Կախարդական սեղանը, ոսկի էշն ու պարկի միջի մահակը
Կախարդական սեղանը, ոսկի էշն ու պարկի միջի մահակը գերմ.՝ Tischchen deck dich, Goldesel und Knüppel aus dem Sack | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 1812 |
The Wishing-Table, the Gold-Ass, and the Cudgel in the Sack |
«Կախարդական սեղանը, ոսկի էշն ու պարկի միջի մահակը» (գերմ.՝ Tischchen deck dich, Goldesel und Knüppel aus dem Sack), Գրիմ եղբայրների հեքիաթը երեք եղբայրների արկածների մասին, որոնք ունեին կախարդական երեք իր[1]։ Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուում կրում է 36 համարը, իսկ հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի դասակարգման համակարգում ներկայացված է 212, 2015, 563 համարների ներքո՝ «Երեք կախարդական նվերներ»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերձակն ուներ երեք որդի և մեկ կթի այծ։ Որդիները հերթով այծին արոտի էին տանում։ Երբ մեծ տղան երեկոյան՝ այծին արածեցնելուց հետո, նրան հարցնում է. «Կո՞ւշտ է արդյոք իմ այծիկը», ստանում է այսպիսի պատասխան.
«Կուշտ եմ էնպես,
Ասես կերել եմ մի ամբողջ դեզ։
Մեեե՜:»
Բայց երբ տանն այծին նույն բանը հարցնում է հայրը, որպես պատասխան լսում է.
«Ոստոստել եմ ամբողջ օրը,
Թռել ներքև ու վերև,
Չեմ հասցրել ուտել նույնիսկ
Չոր ու դեղնած մի տերև։
Մեեե՜...»
Զայրացած դերձակը արշինով ծեծում է մեծ որդուն և վռնդում տնից։ Նույն պատմությունը կրկնվում է մյուս որդիների հետ։ Վերջապես, երբ այծի խաբեությունը բացահայտվում է, դերձակը սափրում է այծի գլուխն ու մտրակելով դուրս անում։
Այդ ժամանակ դերձակի որդիները տնից հեռու արհեստ են սովորում։ Մեծը դառնում է ատաղձագործ, միջնեկը՝ ջրաղացպան, իսկ փոքրը՝ խառատ։ Սովորելուց հետո մեծ տղան մի աներևակայելի սեղան է նվեր ստանում, որին անհրաժեշտ էր միայն ասել. «Սեղա՛ն, բացվի՛ր», և այն ծածկվում էր փոքրիկ ճերմակ սփռոցով, լցվում բազմաթիվ համեղ ուտելիքներով։ Միջնեկ տղան ստանում է իշուկ։ Բավական էր ասել «Բրիկլեբրի՛տ», և կենդանու բերանից ու ետևից ոսկի էր թափվում։ Իսկ փոքր տղային վարպետը մի պարկ է նվիրում, որի մեջ մահակ կար։ Տիրոջ «Մահա՛կ, դո՛ւրս արի» հրամանով մահակն անմիջապես դուրս էր թռչում ու հարձակվում անհանգստացնողի վրա։ Բոլոր երեք որդիները ներում են հորն ու հերթով տուն վերադառնում։ Մեծ ու միջնեկ տղաները հայրական տուն վերադառնալու ճանապարհին կանգ են առնում իջևանատանը, որի տերը, իմանալով սեղանի ու էշի կախարդական հատկությունների մասին, դրանք գաղտնի փոխում է։ Տղաները կեղծիքը նկատում են միայն այն ժամանակ, երբ հավաքում են բոլոր բարեկամներին, որպեսզի ցուցադրեն իրենց նվերների կախարդական հատկությունները։ Սակայն ոչինչ չի ստացվում, և տղաները, ինչպես և հայրը, ստիպված են լինում զբաղվել իրենց արհեստներով։
Փոքր եղբայրն աշակերտում է մի խառատի։ Նա մյուսներից ավելի երկար է սովորում, քանի որ դա նուրբ արհեստ է։ Եղբայրները նամակով նրան հայտնում են իջևանատիրոջ խարդախության մասին։ Երբ գալիս է տուն վերադառնալու օրը, նա կանգ է առնում նույն իջևանատանը։ Ի միջի այլոց ակնարկելով, որ իր պարկի պարունակությունը ոչ մի դեպքում չի համեմատվի մյուս նվերների հետ՝ փոքր տղան քնած է ձևանում։ Հենց որ իջևանատերը, հին սովորության համաձայն, փորձում է նենգափոխություն անել, փոքր տղան մահակին հրաման է տալիս և ծեծի միջոցով իջևանատիրոջն ստիպում վերադարձնել գողացված սեղանն ու էշը։ Դրանից հետո նա հաղթանակած վերադառնում է տուն և հարազատներին առատ նվերներ տալիս։
Այս պատմության մեղավորը՝ այծը, ամաչելով իր սափրած գլխից, թաքնվում է աղվեսի բնում։ Աղվեսը, իր բույնը վերադառնալով, վախենում է նրա փայլփլուն աչքերից։ Իր բույնն է տանում արջին, որը նույնպես վախենում է։ Արջն իր ապրումների մասին կիսվում է մեղվի հետ, որն էլ խայթում է այծի ճաղատ գլուխը։ Այծը դուրս է թռչում ու փախչում. «էդ օրվանից հետո ոչ ոք նրան էլ չի տեսել»։
Աղբյուրներ և սյուժեի վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններում Գրիմ եղբայրները նշել են, որ հեքիաթն սկիզբ է առնում Հեսսենից (գրի է առել Ժանետ Գասսենպֆլյուգը)։ Հեքիաթի մյուս տարբերակը, որ 1811 թվականին գրի է առել Դորոտեի Վիլդը (երկրորդ հրատարակությունից միայն ծանոթագրություններն են պահպանվել), սկսվում է նրանով, որ հայրը որդիներին հերթով ուղարկում է աշխարհով մեկ թափառելու՝ նրանցից յուրաքանչյուրին տալով մեկ նրբաբլիթ և մեկ գրոշ։ Երկու եղբայրներն իջևանատանը գայթակղվում են հարուստ տիրոջ երգով ու պարային երաժշտությամբ։ Կախարդական սեղանն ու իշուկը փոխանակվում են։ Եվ միայն փոքր որդու ականջները խցանված են լինում բամբակով, այդ պատճառով էլ երաժշտությունը ոչ մի կերպ նրա վրա չի ազդում։ Կախարդական մահակի օգնությամբ նա վերադարձնում է եղբայրների իրերը։ Արդյունքում նրանց հայրը շատ ուրախանում է, որ երեք գրոշ նրանց վրա անտեղի չի ծախսել։
Հեքիաթի նախատիպը Ջամբատիստա Բազիլեի «Պենտամերոն» հեքիաթների ժողովածուի «Հեքիաթ մարդակերի մասին» (I, 1) գրական սյուժեն է։
Մշակութային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայում հեքիաթը հայտնի է նաև որպես «Սեղա՛ն, բացվի՛ր» (գերմ.՝ Tischlein, deck dich!) կրճատված և մի փոքր փոփոխված վերնագրով։ Այդ վերնագիրն այդպիսի տեսքով օգտագործվել է սննդամթերքի առաքման ծառայություններ մատուցող, հասարակական սննդի կետերի և սեղանների ձևավորման ընկերությունների անուններում։ Հեքիաթը հայտնի է նաև իր այնպիսի քաղվածքներով, ինչպիսիք են. «Ես հիմա այնքան կուշտ եմ, որ չեմ կարող ուտել ոչ մի տերև» (գերմ.՝ «Ich bin so satt, ich mag kein Blatt»):
Գերմանացի քաղաքական գործիչ Իրինգ Ֆետչերը հեքիաթի կախարդական երեք իրերը հեգնաբար մեկնաբանել է որպես գործընկեր մարքսիստների տեսակետները ավատատիրության, կապիտալիզմի և հեղափոխական ժողովրդական պատերազմի մասին կամ որպես բուրժուական հեղափոխության տեխնոլոգիական, տնտեսական և քաղաքական ասպեկտներ[2]։
«Ոսկի էշ» (գերմ.՝ Goldesel) տերմինը փոխաբերական իմաստով օգտագործվում է այն ընթացակարգերի համար, որոնք հանգեցնում են տնտեսական մեծագույն հետևանքների, այն համեմատվում է անգլերեն «cash cow» արտահայտության հետ։ «Նրա տանը ոսկի էշ է ապրում» (գերմ.՝ Der hat einen Goldesel daheim) արտահայտությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք փողը ծախսում են «երկու ձեռքով»։
Հեքիաթը Գերմանիայում բազմիցս էկրանավորվել է ինչպես գեղարվեստական ֆիլմերի, այնպես էլ մուլտֆիլմերի ժանրում (1921, 1938, 1956, 1970, 2004, 2006, 2008 թվականներին)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելագերմանական նամականիշների շարք (1966)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրիմ եղբայրներ, Հեքիաթներ, Երևան, 2007։
- ↑ (գերմ.) Iring Fetscher: Wer hat Dornröschen wachgeküßt? Das Märchen-Verwirrbuch. Hamburg und Düsseldorf 1974. Claassen Verlag. S. 66-69. ISBN 3-596-21446-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (գերմ.) Grimm, Brüder: Kinder- und Hausmärchen. Vollständige Ausgabe. Mit 184 Illustrationen zeitgenössischer Künstler und einem Nachwort von Heinz Rölleke. S. 215—228. Düsseldorf und Zürich, 19. Auflage 1999. (Artemis & Winkler Verlag; Patmos Verlag; ISBN 3-538-06943-3)
- (գերմ.) Grimm, Brüder: Kinder- und Hausmärchen. Ausgabe letzter Hand mit den Originalanmerkungen der Brüder Grimm. Mit einem Anhang sämtlicher, nicht in allen Auflagen veröffentlichter Märchen und Herkunftsnachweisen herausgegeben von Heinz Rölleke. Band 3: Originalanmerkungen, Herkunftsnachweise, Nachwort. Durchgesehene und bibliographisch ergänzte Ausgabe, Stuttgart 1994. S. 77-78, S. 457. (Reclam-Verlag; ISBN 3-15-003193-1)
- (գերմ.) Hans-Jörg Uther: Handbuch zu den Kinder- und Hausmärchen der Brüder Grimm. Berlin 2008. S. 88-92. (de Gruyter; ISBN 978-3-11-019441-8)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կախարդական սեղանը, ոսկի էշն ու պարկի միջի մահակը» հոդվածին։ |
|