Թարըք Աքանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 13-ին Ստամբուլում[4]։ Եղել է ընտանիքի երրորդ երեխան։ Հայրը եղել է զինվորական։ Նախնական կրթությունը ստացել է Էրզրումում, իսկ միջնակարգ կրթությունը՝ Կայսերիում։ Քանի որ հայրը նշանակում էր ստացել Ստամբուլի զորամասերից մեկում, ընտանիքը տեղափոխվում է Բաքըրքոյ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Յըլդըզ տեխնիկական համալսարանում՝ ստանալով մեխանիկ- ինժեների մասնագիտացում։ Այնուհետև սովորել է Ժուռնալիստիկայի քոլեջում[5]։ Մինչև դերասանական կարիերայի սկիզբը, աշխատել է որպես փրկիչ։ Զինվորական ծառայությունը անցկացրել է Դենիզլիում։ Մասնակցել է «Ձայն» (Ses) ամսագրի կազմակերպած մրցույթին։ Իր դերասանական կարիերան սկսել է 1970 թվականին՝ նկարահանվելով կարճամետրաժ ֆիլմերում։ 1973- 2002 թվականներին պարգևատրվել է 12 տարբեր մրցանակներով[6]։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով Էրտեմ Էղիլմեզի Իմ սիրելի եղբայր ֆիլմում։ Դերասանական կյանքի մեծ մասը ապրել է Ստամբուլում։ Որոշ ժամանակ բնակվել է նաև Բեռլինում և Կաննում։ Ավելի քան հինգ տարի եղել է «Նազըմ Հիքմեթի անվան մշակույթի և արվեստի հիմնադրամի» պատվավոր նախագահը։ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Թարըք Աքանը մահացել է Ստամբուլի ամերիկյան հոսպիտալում` թոքի քաղցկեղից։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով՝ Աքանին հետմահու տրվել է «Թուրք ժողովրդի արժանի զավակ» կոչումը։