Ավես (կղզի)
Ավես | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Վենեսուելա |
Վարչատարածքային միավոր | Վենեսուելայի դաշնային տիրույթներ |
Մասն է | Փոքր Անտիլյան կղզիներ |
Երկարություն | 375 մետր |
Լայնություն | 50 մետր |
Մակերես | 0,045 |
15/40/18/N/63/36/59/W |
Ավես[1][2] (իսպ.՝ Isla de Aves՝ «Թռչունների կղզի»), Կարիբյան ծովում գտնվող փոքրիկ կղզի, որը պատկանում է Վենեսուելային։ Գտնվում է Հողմային կղզիներից արևմուտք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]4,5 հեկտար տարածք ունեցող կղզին ունի 375 մետր երկարություն և ոչ ավելի, քան 50 մետր լայնություն, գտնվում է ծովի մակարդակից 4 մետր բարձրության վրա։ Երբեմն սաստիկ փոթորիկների ժամանակ այն ամբողջությամբ անցնում է ջրի տակ։ Կղզին գտնվում է Մոնտսերատ քաղաքից 160 կմ հարավ-արևմուտք, Դոմինիկայից 100 կմ արևմուտք և Վենեսուելայի ափից 480 կմ հյուսիս։
Կղզու մակերեսը ավազոտ է, տեղ-տեղ ծածկված է նոսր բուսականությամբ։ Կղզին լիակատար էրոզիայի սպառնալիքի տակ է, և Վենեսուելայի իշխանությունները քննարկում են այն ամրապնդելու նախագծերը, որպեսզի չկորցնեն կղզու շրջակա բացառիկ տնտեսական գոտու իրավունքները։ 1980 թվականին Ալեն փոթորկի ազդեցության արդյունքում կղզին բաժանվեց երկու մասի, սակայն շուտով դրանք նորից միացան հոսանքներից ողողված ավազոտ կամրջով[3]։
Կղզում հանգստի կամ բուն դնելու համար կանգ են առնում բազում ծովային թռչուններ․ այստեղ ձվադրում են նաև կանաչ ծովային կրիաները (Chelonia mydas)։ Փոքրիկ կղզին հսկայական դեր է խաղում կանաչ ծովային կրիաների պոպուլյացիայի պահպանման գործում. այն եզակի վայրերից է, որտեղ կրիայի այս տեսակը ձվեր է դնում։ Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Կարիբյան ավազանի բոլոր ծայրերից կղզի է հասնում 350-ից 600 էգ կրիա։ 1972 թվականին կղզին հայտարարվել է վայրի բնության արգելավայր[4]։
Իր ցածր բարձրության պատճառով կղզին շատ վտանգավոր է նավարկության համար, նրա շրջակայքում բազմաթիվ նավերի խորտակումներ են տեղի ունեցել։ Վենեսուելան կղզում ունի ռազմածովային հետազոտական կայան։
Պետք չէ շփոթել այս կղզին Ավես կղզախմբի հետ (իսպ.՝ Archipiélago Las Aves), որը շատ ավելի մոտ է Վենեսուելայի ափին։
Ինքնիշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մի երկիր պաշտոնապես չի վիճարկում Վենեսուելայի իրավունքները կղզու նկատմամբ։ Այնուամենայնիվ, կարիբյան որոշ պետություններ (հատկապես Դոմինիկան) դեմ են կղզու շուրջ 200 մղոնանոց բացառիկ տնտեսական գոտի ստեղծելուն՝ վկայակոչելով ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի 1982 թվականի կոնվենցիան (որը Վենեսուելան չի ստորագրել)։ Այս կոնվենցիան արգելում է փոքր մեկուսացված անմարդաբնակ կղզիների շուրջ 12 ծովային մղոնից ավելի լայնությամբ տնտեսական գոտու ստեղծումը։ Վերջերս Դոմինիկան լրջորեն քննարկում է կղզու նկատմամբ ինքնիշխանության նկատմամբ պահանջները պաշտոնապես վերականգնելու հնարավորությունը[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին առաջին անգամ հայտնաբերել է Ավարո Սանսեն (իսպ.՝ Avaro Sanzze) 1584 թվականին․ նա կղզին հայտարարեց Իսպանիայի սեփականություն, սակայն ինքն էլ չբնակվեց այնտեղ։ Ավելի ուշ կղզիների նկատմամբ իրավունքներին հավակնեցին Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան և Նիդեռլանդները։ 1854 թվականին Նիդեռլանդների և Վենեսուելայի միջև ծագած սեփականության վեճը արբիտրաժի է ներկայացվել Իսպանիայի թագուհի Իզաբելլա II-ին, որը 1865 թվականի հունիսի 30-ին վճիռ կայացրել է հօգուտ Վենեսուելայի։ 1878 թվականից կղզում աշխատում են ամերիկացի «գուանոյի» հանքագործներ։ Մշակումները դադարեցվել են 1912 թվականին ՝ պաշարների սպառման պատճառով ։
1950 թվականին վենեսուելական արշավախումբը, որը բաղկացած էր առափնյա պահպանության երկու նավակից և տրանսպորտային նավից, մի խումբ զինվորներ ուղարկեց կղզում՝ դրանով իսկ ապահովելով կղզու կարգավիճակը՝ որպես Վենեսուելայի տարածք։ 1978 թվականին Վենեսուելայի ռազմածովային ուժերը կղզում ստեղծեցին մշտական ռազմածովային հետազոտական կայան («Սիմոն Բոլիվար»)։ 2004 թվականին զինվորականներն ընդլայնեցին կայանը՝ դրա համար հատուկ շենք կառուցելով բարձր կույտերի վրա, որն այնքան էլ չի վախենում կարիբյան փոթորիկներից։ Մի խումբ գիտնականներ և ռազմական մասնագետներ մշտապես աշխատում են կղզում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20110716195851/http://www.minci.gob.ve/dossier/39/?desc=26531. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Santa Cruz, Alonso de (1918). Islario general de todos las islas del mundo. Con un prólogo de D. Antonio Blázquez. Robarts - University of Toronto. Madrid Patronato de Huérfanos de Intendencia é Intervención Militares.
- ↑ «Tiempo y Espacio» (PDF).
- ↑ «iespaña».
- ↑ «OECS has accepted Venezuela's sovereignty over Bird Island -Ralph Gonsalves». Stabroek News (ամերիկյան անգլերեն). 2007 թ․ ապրիլի 1. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Авес, остров в Антильском море». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Radio Amateur DX արշավախումբը Ավես կղզում 2014 YW0A