Արմավաշուշան հալեատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավաշուշան հալեատերև
Արմավաշուշան հալեատերև
Արմավաշուշան հալեատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Ագավայիններ (Agavoideae)
Ցեղ Արմավաշուշան (Yucca)
Վերնատեսակ 'Yucca'
Տեսակ Արմավաշուշան հալեատերև (Y. aloifolia)
Միջազգային անվանում
Yucca aloifolia
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արմավաշուշան հալեատերև (լատին․՝ Yucca aloifolia ), շուշանազգիներ ընտանիքի, արմավաշուշան ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար թուփ է, որը հասուն տարիքում առաջացնում է չճյուղավորվող մի քանի բներ՝ մինչև 8 մետր բարձրությամբ և մինչև 30 սմ բնի տրամագծով։ Բունը ներքևի մասում մերկ է, վերևի մասում՝ տերևածածկ։ Ստորին, չոր և ավելի ծեր, կանաչ տերևները դեպի ցած են կախված, իսկ գագաթայինները ուղղված են դեպի վեր։ Տերևները հարթ են, ամուր, մսալի, ուղղաձիգ, գծանման, 33-57 սմ երկարությամբ և 2,5-4,5 սմ լայնությամբ, ներքևի կողմից անփայլ են, ամռանը մուգ կանաչավուն, կարմրերանգ եզրերով, (ձմռանը տերևների ծայրերն են կարմրավուն), մանր ատամնաեզր, ոլորված հիմքից դեպի գագաթը, վերևի կողմից փայլուն են։ Գագաթում տերևները աստիճանաբար սրանում են և ավարտվում փշով։ Հուրանները խիտ են, կոմպակտ, 30-ից մինչև 75 սմ երկարությամբ և 20-30 սմ լայնությամբ։ Ծաղիկները մոմասպիտակ են, ծաղկապատի արտաքին կողմի վրա կարմրագորշավուն բծերով և շերտիկներով։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, 1 ամիս տևողությամբ։ Տուփիկը մսալի է, 6 անկյունանի, մանուշակագույն պտղամսով, կպչուն և տհաճ հոտով։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ տերևներով (եզրերին դեղին շերտերով, տերևների վերին եզրերը դեղին են, ներքևում բաց դեղնավուն շերտիկներով) և տարբեր լայնության ու ձևի տերևներով։ Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան նահանգներում (Ատլանտյան օվկիանոսի և Մեքսիկական ծոցի ափերում), Բերմուդյան կղզիներում, Յամայկայում, մեծ մասամբ ցածրավայրերում։ Հայաստանի պայմաններում հաջողությամբ է աճում Իջևանում։ 1957-1962 թվականներին փորձեր են եղել մշակել նաև Երևանի պայմաններում, սակայն մի քանի տարի մեղմ ձմռան պայմաններում աճելով, առաջին իսկ խիստ և երկարատև ձմռանը (1962-1963 թվականներ) իսպառ ոչնչացել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 328։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաշուշան հալեատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաշուշան հալեատերև» հոդվածին։