Եգոր Խուբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգոր Խուբով
Ծնվել է1762[1]
ԾննդավայրԵրևան[1]
Մահացել էոչ շուտ քան 1833[1]
Մահվան վայրՂզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ, ուսուցիչ, պատմաբան, բանասեր և բանաստեղծ

Եգոր Խուբով (Գևորգ Մելքիսեդեկի Խուբյան, 1762[1], Երևան[1] - ոչ շուտ քան 1833[1], Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), հայ ազատագրական շարժման գործիչ, մանկավարժ, պատմագիր, բանասեր և բանաստեղծ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Խուբյանների ընտանիքից, որոնք իրենց սերված էին համարում միջնադարի հայ նշանավոր Խաղբակյան-Պռոշյան իշխանական տոհմից։ 1769 թվականից սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում՝ հորեղբոր՝ կաթողիկոս Սիմեոն Ա. Երևանցու հսկողությամբ։ Ավարտելուց հետո դպրի աստիճանով մինչև 1803 թվականը պաշտոնավարել է վանքում՝ միաժամանակ զբաղվելով ուսուցչությամբ։

Ազատագրական պայքարը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1780-ական թվականներից մասնակցել է պարսից և թուրք բռնակալների դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Միջնորդ թարգմանի դեր կատարելով Երևանի ու Նախիջևանի խաների և Կովկասում ռուսական կորպուսի հրամանատարության միջև վարվող բանակցություններում և համոզվելով, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է միայն Ռուսաստանի օգնությամբ՝ դարձել է ռուսական կողմնորոշման ջատագով։

Հայ աշխարհիկ ու հոգևոր գործիչների թվում մասնակցել է Ռուսաստանի և Վրաստանի պետական ու զինվորական ներկայացուցիչների գաղտնի խորհրդակցություններին, Արևելյան Հայաստանը ազատագրելու ծրագրերի մշակմանը։ Մասնակցել է նաև 1796 թվականի պարսկական և 1804 թվականի Երևանյան արշավանքների ժամանակ ռուսական զորքի համար պարենամթերք հայթայթելուն։ Երկրորդ արշավանքի անհաջողությունից հետո, երբ պարսիկները հաշվեհարդար են կատարել հայերի նկատմամբ և խանի հրամանով այրել նաև Խուբյանների տունն ու թալանել ունեցվածքը, Խուբովը երկու որդիների հետ գաղտնի հեռացել է Երևանի խանության սահմաններից։ Իր հետ տարել է Ռուսաստանի հովանու տակ անցնելու մասին հայերի խնդրագիրը և 1805 թվականի դեկտեմբերին Մոզդոկում հանձնել ռուսահայոց թեմի առաջնորդ Եփրեմ արքեպիսկոպոս Զորագեղցուն՝ ներկայացնելու ռուսական կառավարությանը։

Գործունեությունը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզդոկում Խուբովը աշխատել է հայկական դպրոցում՝ միաժամանակ վերսկսելով ընդհատված գրական աշխատանքները։ Այստեղ է շարադրել «1778-1809 թթ. Հայաստանի արժանահիշատակ անցքերի նկարագրությունը» աշխատությունը, որում պատկերել է հայ ժողովրդի ծանր վիճակը, Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու նրա ձգտումները։ Աշխատությունը (հայերեն բնագիրը չի հայտնաբերված) ռուսերեն թարգմանությամբ 1811 թվականին հրատարակվել է Պետերբուրգում, որի համար Ալեքսանդր I կայսեր հրամանագրով (հունիս) Խուբովին շնորհվել է ադամանդյա մատանի։ Ավելի ուշ ճանաչվել է նաև տոհմական ծագումը և Խուբովին շնորհվել ազնվականի տիտղոս։

1814 թվականից դասավանդել է Ղզլարի հայոց դպրոցում, 1828-1833 թվականներին՝ Աստրախանի հոգևոր ճեմարանում։ 1833 թվականին Խուբովը դարձյալ Ղզլարում էր։ Մանկավարժական գործունեության մեջ հետևել է դաստիարակության դեմոկրատական ուղղությանը։ Այդ տարիներին Խուբովը կազմել է պատմագրական «Գաւազանագիրք...» հավաքածուն (երկու խմբագրությամբ պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ձեռ. № 3755, 10139), որն ունի ժամանակագրական բնույթ։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուբովն հաջորդականությամբ շարադրել է հայ ավատական տների տոհմաբանությունը, թվարկել մինչև 1814 թվականը եղած հայ մատենագիրներին, լուսաբանել օտար նվաճողների դեմ Սյունիքում ու Արցախում հայ ժողովրդի՝ շուրջ 15-ամյա զինված պայքարը, երկի տողամիջերում և առանձին էջերի վրա գրելով փոքրիկ ներբողներ, որոնք այսօր էլ գեղարվեստական որոշակի արժեք ունեն։ Գրել է նաև «Երգարան...» բանաստեղծությունների ժողովածուն (Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 491), որում տեղ են գտել աշխարհիկ և հոգևոր 44 ողբեր, ներբողներ, բնության և սիրո տաղեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Описание достпамятных проишествий в Армении от 1778 до 1809 гг., СПБ, 1811.
  • Դիվան Հայոց պատմության, հ. 5, Թ., 1902։ Մելիքսեթ-Բեկ Է.
  • Գևորգ Մելքիսեդեկյան Խուբով, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիա», 1950, № 1-2։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 97