Jump to content

Խունացած հանքանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խունացած հանքանյութեր, միներալներ, որոնք պատկանում են տենանտիա (Cu12As4S12)-տետրաէդրիտ (Cu12Sb4S13) իզոմորֆ շարքին։ Խառնուրդների ձևով պարունակում են արծաթ, ցինկ, երկաթ, բիսմութ և այլն։

Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղները պատահում են տետրաէդրի ձևով։ Ավելի հաճախ խունացած հանքանյութերն առաջացնում են խիտ, հատիկավոր, ներփակումային ագրեգատներ։ Գույնը՝ պողպատի մոխրագույնից մինչև երկաթի սև։ Կարծրությունը՝ 3—4, խտությունը՝ 4400—5100 կգ/մ³։ Փայլը թարմ կտրվածքում՝ մետաղի, օդում խունացած հանքանյութերն արագ խամրում են, «խունանում» (այստեղից էլ՝ անվանումը)։

Խունացած հանքանյութերն ինքնուրույն հանքավայրեր չեն առաջացնում, հանդիպում են տարբեր հիդրոթերմալ հանքավայրերում, սկառներում, պեգմատիտներում։ Խունացած հանքանյութերը սովորաբար ուղեկցում են խալկոպիրիտին, գալենիտին, սֆալերիտին, պիրիտին, քվարցին, բարիտին։ Պղնձի երկրորդական հանքանյութ են։

Հայտնի են Ռուսաստանում, Ղազախստանում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում։ Հայաստանում կան Ղափանի պղնձի, Ախթալայի, Ղազմայի բազմամետաղային, Քաջարանի, Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 101