամադրվել կանանց, այն դեպքում, երբ նույն տարում բաժանվել է 6-9 միլիարդ տղամարդու պահպանակ։ Կանացի պահպանակների միջին գինը 2-4 ամերիկյան դոլար է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734.
{{cite book}}
:|editor6-first=
has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2017-02-15 Wayback Machine - ↑ Female condoms
- ↑ «How to Put on a Female Condom (For Anal Sex)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Product». Femalehealth.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Female Condoms». Planned Parenthood. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «What Are the Benefits of Female Condoms?». Planned Parenthood. Արխիվացված է օրիգինալից 2013-06-11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «What Are the Disadvantages of Female Condoms?». Planned Parenthood. Արխիվացված է օրիգինալից 2013-06-11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Understanding The Finer Nuances Of The Female Condom». Women's Health Line. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Dawn Stacey, M.Ed, LMHC (2009). «Fc Female Condom». About.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «The Product». FC & FC2 Female Condom. Female Health Company. 2005. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանացի պահպանակ կատեգորիայում։ |