Jump to content

Խուրս Արշամունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուրս Արշամունի
 
Ծննդյան օր 5-րդ դար
Ծննդավայր Շիրմաց, Աշմունիք, Տուրուբերան, Հայկական մարզպանություն
Դինաստիա Արշամունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն

Խուրս Արշամունի (5-րդ դար, Շիրմաց, Աշմունիք, Տուրուբերան, Հայկական մարզպանություն), հայ իշխան, Արշամունիների նախարարական տոհմից[1][2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուրս Արշամունին Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Արշամունիք գավառի Շիրմաց գյուղից էր։ Մայրը՝ Շիրակի իշխան Ներսեհ Կամսարականի դայակն է եղել։ Վահանանց պատերազմում եղել է Վահան Մամիկոնյանի գործակիցներից մեկը։ Մասնակցել է 483 թվականին, Կարնո գավառի Արծաթ գյուղի մոտ՝ Ներսեհ Կամսարականի և Մուշեղ Մամիկոնյանի փոքրիկ զորաջոկատի ու պարսիկների միջև տեղի ունեցած Արծաթի ճակատամարտին[1][2][3]։

Արծաթի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահանանց պատերազմի ժամանակ պարսիկները ամեն գնով փորձում էին որսալ և սպանել ապստամբության ղեկավար Վահան Մամիկոնյանին, բայց չէին կարողանում հարմար պահը գտել։ Վահան Մամիկոնյանը ամեն օր իր զորքով հանգիստ չէր տալիս պարսկական բանակին։ Ամեն գիշեր նետաձգությամբ կոտորում էր նրանց[2][3]։

Հայոց զորավար Վահան Մամիկոնյանին որոշ ժամանակ կորցրած լինելով, Մուշեղ Մամիկոնյանը և Շիրակի իշխան Ներսեհ Կամսարականը Կարնո ծովակի հյուսիսից փոքրիկ զորաջոկատով մոտենում են Կարնո գավառի Արծաթ գյուղին։ Հասնելով գյուղի մոտ գտնվող մի հեղեղատի, պատրաստվում են հեղեղատի եզրին մի փոքր հանգստանալ։ Նրանց հետապնդող պարսիկները տեսնելով, որ չկարողացան նրանց հասնել, մտադրվում են հեղեղատի շրջակայքում արտեր հնձող մշակներին սպանել[2][3]։

Խուրս Արշամունին տեսնում մի պարսիկ զինվորի, որը ցանկանում էր մի կարնեցի մշակի սպանել, իսկ մշակը պտտվելով մի բարդու շուրջը, փախչում էր նրանից։ Տեսնելով այդ, զայրացած Մուշեղ Մամիկոնյանի և Ներսեհ Կամսարականի վրա, աներկյուղ ասում է նրանց. «Չէ՞ որ ուրիշները ևս, եթե պարսիկներից են սպանվում, վրեժխնդիր Աստված մեզանից կպահանջի»։ Ապա հարձակվելով այն պարսիկի վրա, սպանում է նրան ու ազատում կարնեցուն։ Մուշեղ Մամիկոնյանը ու Ներսեհ Կամսարականը, Խուրսի խոսքերից և արարքից ոգևորված, նկատելով, որ իրենց հետապնդողներն այնքան էլ շատ չեն, իրենց հետ եղած սակավաթիվ մարդկանցով հարձակվում են պարսիկների վրա և սպանում շատերին՝ 72 հոգու, իսկ մի մասն էլ մատնվում են փախուստի[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 563-564.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Պատմություն Հայոց», Ղազար Փարպեցի, Դրվագ Գ, ՁԱ.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», Պետրոս Հովհաննիսկան, Ա. Աբրահամյան, Երևան, 1981, Հատոր 1, էջ 577-578.