1647-1681 թթ.՝ առևտրական գործունեության ընթացքում, եղել է Իրանում, Թուրքիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում։ Ճանապարհորդությունները նկարագրել է իր կազմած Ժամանակագրությունում։ Ագուլեցին տեղեկություններ է տալիս XVII դարի երկրորդ կեսի Հայաստանի, հարևան և եվրոպական մի շարք երկրների բնության, բնակչության, ցամաքային և ծովային ճանապարհների, ներքին և միջազգային առևտրի, տնտեսական և քաղաքական կյանքի տարբեր բնագավառների, Հայաստանում գյուղական համայնքների կառուցվածքի, ներքին հակասությունների, համայնքի պետական ու կալվածատիրական հողերից հարկերի գանձման ձևերի, վարչական կառուցվածքի, ժողովրդական հուզումների, խաների կողմից բնակչության հարստահարման վերաբերյալ։ Նշվում է նաև մթերքների մանրածախ և մեծածախ գների մասին, որոնց շնորհիվ կարելի է իմանալ բնակչության կենսամակարդակի մասին։ Տեղեկություններ կան դրամահատման համակարգի, XVII դարի երկրորդ կեսին Իրանումշրջանառության մեջ գտնվող արծաթե դրամների միջին քաշի և դրանց մոտավոր կուրսի վերաբերյալ։ Զաքարիա Ագուլեցու անձնական և ընտանեկան կյանքի նկարագրությունը օգնում է պարզելու ժամանակի կենցաղի վերաբերյալ տարբեր մանրամասնություններ։ Օրագրում հիշատակված վարչական, ֆինանսական և հարկային տերմինների մեծ մասը համապատասխանում է նույն ժամանակի պարսկալեզու աղբյուրներում և պաշտոնական վավերագրերում հիշվող տերմիններին, օգնում ճշտելու դրանց իմաստն ու կիրառությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 673)։