Jump to content

Էմպանադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմպանադա
Ենթատեսակխմորի շերտով կիսաֆաբրիկատներ և pasty?
Առաջացման երկիրԼատինական Ամերիկա
 Empanadas Վիքիպահեստում

Էմպանադա (իսպ.՝ Empanada` լցոնված կարկանդակ), ուտեստ, տարածված է Պիրենեյան թերակղզում և Լատինական Ամերիակայում։ Սովորաբար պատրաստվում է ցորենի ալյուրից (բայց, օրինակ, Վենեսուելայում պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից) և տապակվում է ձեթի կամ յուղի մեջ։ Իսպանիացիների շնորհիվ ուտեստը տարածվել է Ֆիլիպիններում, և վերջին հարյուրամյակի ընթացքում Լատինական Ամերիկայի եկվորների հետ միասին լայն տարածում է գտել նաև ԱՄՆ-ում։ Ուտեստն ի սկզբանե բնորոշ չէր պորտուգալական և բրազիլական խոհանոցներին և համարվում էր իսպանախոս երկրներից փոխառված ուտեստ։

Էմպանադայի հայրենիքը համարվում է իսպանական նահանգ Գալիսիան[1], 1520 թվականին այն առաջին անգամ հիշատակվել է Ռոբերտ դե Նոլայի կողմից, խոհարարական գրքում՝ կատալոնական լեզվով[2]։

Պատրաստման ավանդույթներն Արգենտինայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի յուրաքանչյուր նահանգ ունի իր բաղադրատոմսը բուսայուղով էմպանադայի տապակման համար։ Արգենտինայի հյուսիս-արևմուտքում էմպանադան լցոնում են կարտոֆիլով կամ ոլոռով, խոհարարները գինու գավառներում ավելացնում են նաև չամիչ, իսկ Լա Ռիոխայում ուտեստը լցոնվում է ձիթապտուղներով։ Տուկումանում նրանք փոքր են և երբեմն լցոնված են հավի մսով և բանջարեղենով։ Կատամարկայում կծու են, իսկ Կորդովայում քաղցր և մեծ։ Սան Խուանում ուտեստին ավելացնում են մեծ քանակությամբ համեմունքներ, իսկ Մենդոսայում` ավելի շատ սոխ, քան միս։ Պատագոնիայում միջուկը պատրաստվում է գառան մսից, ծովախեցգետնից կամ նապաստակի մսից, Կոռիենտեսում և Սանտիագո դել Էստերոյում այն երբեմն լցոնվում է լեռնային նապաստակի մսով։ Երկրի հյուսիս-արևելքում ցորենի ալյուրին հաճախ խառնում են նաև մանիոկայի ալյուր։

Արգենտինայում էմպանադան ուտում են դեղին պանրով և խոզապուխտով, հավի մսով կամ սպանախով։ Լինում են էմպանադաներ քաղցր միջուկներով, բայց արդեն կոչվում են պաստելներ։ Էմպանադան ուտում են ձեռքերով՝ չոր կարմիր արգենտինական գինով։

Պատրաստման ավանդույթներ այլ երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելիզում տեղական «պանադես»-ը նման է չեբուրեկի՝ տապակված եգիպտացորենի ալյուրի մեջ և լցոնված ձկով, հավով կամ լոբիով։ Չիլիում էմպանադան համարվում է ազգային ուտեստ։ Չիլիում դասական էմպանադաները լցոնվում են աղացած տավարի մսով, սոխով, չամիչով, ձիթապտղով և պնդեփ ձվով։ Այսպիսի միջուկը կոչվում է «պինո»։ ԱՄՆ-ում էմպանադան հանդիպում է խոշոր քաղաքների փողոցներում՝ արագ սննդի կետերում, նաև որոշ դպրոցների ճաշարաններում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմպանադա» հոդվածին։