Իշտարի դարպասներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f6/Pergamonmuseum_Ishtartor_05.jpg/200px-Pergamonmuseum_Ishtartor_05.jpg)
Իշտարի դարպասներ (արաբ․՝ بوابة عشتار), Բաբելոնի ներքին քաղաքի ութերորդ դարպասը։ Կառուցվել է քաղաքի հյուսիսային մասում Ք. ա. 575 թվականին Նաբուգոդոնոսոր արքայի հրամանով։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշտարի դարպասները կիսաշրջանաձև կամար են՝ սահմանափակված հսկայական պատերով, որոնք ձգվել են Արարողությունների փողոցի երկայնքով։ Դարպասները նվիրված են եղել Իշտար աստվածուհուն։ Կառուցված են եղել վառ կապույտ, դեղին, սպիտակ և սև ջնարակով պատված աղյուսից։ Դարպասի պատերը և ճանապարհը պատված են եղել արտակարգ գեղեցիկ խորաքանդակներով. միայն առյուծի 120 խորաքանդակ կա։ Ցլերի և սիրուշների (օձի կոտոշավոր գլխով, առյուծի առաջամասով, արծվի ոտքերով առասպելական կենդանի) պատկերները հաջորդում են իրար. սիրուշը խորհրդանշում է Մարդուկին, ցուլը՝ կայծակի, քամու աստված Ադադին[1]։ Ընդհանուր առմամբ դարպասներին կենդանիների 575 պատկեր կա։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Processional_Way_02.jpg/200px-Processional_Way_02.jpg)
Դարպասների տանիքը և դռները պատրաստված են մայրու փայտից։ Իշտարի դարպասներով, Արարողությունների փողոցով Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ բերել են աստվածների արձանները։ Երբ դարպասների կառուցման աշխատանքներն ավարտվել են, Նաբուգոդոնոսորը կազմել է սեպագիր արձանագրություն՝ ի ցույց ամենքի։ Արձանագրությունը սկսվում է հետևյալ կերպ.
![]() |
Ես` Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորս, Մարդուկի օրհնությամբ կառավարում եմ երկիրը, քաղաքի բարձրագույն տիրակալն եմ, երկնքի սիրելին, հնարամտությամբ անխոնջ մտածում եմ Բաբելոնի բարգավաճման մասին, Բաբելոնի արքա իմաստուն Նաբոպոլասարի որդին եմ... | ![]() |
Այս արձանագրությունn այժմ պահվում է Բեռլինի Պերգամոն թանգարանում։ Դարպասների փոքրացված տարբերակը, որ կառուցել էր տվել Սադդամ Հուսեյնը, ոչնչացվել է պատերազմական գործողությունների հետևանքով։
Վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Ish-tar_Gate_detail.jpg/200px-Ish-tar_Gate_detail.jpg)
Իշտարի դարպասների և արարողությունների փողոցի վերակառուցումը տեղի է ունեցել 1930-ական թվականներին Բեռլինի Պերգամոնի թանգարանում այն նյութի հիման վրա, որ հայտնաբերել է հնագետ Ռոբերտ Կոլդևեյը։ Պրոցեսիումի փողոցը զարդարող պատերի և դարպասների տարբեր հատվածներ պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում։ Այսպես՝ Ստամբուլի հնագիտական թանգարանում պահում են առյուծների, վիշապների և ցլերի խորաքանդակներ, Դետրոյտի արվեստի թանգարանում պահվում է սիրուշի խորաքանդակ։ Առյուծների խորաքանդակներ կան Լուվրում, Մետրոպոլիտեն թանգարանում, Չիկագոյի արևելյան ինստիտուտում, Բոստոնի գեղարվեստի թանգարանում։
Իշտարի դարպասների կրկնօրինակը պատրաստվել է Իրաքում թանգարանի մուտքի համար, սակայն կառուցումը վերջնականապես չի ավարտվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kleiner, Fred (2005). Gardner's Art Through the Ages. Belmont, CA: Thompson Learning, Inc. p. 49. ISBN 0-15-505090-7.