Jump to content

Երաժշտական ժանր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանգո

Երաժշտական ժանր (ֆր.՝ genre, լիտ.՝ genus – տեսակ, սեռ), բազմիմաստ հասկացություն, որը բնութագրում է երաժշտական ստեղծագործության տեսակներն[1] ու սեռերը՝ պայմանավորված նրանց ծագմամբ, կատարման և ընկալման պայմաններով[2]։ Արտացոլում է նաև երաժշտական գործի ոչ երաժշտական գործոնների (երաժշտության կապը խոսքի, պարի, այլ արվեստների հետ) և նրա ներերաժշտական բնույթի (երաժշտական ձևեր, կոմպոզիտորի գրելաձևի տեսակներ) փոխադարձ կապը։ Երաժշտական ժանրի հայեցակարգը ցուցադրում է երաժշտագիտության և երաժշտական էսթետիկայի հիմնական խնդիրը և գեղարվեստական ընդհանրացման կարևորագույն միջոցներից մեկն է։

Երաժշտական ժանրերի տեսության մեջ չկա երաժշտական ժանրերի դասակարգման միասնական համակարգ. տարբեր գիտնականներ հաշվի են առնում տարբեր գործոններ[3]։ Ժամանակակից միտումը երաժշտական ժանրերի միջև սահմանների «ջնջումն» է[4]։ Օրինակ՝ առանձնացվում են չորս հիմնական երաժշտական ուղղություններ կամ խմբեր՝ ժողովրդական երաժշտություն, հոգևոր երաժշտություն, ակադեմիական երաժշտություն և փոփ երաժշտություն[5][6]։ Երաժշտական յուրաքանչյուր ուղղության պատկանում են որոշակի երաժշտական ժանրեր, և յուրաքանչյուր ժանր ունի բազմաթիվ ենթաժանրեր։

Ժանրերի դասակարգման ժամանակ անհրաժեշտ է նկատի առնել, թե հատկապես որ գործոնն է որոշիչ։ Առանձնանում են կենցաղային և ժողովրդական-կենցաղային ժանրերը, որոնք ունեն կենսական-կենցաղային գործառույթներ։ Կենցաղային մի շարք ժանրեր ծագել են այն շրջանում, երբ երաժշտությունն ամբողջությամբ չէր առանձնացել արվեստի այլ տեսակներից (պոեզիա, պար) և կիրառվել են աշխատանքի ընթացքում, ծիսակատարությունների ժամանակ։

Ժանրային հատկանիշները կարող են միահյուսվել և ստեղծել խառը (օրինակ՝ երգ-պարային) ժանրեր։ Ժողովրդական-կենցաղային, նաև կենսական բովանդակության այլ ժանրերի դասակարգմանը զուգահեռ երևան է եկել նաև նրանց ածանցումը՝ ըստ բնույթի (օրորոցային երգեր, սերենադ, սգո, հաղթական քայլերգեր և այլն)։ Կենցաղային ժանրերը նպաստել են այլ տեսակների առաջացմանը. կենցաղային պարերից ձևավորվել է գործիքային սյուիտը՝ դառնալով սիմֆոնիայի ստեղծման աղբյուր։

Պայմանավորված սոցիալ-պատմական իրավիճակով՝ երաժշտական երկի ստեղծման տեղը, կատարման և կենցաղավարման պայմանները մեծապես նպաստել են նոր ժանրերի ստեղծմանն ու աստիճանական զարգացմանը։ Օրինակ՝ երբ 17-րդ դարում օպերան ազնվականական պալատներից տեղափոխվել է հրապարակային թատրոն, այն որպես ժանր առավել բյուրեղացել է։

20-րդ դարում ձևավորվել են նոր՝ կինոերաժշտության, ռադիոերաժշտության, ժամանցային երաժշտության ժանրեր։ Երկար ժամանակ տներում կատարվող անսամբլային և մենակատարային երաժշտական ստեղծագործություններից ձևավորվել են բնույթով առավել խոր, երբեմն մտերմիկ քնարափիլիսոփայական ուղղվածության կամերային ժանրեր։

Վոկալ ժանրերը մեծ մասամբ երևան են եկել որպես երաժշտաբանաստեղծական ժանրեր, որտեղ խոսքն ու երաժշտությունն ստեղծվել են միաժամանակ։ Նրանք բաժանվում են մենակատարային (երգ, ռոմանս, արիա), անսամբլային և խմբերգային տեսակների։ Վոկալ երգերը, որոնց նվագակցում են մեկ կամ մի քանի գործիքներ, անվանում են կամերային, իսկ նվագախմբի նվագակցությամբ կատարվողները՝ խոշոր վոկալ-գործիքային (օրատորիա, մեսսա, պասսիոն)։

Ռոմանտիզմի շրջանում գործիքային երաժշտության մեջ երևան են եկել բալլադի, պոեմի (դաշնամուրային և սիմֆոնիկ), նաև քնարական մանրանվագի ժանրերը։

Ժանրի ձևավորման վրա ազդել է նաև բովանդակության գործոնը՝ փոխառված գրականությունից։ Տարբերում են դրամատիկական, քնարական և էպիկական ժանրեր։

Երաժշտության մեջ շարունակ ստեղծվում են նորանոր ժանրեր (մասնավորապես՝ ժամանցային երաժշտության մեջ)։ Ժանրերի տեսությունը երաժշտագիտության կարևորագույն բաժիններից է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ю. Н. Холопов. Форма музыкальная // Симон — Хейлер. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1981. — (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 5).
  2. Чередниченко Т. В. Жанр музыкальный // Музыкальный энциклопедический словарь / гл. ред. Г. В. Келдыш. — М.: Сов. энциклопедия, 1990. — С. 192. — 150 000 экз. — ISBN 5-85270-033-9.
  3. Заднепровская Г. В. Анализ музыкальных произведений: Учеб. пособие для студ. муз.-пед. училищ и колледжей Արխիվացված 2022-03-18 Wayback Machine. —М.: ВЛАДОС, 2003. — 272 с. — С. 8
  4. Есаков В. А. «Размывание» музыкальных жанров как современная культурная тенденция // «Межкультурное взаимодействие в современном музыкально-образовательном пространстве», № 13, 2015 — С. 6–9
  5. Ражабов А. Ш. Непредвиденность, неупорядоченность и незафиксированность в нотах Արխիվացված 2022-05-08 Wayback Machine // Журнал Scientific progress, 2021
  6. Шевчук Н. А. Взаимосвязь стилевых исполнительских решений и музыкальных жанров в соревновательных композициях сильнейших гимнасток России Արխիվացված 2022-05-08 Wayback Machine // Ученые записки университета им. П.Ф. Лесгафта, 2021

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Назайкинский Е. В. Стиль и жанр в музыке. — М., 2003.
  • Коробова А.Г. Теория жанров в музыкальной науке: история и современность. – М.: Московская гос. консерватория им. П.И. Чайковского, 2007. – 173 с. ISBN 978-5-89598-198-6
  • Handbuch der musikalischen Gattungen, hrsg. v. H. Leuchtmann u. S. Mauser. Laaber, 1993-2010 (24 Teilbände)
  • Negus, Keith (1999). Music Genres and Corporate Cultures. New York: Routledge. ISBN 0-415-17399-X.
  • Larry Starr; Christopher Alan Waterman (2010). American popular music from minstrelsy to MP3. Oxford University Press. ISBN 978-0-19-539630-0.
  • Татьяна Чередниченко. «Музыкальный жанр» // статья в Музыкальном энциклопедическом словаре, «Советская энциклопедия» 1990
  • Gérard Denizeau, Les genres musicaux, vers une nouvelle histoire de la musique, Paris, Larousse, 1998
  • Red. d. Bib. Inst.։ Meyers kleines Lexikon. Kunst, Bibliographisches Institut, Mannheim 1986, ISBN 3-411-02655-3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտական ժանր» հոդվածին։