Jump to content

Գարդասիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարդասիլ

Գարդասիլ, հայտնի է նաև որպես գարդիսիլ, սիլգարդ կամ ուղղակի մարդու պապիլոմավիրուսի դեմ (6, 11, 16, 18 ենթատիպերի) պատվաստանյութ, պատվաստանյութ[1][2], որը նպատակաուղղված է մարդու պապիլոմավիրուսի[3] 6, 11, 16 և 18 ենթատիպերի առաջացրած հիվանդությունների կանխարգելմանը[4][5]։ ՄՊՎ-ի 16 և 18 տեսակները համարվում են արգանդի վզիկի քաղցկեղների առաջացման շուրջ 70%-ի պատճառը և պատասխանատու են ՄՊՎ-ով հարուցված հետանցքի[6], վուլվայի, հեշտոցի և անդամի քաղցկեղի դեպքերի համար[7][8]։ 6 և 11 տեսակներն առաջացնում են սրածայր կոնդիլոմաների դեպքերի մոտավորապես 90%-ը։

Բացի այդ, բարձր ռիսկայնության մարդու պապիլոմավիրուսը կանանց շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վարակն է[9]։ Թեև գարդասիլը ցանկացած փուլում չի բուժում վարակի հետևանքով առաջացրած հիվանդությունը, այնուամենայնիվ, առողջ անձանց խորհուրդ է տրվում վիրուսի հնարավոր ախտահարումից զերծ մնալու համար ընդունել պատվաստանյութը[փա՞ստ]։

Գարդասիլը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պապիլոմավիրուսի կանխարգելմանն ուղղված երկու պատվաստանյութերից մեկն է։ Այն բավականաչափ անվտանգ է[10] և իր բաղադրության մեջ չի պարունակում կենդանի վիրուսներ։ Գարդասիլը ընդունվում է միջմկանային ներարկման միջոցով։

Բժշկական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդասիլը պրոֆիլակտիկ պատվաստանյութ է և կանխարգելում է ՄՊՎ-ի վարակները։ Առավելագույն ազդեցության և արդյունավետության համար խորհուրդ է տրվում գարդասիլով պատվաստվել նախ և առաջ դեռահասներին՝ նախքան սեռական ակտիվություն ցուցաբերելը։ Այս պատվաստանյութը ունի բացառապես պրոֆիլակտիկ նշանակություն և ոչ մի կերպ չի բուժում մարդու պապիլոմավիրուսի օրգանիզմ ներթափանցման արդյունքում առաջացած հիվանդություններն ու հիվանդագին վիճակները։ Այնուամենայնիվ, վիրուսի չորս ենթատիպերից նույնիսկ մեկով վարակված կինը նույնպես կարող է պատվաստվել՝ նպատակ ունենալով զերծ մնալ ՄՊՎ-ի մյուս տարատեսակների առաջացրած կլինիկական հիվանդություններից և բարդույթներից։ Ներբանային գորտնուկների բարորակ գոյացությունն առաջանում է նույն պապիլոմավիրուսի 1, 2 և 4 ենթատիպերի կողմից և գարդասիլի կողմից չի կանխարգելվում։ Քանի որ գարդասիլը չի խոչընդոտում արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող բոլոր ենթատիպերի հասունացումը, ապա պատվաստանյութը ուղղակիորեն չի կարող փոխարինել արգանդի պարանոցի կամ վզիկի նախաչարորակ և չարորակ (քաղցկեղային) ընթացքները հայտնաբերելու համար տեսականորեն և գործնականում կիրառվող Պապանիկոլաուի թեստին (կամ ուղղակի պապ թեստ)։

Նախքան ախտահարվելը, պատվաստանյութի ընդունման պարագայում հետագայում կարելի է զերծ մնալ հիվանդության բուժման նկատառումներով արգանդի վզիկի կենսազզնման հետևանքով առաջացող հավանական անպտղությունից, ինչպես նաև նվազեցնել ՄՊՎ-ով վարակված երեխաների շրջանում ի հայտ եկող շնչառական խնդիրներից (մասնավորապես՝ լարինգեալ պապիլոմատոզը)։ Պատվաստուկը չեզոքացնում է նաև 6 և 11 ենթատիպի վիրուսների ներթափանցման արդյունքում առաջացող և սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ինչպես նաև 16, 18 տարատեսակների առաջացրած վուլվայի և հեշտոցի քաղցկեղները։ ՄՊՎ-ի վարակները՝ հատկապես վիրուսի 16-րդ ենթատիպի, նպաստում են նաև գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղի առաջացմանը (պապիլոմավիրուսը այս տեսակի քաղցկեղի 26-35% դեպքերի գլխավոր պատճառն է)։ Տեսականորեն, գարդասիլը կարող է խոչընդոտել նաև արդեն իսկ օրգանիզմ ներթափանցած պապիլոմավիրուսի զարգացմանը, սակայն այս վարկածը դեռևս ապացուցված չէ։

Արդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարդասիլով պատվաստումը կատարվում է միջմկանային ներարկման տարբերակով։ Նկարում՝ պատվաստում Երևանի Մ․Հերացու անվան պոլիկլինիկայում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ի սկզբանե գարդասիլի ընդունման համար սահմանել է երկու դեղաչափով պատվաստումային օրացույցը՝ իմունոգենության վերաբերյալ տվյալների հիման վրա։ Երկու դեղաչափով պատվաստման օրացույցի հաստատումը գլխավորապես պայմանավորված է երիտասարդ կանանց և աղջիկների շրջանում իմունային պատասխանի պատշաճ դրսևորմամբ։ Երկվալենտ, քառավալենտ և իննավալենտ պատվաստանյութերի երեք դեղաչափի կիրառությունը բարձր իմունգենություն է ցույց տվել 9-15 տարեկան աղջիկների մոտ։ Հակամարմինների տիտրն առնվազն 10 տարի բարձր է երկվալենտ պատվաստանյութի կիրառման ժամանակ՝ 100% շճադրական, հակամարմինների բարձր տիտր, առնվազն 9,9 տարի՝ քառավալենտ և իննավալենտի համար՝ 5 տարի։ Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատվել է երեք հետազոտություններով։ Երկարաժամկետ հետազոտությունների ժամանակ բացահայտվել է, որ շճադրականների մոտ IgG ցուցանիշների մակարդակը իմունաբանական հետազոտության արդյունքում համապատասխանաբար եղել է 97,6%, 96.3%, 100% և 91․4%:

Գարդասիլի կլինիկական արդյունավետությունը դրսևորվում է ՄՊՎ վարակի, ինչպես նաև արգանդի վզիկի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների ախտահարման կանխարգելման առումով։ Մասնագետների հետագա հետազոտությունների արդյունքները եզրահանգում են նրան, որ 9-14 տարեկան աղջիկների համար ՄՊՎ-ի դեմ երկվալենտ պատվաստումների իմունգենությունը ավելի ցածր չէ, քան 15-24 տարեկան 3 դեղաչափ ստացված կանանց մոտ։ Չորս ռանդոմիզացված հետազոտություններում (քառավալենտ, երկվալենտ և իննավալենտ պատվաստանյութերի) և 2 ոչ ռանդոմիզացված հետազոտությունների (քառավալենտ և երկվալենտ) պատվաստանյութերի, իմունոգենության արդյունքներն համեմատել են 9-14 տարեկան աղջիկների 2 դեղաչափ օրացույցի և 12-26 տարեկան երիտասարդ կանանց 3 դեղաչափ օրացույցի արդյունքների հետ։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատվաստանյութի զարգացման ուղղությամբ տարվող հետազոտությունները սկսվել են դեռևս 1991 թվականին Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի գիտնականներ Յան Չուի և Յան Ֆրազերի նախաձեռնությամբ։ Արդյունքում՝ Քուինսլենդի համալսարանի գիտնականները կարողանում են գտնել պատվաստանյութի ստեղծման մեթոդը՝ ոչ վարակիչ վիրուսային մասնիկների միավորման միջոցով։ Այդ գործընթացը ինքնին կարող է ուժեղացնել մարդու իմունային համակարգը։ Հետագայում պատվաստանյութի վերջնական ձևը զուգահեռաբար մշակել են Ջորջթաունի և Քուինսլենդի համալսարանների բժշկական խորհուրդների և Քաղցկեղի ազգային ինստիտուտի գիտնականները։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՄՊՎ 6, 11, 16 և 18 ենթատիպերի ոչ վարակիչ վիրուսային մասնիկներ։
  • ամորֆային ալյումինի սուլֆատ։
  • Խմորասնկեր՝ բնորոշ միցելիում չունեցող սնկեր, որոնց վեգետատիվ մարմինը մեծ մասամբ միայնակ կամ բողբոջող բջիջներ են։
  • L-հիստիդին՝ հիմնային հատկություններով օժտված ամինաթթու։
  • Պոլիսորբատ 80։
  • Նատրիումի բորատ[11][12]։

Գարդասիլը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում մարդու պապիլոմավիրոսի դեմ պայքարի ազգային ծրագիրը ներդրվել է 2017 թվականին, իսկ 2019 թվականի փետրվարի 1-ից բարձրացվել է տարիքային շեմը[13]։ Ներկայումս 13-45 տարեկան Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է պատվաստվել գարդասիլով, 13-14 տարեկանները՝ 2 դեղաչափով (0.6) իսկ ավելի մեծ տարիքային խմբի տերկայացուցիչները՝ 3 դեղաչափով (0.2.6) ամիսներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Silgard European Public Assessment Report». European Medicines Agency. 2009 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. Waknine Y (2006 թ․ հոկտեմբերի 2). «International Approvals: Singulair and Gardasil/Silgard». Medscape Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Richwine L (2009 թ․ օգոստոսի 20). «U.S. health officials back safety of Merck vaccine». Reuters. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Markowitz LE, Dunne EF, Saraiya M, Lawson HW, Chesson H, Unger ER (March 2007). «Quadrivalent Human Papillomavirus Vaccine: Recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP)» (PDF). MMWR. Recommendations and Reports (RR-2): 1–24. PMID 17380109. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Centers for Disease Control Prevention (CDC) (May 2010). «FDA licensure of quadrivalent human papillomavirus vaccine (HPV4, Gardasil) for use in males and guidance from the Advisory Committee on Immunization Practices (ACIP)» (PDF). MMWR. Morbidity and Mortality Weekly Report (20): 630–2. PMID 20508594. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. Cortez MF, Pettypiece S (2008 թ․ նոյեմբերի 13). «Merck Cancer Shot Cuts Genital Warts, Lesions in Men». Bloomberg News. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. Lowy DR, Schiller JT (May 2006). «Prophylactic human papillomavirus vaccines». The Journal of Clinical Investigation (5): 1167–73. doi:10.1172/JCI28607. PMC 1451224. PMID 16670757.
  8. Muñoz N, Bosch FX, Castellsagué X, Díaz M, de Sanjose S, Hammouda D, Shah KV, Meijer CJ (August 2004). «Against which human papillomavirus types shall we vaccinate and screen? The international perspective». International Journal of Cancer (2): 278–85. doi:10.1002/ijc.20244. PMID 15197783.
  9. Gizzo, Salvatore (September 2013). «Gardasil administration to hr-HPV-positive women and their partners». Scholars Portal.
  10. «HPV Vaccine Safety». Centers for Disease Control and Prevention. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  11. «Gardasil Prescribing information» (PDF). Merck & Co. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. «Gardasil Patient Product Information» (PDF). Merck & Co. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  13. «Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային ծրագրի հիմնական ռազմավարությունները։ Խնդիրները» (PDF). Հայաստանի Առողջապահության նախարարություն.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարդասիլ» հոդվածին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]