Jump to content

Էլենի Բուկուրա-Ալտամուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլենի Բուկուրա-Ալտամուրա
Ծնվել է1821[1][2]
ԾննդավայրՍպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան
Վախճանվել էմարտի 19, 1900(1900-03-19)
Մահվան վայրՍպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտություննկարչուհի
Ոճնեոդասականություն
ԱմուսինFrancesco Saverio Altamura?
ԶավակներԻոաննիս Ալտամուրա, Alessandro Altamura? և Sofia Altamura?
 Eleni Boukoura-Altamoura Վիքիպահեստում

Էլենի Բուկուրա Ալտամուրա (հուն․՝ Ελένη Μπούκουρα-Αλταμούρα, 1821[1][2], Սպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան - մարտի 19, 1900(1900-03-19), Սպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան), 19-րդ դարի 2-րդ կեսի հույն նկարչուհի։ Հիշատակվում է նաև որպես ժամանակակից Հունաստանի առաջին պրոֆեսիոնալ կին նկարչուհի, ֆեմինիստ[3]։ Էլենի Բուկուրա Ալտամուրան հույն գրող Ռեա Գալանակիի «Էլենին կամ ոչ ոք» վեպի գրական հերոսի[4] և հույն դրամատուրգ Կոստաս Ասիմակոպուլոսի «Կայծակ անտառներում - Բաց տարածք - Էլենի Ալտամուրա» թատերական եռագրության նախատիպն է[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլենի Բուկուրան ծնվել է 1821 թվականին Սպեցե կղզում։ Նույն թվականին սկսվել է Հունաստանի անկախության պատերազմը և Սպեցեն, Իդրա և Ֆսարա կղզիների հետ միասին դարձել է հեղափոխական հունական նավատորմի երեք հենարաններից մեկը։ Էլենիի հայրը՝ Յաննիս Բուկուրասը, նավապետ էր և մասնակցել է պատերազմին, սակայն հունական պետության վերակազմակերպումից հետո դարձել է Աթենքի առաջին թատերական հովանավորը։ Էլենիի մոտ գեղանկարչական հակումները դրսևորվել են մանուկ հասակից, և հայրը տեսնելով նրա տաղանդը, նրա համար վարձել է Արվեստի դպրոցի իտալացի ուսուցիչ Ռաֆայելո Չեկոլիին, որի երաշխավորական նամակով Էլենին 1848 թվականին մեկնել է ուսանելու Իտալիայում։

«Հուսահատություն»

Իտալիայում Էլենին նկարչություն է սովորել Նեապոլում և Հռոմում։ Կան հիմնավորումներ, ըստ որոնց, քանի որ կանանց թույլ չէին տալիս սովորելու իտալական ակադեմիաներում, Էլենին սովորել է՝ հագնվելով որպես երիտասարդ տղա, ինչին նպաստել է նրա կառուցվածքը[6]։ Էլենին սիրահարվել և համատեղ ապրել է իտալացի նկարիչ և հեղափոխական Ֆրանչեսկո Սավերիո Ալտամուրայի հետ (1822-1897 թթ.), որից, առանց ամուսնության, ունեցել է երեք երեխա`Իոաննիսը, Սոֆիան և Ալեքսանդրոսը։ Ալտամուրայի հետ հարաբերությունները օրինականացնելու համար Էլենին դարձել է կաթոլիկ և ամուսնացել նրա հետ։ Սակայն 1857 թվականին ամուսինը թողել է նրան և հեռացել նոր սիրուհու`անգլիացի նկարչուհի Ջեյն Բենհման Հեյի հետ՝ տանելով նաև կրտսեր որդուն՝ Ալեքսանդրոսին[7]։

Էլենի Բուկուրա-Ալտամուրայի ինքնադիմանկարը որպես միայնակ միանձնուհի

Էլենի Բուկուրա-Ալտամուրան վերադարձել է Հունաստան որդու՝ յոթամյա Իոանիսի և դստեր՝ Սոֆիայի հետ։ Ընտանիքի կարիքները հոգալու համար դասեր է տվել Աթենքի երիտասարդ կանանց։ 1872 թվականին դուստրը հիվանդացել է տուբերկուլյոզով։ Դստեր առողջության համար Էլենին ստիպված տեղափոխվել է իր հայրենի կղզի՝ եղբոր տուն։ Սոֆիան մահացել է 1872 թվականին՝ 18 տարեկանում։ Դստեր մահից հետո Էլենին վերադարձել է Աթենք։

1876 թվականին Էլենիի որդին՝ հունական գեղանկարչության աստղ Իոաննիս Ալտամուրան ավարտել է ուսումը Կոպենհագենում և վերադարձել Աթենք։ Սակայն մոր ուրախությունը կարճատև է եղել։ Շուտով Իոաննիսը նույնպես հիվանդացել է տուբերկուլյոզով և մահացել 1878 թվականի մայիսին։ Երեխաների մահը հանգեցրեց նյարդային խանգարման և խելագարության։ 60 տարեկան հասակում Էլենին վերադարձավ Սպեցե, որտեղ այրեց իր գրեթե բոլոր աշխատանքները։

Էլենին մահացել է իր կղզում, մոռացված գրեթե բոլորի կողմից, 1900 թվականին։ Թաղվել է Սպեցեում, Սուրբ Աննայի գերեզմանատանը։ Ավելի ուշ, նրա, ինչպես նաև Սոֆիայի և Իոաննեսի մասունքները նրանց սերունդները վերաթաղել են Աթենքի առաջին գերեզմանատանը Բուկուրա-Ալտամուրա ընտանիքի մյուս անդամների կողքին[8]։

2011 թվականին հույն կինոռեժիսոր Կլեոնի Ֆլեսսան Էլենի Բուկուրա-Ալտամուրայի կյանքի մասին նկարահանել է վավերագրական ֆիլմ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. Βιογραφίες - Ελένη Μπούκουρα - Αλταμούρα
  4. Ρέα Γαλανάκη, Ελένη ή ο κανένας, εκδ. Άγρα, Αθήνα 1998, ISBN 9603252530
  5. Κώστας Ασημακόπουλος, Αστραπή στο δάσος - Ο ακάλυπτος χώρος - Ελένη Αλταμούρα (τρία θεατρικά έργα), εκδ. Δωδώνη, Αθήνα 2005, ISBN 960385347X
  6. «Ελένη Αλταμούρα». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  7. Οι μύθοι της οικογένειας Αλταμούρα | πολιτισμος | ethnos.gr
  8. Το θλιβερό τέλος της Ελένης Μπούκουρα-Αλταμούρα Արխիվացված 2008-06-03 Wayback Machine Άρθρο στην Ιστορία Εικονογραφημένη, Αύγ. 2002
  9. Η πρώτη ελληνίδα καλλιτέχνις και φεμινίστρια - πολιτισμός - Το Βήμα Online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենի Բուկուրա-Ալտամուրա» հոդվածին։