Ժանտախտի բժիշկ
Ժանտախտի բժիշկ, (անգլ.՝ plague doctor, գերմ.՝ Pestarzt, իտալ.՝ physici epidemeie), միջնադարում և վերածննդի ժամանակ Եվրոպայում մասնագիտացված բժիշկ, որի հիմնական պարտականությունը բուբոնային ժանտախտ («սև մահ») բուժելն էր՝ հատկապես համաճարակի տարիներին։ Ժանտախտի բժիշկներին վճարել է քաղաքը, այդ պատճառով նրանք բուժել են և՛ հարուստներին, և՛ աղքատներին[1]։ 17-րդ դարից սկսած ժանտախտի բժիշկների տարբերիչ հատկանիշներն են դարձել հատուկ պաշտպանիչ արտահագուստը և կտուցով դիմակը։ Յուրահատուկ տեսքի և նրանց վերագրվող առեղծվածային հատկությունների պատճառով ժանտախտի բժիշկները նշանակալի ազդեցություն են թողել եվրոպական մշակույթի վրա՝ հատկապես համապատասխան կերպարի հայտնվելը վենետիկյան «Կոմեդիա դել արտե»-ում և բժշկի դիմակը հիշեցնող հայտնի վենետիկյան կտուցով դիմակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սև մահվան» համաճարակը սկսելուն պես սկսվել են նաև բժիշկների կողմից վտանգավոր հիվանդությանը դիմակայելու փորձերը, բայց որոշ ժամանակ մասնագիտացված «ժանտախտի բժիշկներ» չեն եղել։ Համարվում է, որ հատուկ ժանտախտի բուժման համար բժիշկներ վարձելու նախադեպը ստեղծել է Հռոմի պապ Կղեմես VI -ը, որը 1348 թվականին մի քանի բժիշկ է հրավիրել «սև մահից» տուժած Ավինյոնի բնակիչներին բուժելու համար[2]։ Դրանից հետո Հռոմի պապի օրինակին սկսել են հետևել ժանտախտից տուժած խոշոր քաղաքների գահակալներն ու քաղաքային խորհուրդները։ Հաջորդ չորս դարերի ընթացքում ժանտախտի բժիշկները դարձել են եվրոպական կյանքի անբաժանելի մասը։
Շատ արագ, ժանտախտի բժիշկները հատուկ տեղ են գրավել այդ ժամանակաշրջանի հասարակության մեջ։ Համաճարակի տնտեսական վնասը ակնհայտ էր, ինչպես նաև ուղիղ սպառնալիք էր կյանքի համար, և ոչ միայն հասարակ բնակչության, այլև ունևոր դասի համար։ Բացի այդ, բժիշկներին, ըստ երևույթին, հաջողվել է հասնել որոշակի հաջողությունների, կամ գոնե առերևույթ այդպիսի կարծիք կար։ Ժանտախտի բժիշկները շուտով սկսել են գնահատվել որպես շատ արժեքավոր մասնագետներ, և շատ քաղաքներում ստացել են լրացուցիչ արտոնություններ, օրինակ՝ ժանտախտից մահացածներին դիահերձելու թույլտվություն, ինչը այդ ժամանակ արգելված էր։ Բացի այդ, ժանտախտի բժիշկները բարձր վարձատրություն են ստացել։ Հայտնի է, որ 1348 թվականին իտալական Օրվիետո քաղաքը վարձել է ժանտախտի բժիշկ Մատեո Անջելոյին՝ տարեկան 200 ֆլորին աշխատավարձով, ինչը 4 անգամ ավելի էր, քան սովորական բժշկի տարեկան վարձավճարը[2]։ 1645 թվականին Էդինբուրգի ժանտախտի բժիշկ Ջորջ Ռեյի ամսական աշխատավարձը կազմել է 110 շոտլանդական ֆունտ, մինչդեռ ի սկզբանե քաղաքային խորհուրդը պլանավորել էր նրան վարձել միայն 40 շոտլանդական ֆունտ ամսական վճարով[3]։ Ժանտախտի բժիշկների բարձր գնահատման ևս մեկ վառ օրինակ տեղի է ունեցել 1650 թվականին Իսպանիայում, երբ Բարսելոնայից երկու ժանտախտի բժիշկ Տորտոսա են մեկնել և ճանապարհին ավազակները նրանց գերի են վերցրել, իսկ Բարսելոնան ստիպված զգալի փրկագին է վճարել նրանց ազատելու համար[2]։
Բուժման մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվի առնելով միջնադարի բժշկության զարգացման ընդհանուր մակարդակը, ժանտախտի բժիշկները գործնականում չունեին ժանտախտի բուժման որևէ արդյունավետ մեթոդ։ Իրականում, նրանց գործողությունը սահմանափակվել է են Ժանտախտի այտուցները կտրել-հեռացնելով կամ վառելով։ Որոշ բժիշկներ այտուցների վրա գորտեր կամ տզրուկներ են դրել՝ «նորմալ կյանքի հյութերը հավասարակշռելու համար»[4], ինչպես նաև կիրառել են այդ ժամանակ մեծ տարածում գտած արյուն բաց թողնելը։ Իրավիճակը բարդ է եղել նաև նրանով, որ ժանտախտի բժիշկները չեն կարողացել շփվել լայն հասարակության հետ՝ իրենց գործունեության բնույթի և հիվանդության տարածման հնարավորության պատճառով, հաճախ իրենց էլ առանցնացրել են կարանտինում[5]։ Վերածննդի գալով իրավիճակը որոշ չափով բարելավվել է, ոչ այնքան բուժման արդյունավետ մեթոդներ են ի հայտ եկել, որքան մի շարք անօգուտ բուժման մեթոդներից են հրաժարվել։ Ֆրանսիացի գուշակ Միշել Նոստրադամուսը, որը նաև ժանտախտի բժիշկ էր, առաջարկել է ժանտախտից մահացածների մարմինները արագ թաղել, հիվանդներին ապահովելով մաքուր օդով, առատ ջրով և որակյալ սնունդով։ Առաջարկել է նաև օտագործել վարդի տերևների թուրմ։ Նոստրադամուսը կտրականապես դեմ է եղել արյան բացթողնման պրակտիկային[6]։
Հանդերձանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանտախտի բժիշկներից ոմանք հագել են պաշտպանիչ հանդերձանք։ Վերջնական տեսքով, ժանտախտի բժշկի զգեստները հայտնվել են միայն 1619 թվականին, երբ ֆրանսիացի բժիշկ Շարլ դե Լորմը (ֆր.՝ Charles de Lorme) ժանտախտով հիվանդների հետ շփվող բժիշկների համար առաջարկել է պաշտպանական հագուստի մի ամբողջ համալիր[7]։ Մինչ այս պահը գոյություն չի ունեցել մեկ պաշտպանիչ կոստյում, և ժանտախտի բժիշկները ամենատարբեր հագուստներ են կրել, ինչի մասին վկայում են պահպանված նկարները։
Շարլ դե Լորմի առաջարկած զգեստները պատրաստվել են թեթև հետևակայինի կաշվե զրահի օրինակով[7][8]։ Բացի բնորոշ «կտուց» դիմակից, այն ընդգրկել է պարանոցից մինչև կոճեր ձգվող երկար անձրևանոց, նեղ տաբատ, ձեռնոց, կոշիկներ և լայնեզր գլխարկ։ Զգեստի բոլոր տարրերը պատրաստված են եղել մոմած կաշվից կամ, վատագույն դեպքում, մոմապատ խիտ կտավից[7]։
Համարվել է, որ կտուցով դիմակը բժշկին նմանեցրել է եգիպտական հին աստվածության, ինչը վախեցրել է հիվանդությանը։ Բայց կտուցը ունեցել է նաև գործնական նշանակություն՝ այն բժիշկներին պաշտպանել էր «ախտահարույց հոտից»։ Կտուցը ժամանակակից շնչառական ռեսպիրատորների նախատիպն է եղել։ Կտուցը կամ դրա ծայրը լցված են եղել ուժեղ հոտ ունեցող բուժիչ բույսերով և խնկով, որոնք հեշտացրել են շնչառությունը և փրկել մշտական գարշահոտությունից։ Շնչառությունը հեշտացնելու համար կտուցի վրա երկու փոքր օդափոխման անցքեր են եղել։ Դիմակն ունեցել է ապակե ներդիրներ, որոնք պաշտպանել են աչքերը։ Կաշվից կամ մոմով ու յուղով ներծծված խիտ գործվածքից պատրաստված հագուստն ու երկար թիկնոցը անհրաժեշտ են եղել վարակվածների և դիակների մարմինների հետ ֆիզիկական շփումից խուսափելու համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cipolla, Carlo M. (1977). «The Medieval City». In Miskimin, Harry A. (ed.). A Plague Doctor. Yale University Press. էջեր 65–72. ISBN 978-0-300-02081-6.
- ↑ 2,0 2,1 2,2 Byrne, Joseph Patrick Daily life during the Black Death. — Greenwood Publishing Group, 2006. — ISBN 0-3133329-7-5
- ↑ The Real Mary King's Close museum. — Official guide. — The Real Mary King's Close museum, 2005. — 80 p.
- ↑ Byfield, Ted Renaissance: God in Man, A.D. 1300 to 1500: But Amid Its Splendors, Night Falls on Medieval Christianity. — 2010. — P. 37. — (Christian History Project). — ISBN 0-9689873-8-9
- ↑ 5,0 5,1 Gottfried, Robert S. The Black Death: natural and human disaster in medieval Europe. — Simon & Schuster, 1983. — (Christian History Project).
- ↑ Nostradamus (de Nosterdame, Michel) Excellent et moult utile opuscule à tous nécessaire qui désirent avoir connoissan ce de plusieurs exquises receptes divisé en deux parties.. — Lyon, A. Volant, 1553. — 238 p.
- ↑ 7,0 7,1 7,2 Boeckl, Christine M. Images of plague and pestilence: iconography and iconology. — Truman State University Press, 2000. — ISBN 0-9435498-5-X
- ↑ Carmichael, Ann G. SARS and Plagues Past // SARS in Context: Memory, history, policy / Jacalyn Duffin, Arthur Sweetman. — McGill-Queen’s University Press, 2006. — ISBN 0-7735319-4-7
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժանտախտի բժիշկ կատեգորիայում։ |