Ենյո Ֆուքս (հունգարերեն՝ Jenő Fuchs, հոկտեմբերի 29, 1882(1882-10-29), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մարտի 14, 1955(1955-03-14), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հրեական ծագումով հունգարացի մարզիկ, սուսերամարտիկ։ Մասնակցել է 1908 և 1912 թվականների օլիմպիական խաղերին և հաղթող ճանաչվելով թե՛ անհատական և թե՛ թիմային հաշվարկներով՝ արժանացել ոսկե մեդալների։ Հաղթահարելով որակավորման փուլը՝ իրավունք է նվաճել մասնակցելու նաև 1920 թվականի օլիմպիական խաղերին, բայց քանի որ Հունգարիային թույլ չի տրվել մասնակցելու խաղերին, հարկադրված է եղել բաց թողնելու այդ օլիմպիադան։ Հաղթահարել է նաև 1924 թվականի օլիմպիադայի ընտրական փուլը, սակայն Հունգարիայի ազգային հավաքականի կազմում իր տեղը զիջել է ավելի երիտասարդ մարզիկի։ 1982 թվականին միջազգային սպորտի հրեական փառքի սրահում բացվել է Ենյո Ֆուքսին նվիրված անկյուն[1][2]։
Սպորտով զբաղվելուն զուգահեռ՝ նա Բուդապեշտի համալսարանում իրավունք է ուսումնասիրել, 1911 թվականին հաջողությամբ պաշտպանել դոկտորական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ Զբաղվել է փաստաբանական, իրավաբանական աշխատանքներով[3], աշխատել է նաև Բուդապեշտի ֆոնդային բորսայում։ Գերազանց սուսերամարտիկ լինելով հանդերձ՝ եղել է նաև բարձրակարգ թիավարող ու բոբսլեյիստ (սահնակորդ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հունգարական երկրորդ բանակի կազմում կռվել է ֆաշիստականԳերմանիայի կողմից, պարգևատրվել երկրորդ աստիճանի երկաթե խաչով։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին կալանավորվել է՝ Գերմանիային մարտական ծառայություններ մատուցած լինելու պատճառով և կյանքի վերջին տարիներն անցկացրել բուդապեշտյան բանտում։