Արևելյան մտրակակոթ
Արևելյան մտրակակոթ | |
Արևելյան մտրակակոթ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
Տրիբա | Anemoneae |
Ցեղ | Մամրիչ (Clematis) |
Տեսակ | Արևելյան մտրակակոթ (C. orientalis) |
Միջազգային անվանում | |
Clematis orientalis |
Մամրիչ արևելյան (լատին․՝ Clematis orientalis), հրանունկազգիներ ընտանիքի, մամրիչ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]4-6 մ բարձրությամբ, կիսափայտացած ցողուններով լիան է։ Բույսի բոլոր օրգանները խիտ գանգրամազմզուկապատ են կամ մերկ։ Տերևները փետրաձև են, մոխրականաչավուն, հաստավուն և կոշտ, տերևիկների ձևը և չափերը խիստ բազմազան են։ Ներքին տերևիկները սովորաբար 3-5 բլթականի են, երբեմն՝ եռամասնանի, ձվաձև, 1,5-5 սմ երկարությամբ։ Ծաղիկները հավաքված են ծոցային ոչ մեծ հուրաններում, բազմաթիվ են, դեղնավուն, արտաքինից հաճախ կարմրավուն։ Բաժակաթերթիկները 4-ն են, էլիպսաձև մինչև երկարավուն էլիպսաձև, 1,5-2,5 սմ Երկարությամբ, երկու կողմից կարճ թաղիքամազմզուկապատ, սրածայր։ Սերմնապտղիկները հասնում են 3 մմ երկարության, փետրամազմզուկապատ ելուստներով։ Ծաղկում է հունիս-օգոստոսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային և կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում, որտեղ հանդիպում է ամենուրեք, ծովի մակերևույթից 1100-1200 մ բարձրության վրա, բացատներում, անտառեզրերում, թփուտներում, հաճախ գետահովիտներում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռանկարային է Հայաստանի չոր կլիմա ունեցող շրջանների հատկապես՝ Արարատյան դաշտի բնակավայրերի կանաչապատման համար, Երևանում և այլ բնակավայրերում հանդիպում է աննշան քանակությամբ, սակայն աչքի է ընկնում մեծ դիմացկունությամբ և արագ աճով, առատորեն ծաղկում և պտղաբերում է[1]։ Մեր հանրապետությունում հանդիպում է խոնավ աճատեղերում, ինչպես նաև չոր քարքարոտ տարբեր թեքության լեռնալանջերին։ Հողի հանդեպ պահանջկոտ չէ։ Աչքի է ընկնում բարձր չորադիմացկունությամբ և ցրտադիմացկունությամբ։ Հեռանկարային է հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների բնակավայրերի կանաչապատման համար։ Առանձնապես բարձր գեղազարդ է աշնանը՝ պտուղների հասունացման շրջանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 127։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան մտրակակոթ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան մտրակակոթ» հոդվածին։ |
|