Jump to content

Բենջամին Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամին Հարիս
Ծնվել է1647[1]
Մահացել է1720
Քաղաքացիություն Տասներեք գաղութներ
Մասնագիտությունլրագրող, տպագրիչ, խմբագիր և հրատարակիչ

Բենջամին Հարիս (անգլ.՝ Benjamin Harris, 1647[1] - 1720, հրատարակչի գործունեություն 1673-1716 թվականներին), անգլիացի խմբագիր, հրատարակիչ և լրագրող։ Հրատարակել է առաջին ամերիկյան բազմալեզու թերթը՝ «Publick Occurrences Both Forreign and Domestick»-ը, և առաջին ամերիկյան դասագիրքը՝ «Նոր Անգլիայի այբբենարանը»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկայի առաջին թերթ, 1690

Բենջամին Հարիսը ծնվել է մոտ 1647 թվականին Լոնդոնում, վարսահարդար Ուիլյամ Հարիսի ընտանիքում։ 1663 թվականի ապրիլի 6-ից մինչև 1670 թվականի օգոստոսի 1-ը եղել է գրավաճառի աշակերտ[2]։

Բենջամին Հարիսի առաջին հայտնի հրատարակությունը (Ռոբերտ Կլավելի հետ համատեղ), որը լույս է տեսել 1673 թվականին, բապտիստ քահանա Բենջամին Քիչի տեքստն է, որի կրոնական համոզմունքների հետ Բենջամինը համամիտ էր[2]։

1673 թվականից հրատարակել է գրքեր, բրոշյուրներ և թերթեր։ Անգլիայում ունեցել է իր տպարանը։ Հրապարակումների մեծ մասը հակակաթոլիկ էին։ 1679 թվականին Հարիսի հրատարակչությունը հրատարակել է Չարլզ Բլաունթի ընդդիմադիր թերթը՝ «Դիմում երկրից քաղաք»։ Բրոշյուրում հեղինակները դեմ էին, որ անգլիական գահը ժառանգի Ջեյմս II-ը, ինչը դիտվում էր որպես ապստամբության հրահրում։ Հարիսը դատապարտվել է տուգանքի, որը չէր կարող իրեն թույլ տալ։ Բանտից դուրս գալուց հետո շարունակել է իր հակակաթոլիկ արշավը։ 1679-ից 1681 թվականներին թողարկել է նորությունների «The Loyal protestant and true domestick intelligence, or, News both from city and countrey» բրոշյուրը։ 1686 թվականին տեղափոխվել է Լոնդոն՝ սրճարան բացելու նպատակով, որը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օգտվելու հնարավորություն էր տալիս արտասահմանյան թերթերից և գրքերից։ Հետագայում անգլիական իշխանությունների կողմից բռնաճնշումներից փախել է Ամերիկա։ Ներգաղթից հետո բնակություն է հաստատել Բոստոնում։ 1688 թվականին (ըստ որոշ աղբյուրների՝ 1690 թվականին) հրատարակել է Բրիտանական Ամերիկայի առաջին դասագիրքը՝ «Նոր Անգլիայի այբբենարանը»[3]։ 1690-1695 թվականներին ղեկավարել է իր սրճարանը և շարունակել գրքեր հրատարակել։ 1692 թվականին ստացել է Մասաչուսեթսի նահանգի ակտերն ու օրենքները տպագրելու պաշտոնական հանձնարարություն[4][5][6]։

1695 թվականին վերադարձել է Լոնդոն, որտեղ շարունակել է թողարկել նորությունների բրոշյուրներ։ 1699 թվականին հրատարակել է «London Post» թերթը («Լոնդոն փոստ»), որը լույս է տեսել մինչև 1706 թվականը։ Տպագիր ալմանախները, թերթերն ու գրքերը վաճառել է տպարանում և իր խանութում։ Բենջամին Հարիսի մահվան ամսաթիվը և վայրը անհայտ են (աղբյուրներում նշված է 1716[7] կամ 1720 թվականները)։ Ամուսնացած էր և ուներ երկու որդի։ Նաև աջակցել է բարեգործությանը՝ հովանավորել է անօթևանների կացարաններն ու մանկատները[2]։

«Publick Occurrences Both Forreign and Domestick»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսը ամերիկյան առաջին բազմալեզու թերթի՝ «Publick Occurrences Both Forreign and Domestick»-ի («Հասարակական իրադարձություններ ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական») հրատարակիչն ու խմբագիրն էր, որը լույս է տեսել 1690 թվականի սեպտեմբերի 25-ին Բոստոնում։ Թերթը բաղկացած էր չորս էջից. առաջին երեքը պարունակել են տպագիր տեքստ՝ նորություններ և բամբասանքներ, չորրորդը մնացել է դատարկ։ Այն թողել են, որպեսզի այն մարդիկ, ովքեր թերթ են գնել, կարողանան վերջին էջում հետաքրքիր նորություններ գրել և փոխանցել իրենց ծանոթներին։ Առաջին թողարկումը վերաբերել է Ամերիկայի բնիկ բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունքին, գաղութային իշխանությունների քննադատությանը և Ֆրանսիայի դեմ պատերազմի մասին բացասական արտահայտություններին։ Նույն օրը թերթը փակվել է Մասաչուսեթսի նահանգապետի որոշմամբ։ Փակման հիմնական պատճառը պաշտոնական լիցենզիայի բացակայությունն էր, ինչը օրենքի լուրջ խախտում էր։ Իշխանության ներկայացուցիչներին զայրացրել են նաև տարբեր «կասկածելի և անհուսալի հաղորդագրությունները», որոնք պարունակվում էին այդ թերթում[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 Mindich, 1999
  3. Смит, 2018, էջ 26
  4. Vaughn, 2007, էջ 83
  5. IsaiahThomas, 1874, էջ 93—95
  6. Маршуба, 2021, էջ 347
  7. «First Publisher Harris». www.mparaschos.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին.
  8. Лучинский, 1996
  9. Георгиева, 2015, էջ 68

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]