Աֆրիկայի կլիման ձևավորող գործոններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աֆրիկան երկրագնդի ամենատաք մայրցամաքն է, նրա կլիման ձևաորող հիմնական գործոնները չորսն են.
1. Աշխարհագրական դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայում Արեգակը ամբողջ տարին գտնվում է բարձր դիրքում, որի շնորհիվ մայրցամաքը ստանում է մեծ քանակությամբ էներգիա։ Արեգակի տարեկան գումարային ճառագայթումը (ուղիղ և ցրված ճառագայթումը միասին) կազմում է 160-200 կկալ/սմ²։ Տաք գոտում Արեգակը ամբողջ տարվա ընթացքում յուրաքանչյուր կետում երկու անգամ լինում է զենիթում։
Ծայր հյուսիսային և հարավային մասերում, որոնք գտնվում են մերձարևադարձային գոտիներում, ձմռան միջին ջերմաստիճանը +10 +15-ից չի իջնում, իսկ Կոնգոյի իջվածքում և Գվինեական ծոցի ափերին տարեկան միջին ջերմաստիճանը մնում է +25-ի մոտ։ Կիլիմանջարոյի, Քենիայի և այլ լեռների գագաթներին գերիշխում է բարձրլեռնային ցուրտ կլիման։
2. Մթնոլորտի շրջանառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթնոլորտի շրջանառության մեջ մեծ դեր են խաղում պասսատները, հակապասսատները և արևմտյան քամիները։
Հակապասստների առաջացմանը նպաստում է հասարակածային շրջաններում ձևավորվող ցածր ճնշման գոտին, որտեղ տիրապետում են օդի վերընթաց (կոնվեկցիոն) շարժումները, որի շնորհիվ հասարակածային գոտում տարեկան թափվում են 1000-2000 մմ տեղումներ, իսկ Կամերունում՝ մինչև 10.000 մմ։ Հակապասսատները տարածվում են հյուսիս և հարավ, շեղվելով հսյուսիսային կիսագնդում՝ աջ, հարավայինում՝ ձախ։
25-35° լայնություններում օդը կուտակվում է, սառում և իջնում ցած՝ տաքանում և տեղումներ չի առաջացնում։ Այդ լայնություններում առաջանում են բարձր ճնշման երկու մարզեր։ Բարձր ճնշման մարզերից չոր օդը երկրի մակերևույթի վրայով փչում է դեպի հասարակած, որի շնորհիվ էլ առաջանում են պասսատները։ Պասսատների ազդեցությունը մայրցամաքի կիսագնդերում տարբեր է։ Հյուսիսային կիսագնդում պասսատներն անցնում են ցամաքի վրայով և իրենց հետ տանում են արևադարձային չոր օդ։ Այդ պատճառով Հյուսիսային Աֆրիկայի շրջաններում պասսատների ազդեցությունից տեղումներ գրեթե չեն լինում։ Չհաշված Կալահարի անպատի վրա փչող պասսատների, Հարավային Աֆրիկայում պասսատները փչում են Հնդկական օվկիանոսից` բերելով խոնավ օդ, բայց քանի որ այդ գոտում այնուամենայնիվ օդի հոսանքները վարընթաց են, ապա սովորաբար լինում է պարզ եղանակ, բայց ավելի քիչ չոր, քան հյուսիսային շրջաններում։
Հարավ-արևելյան պասսատները իրենց ճանապարհին հանդիպում են Մադագասկարի և Դրակոնյան լեռներին ու դրա շնորհիվ նրանց արևելյան լանջերին առատ տեղումներ են գալիս, այդ իսկ պատճառով Հարավային Աֆրիկայում արևելքից դեպի արևմուտք տեղումների քանակը նվազում է։
Այսպիսով, Աֆրիկայի վրա առաջանում են բարձր ճնշման երկու և ցածր ճնշման մեկ մարզ։ Նրա տարածքում ձևավորվում են հիմնականում օդային զանգվածների երկու տիպ` 1.հասարակածային և 2.արևադարձային և միայն ծայր հյուսիսում ու ծայր հարավում ձմեռային կիսամյակի ընթացքում գերիշխում են բարեխառն օդային զանգվածները, որոնք այդտեղ են հասնում արևմտյան քամիների միջոցով։
3. Ռելիեֆը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայի կլիմայի վրա մեծ ազդեցություն է թողնում ռելիեֆը։ Նույնիսկ հասարակածին մոտ գտնվող լեռների գագաթները ծածկված են հավերժական ձյունով։ Մադագասկարի լեռներում, Եթովպական բարձրավանդակում և այլ լեռներում տեղումները շատ են։ Կամերուն լեռան հարավարևմտյան լանջերին տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 5000 մմ, իսկ առավելագույնը՝ 10.000 մմ։
4. Ծովային հոսանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմայի ձևավորման վրա ազդում են նաև ծովային հոսանքները։ Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների սառը հոսանքները (Կանարյան, Բենգելյան և Սոմալիի) իջեցնում են մայրցամաքի առափնյա մասերի օդի ջերմաստիճանը, բացի դրանից ուժեղացնում են կլիմայի չորությունը։ Երբ ջերմաստիճանը իջնում է, գոլորշացած խոնավությունը վերածվում է թանձր մառախուղի, որի շնորհիվ էլ առաջանում է առատ ցող, հանդիսանալով խոնավության գրեթե միակ աղբյուրը։
Տաք հոսանքները (Գվինեական, Մոզամբիկի, Ասեղի հրվանդանի), ընդհակառակը, բարձրացնում են օդի ջերմաստիճանը, նպաստում օդի հագեցմանն ու տեղումների առաջացմանը։ Տաք Հոսանքների ազդեցության շրջաններում (Գվինեական ծովափ, Աֆրիկայի հարավարևելյան ափեր) կլիման միշտ տաք է և խոնավ։