Ժանտախտի բժիշկ
Ժանտախտի բժիշկ, (անգլ.՝ plague doctor, գերմ.՝ Pestarzt, իտալ.՝ physici epidemeie), միջնադարում և վերածննդի ժամանակ Եվրոպայում մասնագիտացված բժիշկ, որի հիմնական պարտականությունը բուբոնային ժանտախտ («սև մահ») բուժելն էր՝ հատկապես համաճարակի տարիներին։ Ժանտախտի բժիշկներին վճարել է քաղաքը, այդ պատճառով նրանք բուժել են և՛ հարուստներին, և՛ աղքատներին[1]։ 17-րդ դարից սկսած ժանտախտի բժիշկների տարբերիչ հատկանիշներն են դարձել հատուկ պաշտպանիչ արտահագուստը և կտուցով դիմակը։ Յուրահատուկ տեսքի և նրանց վերագրվող առեղծվածային հատկությունների պատճառով ժանտախտի բժիշկները նշանակալի ազդեցություն են թողել եվրոպական մշակույթի վրա՝ հատկապես համապատասխան կերպարի հայտնվելը վենետիկյան «Կոմեդիա դել արտե»-ում և բժշկի դիմակը հիշեցնող հայտնի վենետիկյան կտուցով դիմակը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սև մահվան» համաճարակը սկսելուն պես սկսվել են նաև բժիշկների կողմից վտանգավոր հիվանդությանը դիմակայելու փորձերը, բայց որոշ ժամանակ մասնագիտացված «ժանտախտի բժիշկներ» չեն եղել: Համարվում է, որ հատուկ ժանտախտի բուժման համար բժիշկներ վարձելու նախադեպը ստեղծել է Հռոմի պապ Կղեմես VI -ը, որը 1348 թվականին մի քանի բժիշկ է հրավիրել «սև մահից» տուժած Ավինյոնի բնակիչներին բուժելու համար[2]: Դրանից հետո Հռոմի պապի օրինակին սկսել են հետևել ժանտախտից տուժած խոշոր քաղաքների գահակալներն ու քաղաքային խորհուրդները։ Հաջորդ չորս դարերի ընթացքում ժանտախտի բժիշկները դարձել են եվրոպական կյանքի անբաժանելի մասը:
Շատ արագ, ժանտախտի բժիշկները հատուկ տեղ են գրավել այդ ժամանակաշրջանի հասարակության մեջ: Համաճարակի տնտեսական վնասը ակնհայտ էր, ինչպես նաև ուղիղ սպառնալիք էր կյանքի համար, և ոչ միայն հասարակ բնակչության, այլև ունևոր դասի համար: Բացի այդ, բժիշկներին, ըստ երևույթին, հաջողվել է հասնել որոշակի հաջողությունների, կամ գոնե առերևույթ այդպիսի կարծիք կար: Ժանտախտի բժիշկները շուտով սկսել են գնահատվել որպես շատ արժեքավոր մասնագետներ, և շատ քաղաքներում ստացել են լրացուցիչ արտոնություններ, օրինակ՝ ժանտախտից մահացածներին դիահերձելու թույլտվություն, ինչը այդ ժամանակ արգելված էր: Բացի այդ, ժանտախտի բժիշկները բարձր վարձատրություն են ստացել: Հայտնի է, որ 1348 թվականին իտալական Օրվիետո քաղաքը վարձել է ժանտախտի բժիշկ Մատեո Անջելոյին՝ տարեկան 200 ֆլորին աշխատավարձով, ինչը 4 անգամ ավելի էր, քան սովորական բժշկի տարեկան վարձավճարը[2]: 1645 թվականին Էդինբուրգի ժանտախտի բժիշկ Ջորջ Ռեյի ամսական աշխատավարձը կազմել է 110 շոտլանդական ֆունտ, մինչդեռ ի սկզբանե քաղաքային խորհուրդը պլանավորել էր նրան վարձել միայն 40 շոտլանդական ֆունտ ամսական վճարով[3]: Ժանտախտի բժիշկների բարձր գնահատման ևս մեկ վառ օրինակ տեղի է ունեցել 1650 թվականին Իսպանիայում, երբ Բարսելոնայից երկու ժանտախտի բժիշկ Տորտոսա են մեկնել և ճանապարհին ավազակները նրանց գերի են վերցրել, իսկ Բարսելոնան ստիպված զգալի փրկագին է վճարել նրանց ազատելու համար[2]:
Բուժման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշվի առնելով միջնադարի բժշկության զարգացման ընդհանուր մակարդակը, ժանտախտի բժիշկները գործնականում չունեին ժանտախտի բուժման որևէ արդյունավետ մեթոդ: Իրականում, նրանց գործողությունը սահմանափակվել է են Ժանտախտի այտուցները կտրել-հեռացնելով կամ վառելով: Որոշ բժիշկներ այտուցների վրա գորտեր կամ տզրուկներ են դրել՝ «նորմալ կյանքի հյութերը հավասարակշռելու համար»[4], ինչպես նաև կիրառել են այդ ժամանակ մեծ տարածում գտած արյուն բաց թողնելը: Իրավիճակը բարդ է եղել նաև նրանով, որ ժանտախտի բժիշկները չեն կարողացել շփվել լայն հասարակության հետ՝ իրենց գործունեության բնույթի և հիվանդության տարածման հնարավորության պատճառով , հաճախ իրենց էլ առանցնացրել են կարանտինում[5]: Վերածննդի գալով իրավիճակը որոշ չափով բարելավվել է, ոչ այնքան բուժման արդյունավետ մեթոդներ են ի հայտ եկել, որքան մի շարք անօգուտ բուժման մեթոդներից են հրաժարվել: Ֆրանսիացի գուշակ Միշել Նոստրադամուսը, որը նաև ժանտախտի բժիշկ էր, առաջարկել է ժանտախտից մահացածների մարմինները արագ թաղել, հիվանդներին ապահովելով մաքուր օդով, առատ ջրով և որակյալ սնունդով։ Առաջարկել է նաև օտագործել վարդի տերևների թուրմ։ Նոստրադամուսը կտրականապես դեմ է եղել արյան բացթողնման պրակտիկային[6]:
Հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժանտախտի բժիշկներից ոմանք հագել են պաշտպանիչ հանդերձանք: Վերջնական տեսքով, ժանտախտի բժշկի զգեստները հայտնվել են միայն 1619 թվականին, երբ ֆրանսիացի բժիշկ Շարլ դե Լորմը (ֆր.՝ Charles de Lorme) ժանտախտով հիվանդների հետ շփվող բժիշկների համար առաջարկել է պաշտպանական հագուստի մի ամբողջ համալիր[7]: Մինչ այս պահը գոյություն չի ունեցել մեկ պաշտպանիչ կոստյում, և ժանտախտի բժիշկները ամենատարբեր հագուստներ են կրել, ինչի մասին վկայում են պահպանված նկարները:
Շարլ դե Լորմի առաջարկած զգեստները պատրաստվել են թեթև հետևակայինի կաշվե զրահի օրինակով[7][8]: Բացի բնորոշ «կտուց» դիմակից, այն ընդգրկել է պարանոցից մինչև կոճեր ձգվող երկար անձրևանոց, նեղ տաբատ, ձեռնոց, կոշիկներ և լայնեզր գլխարկ: Զգեստի բոլոր տարրերը պատրաստված են եղել մոմած կաշվից կամ, վատագույն դեպքում, մոմապատ խիտ կտավից[7]:
Համարվել է, որ կտուցով դիմակը բժշկին նմանեցրել է եգիպտական հին աստվածության, ինչը վախեցրել է հիվանդությանը: Բայց կտուցը ունեցել է նաև գործնական նշանակություն՝ այն բժիշկներին պաշտպանել էր «ախտահարույց հոտից»։ Կտուցը ժամանակակից շնչառական ռեսպիրատորների նախատիպն է եղել: Կտուցը կամ դրա ծայրը լցված են եղել ուժեղ հոտ ունեցող բուժիչ բույսերով և խնկով, որոնք հեշտացրել են շնչառությունը և փրկել մշտական գարշահոտությունից: Շնչառությունը հեշտացնելու համար կտուցի վրա երկու փոքր օդափոխման անցքեր են եղել: Դիմակն ունեցել է ապակե ներդիրներ, որոնք պաշտպանել են աչքերը: Կաշվից կամ մոմով ու յուղով ներծծված խիտ գործվածքից պատրաստված հագուստն ու երկար թիկնոցը անհրաժեշտ են եղել վարակվածների և դիակների մարմինների հետ ֆիզիկական շփումից խուսափելու համար[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cipolla Carlo M. (1977)։ «The Medieval City»։ in Miskimin Harry A.։ A Plague Doctor։ Yale University Press։ էջեր 65–72։ ISBN 978-0-300-02081-6
- ↑ 2,0 2,1 2,2 Byrne, Joseph Patrick Daily life during the Black Death. — Greenwood Publishing Group, 2006. — ISBN 0-3133329-7-5
- ↑ The Real Mary King's Close museum. — Official guide. — The Real Mary King's Close museum, 2005. — 80 p.
- ↑ Byfield, Ted Renaissance: God in Man, A.D. 1300 to 1500: But Amid Its Splendors, Night Falls on Medieval Christianity. — 2010. — P. 37. — (Christian History Project). — ISBN 0-9689873-8-9
- ↑ 5,0 5,1 Gottfried, Robert S. The Black Death: natural and human disaster in medieval Europe. — Simon & Schuster, 1983. — (Christian History Project).
- ↑ Nostradamus (de Nosterdame, Michel) Excellent et moult utile opuscule à tous nécessaire qui désirent avoir connoissan ce de plusieurs exquises receptes divisé en deux parties.. — Lyon, A. Volant, 1553. — 238 p.
- ↑ 7,0 7,1 7,2 Boeckl, Christine M. Images of plague and pestilence: iconography and iconology. — Truman State University Press, 2000. — ISBN 0-9435498-5-X
- ↑ Carmichael, Ann G. SARS and Plagues Past // SARS in Context: Memory, history, policy / Jacalyn Duffin, Arthur Sweetman. — McGill-Queen’s University Press, 2006. — ISBN 0-7735319-4-7
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժանտախտի բժիշկ կատեգորիայում։ |