Ալեքսեյ Լյուբիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Լյուբիմով
Ծնվել էսեպտեմբերի 16, 1944(1944-09-16) (79 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար և կլավեսինահար
Գործիքներդաշնամուր, կլավեսին և երգեհոն
ԼեյբլECM Records, Մելոդիա և Erato Records?
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Ալեքսեյ Լյուբիմով, (սեպտեմբերի 16, 1944(1944-09-16), Մոսկվա, ԽՍՀՄ), դաշնակահար, այսօրվա առավել գունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից։ Նրա մեծ երկացանկին զուգորդված է նվիրվածությունն իր սկզբունքներին և երաժշտական բարոյականությանը, ինչը նրան դարձրել է մի ուշագրավ բացառություն այսօրվա երաժշտական ասպարեզում։

Ուսանելով Հենրիխ Նեյհաուզի մոտ՝ Ալեքսեյ Լյուբիմովը վաղ ժամանակից երկակի սեր է տածել ավանդական երաժշտական գործիքներով կատարվող բարոկկո և 20-րդ դարի ականավոր կոմպոզիտորների (Շյոնբերգ, Վեբեռն, Շտոկհաուզեն, Բուլեզ, Այվզ, Լիգետի, Շնիտկե, Գուբայդուլինա, Սիլվեստրով, Պյարտ) ստեղծագործության հանդեպ։ Նա իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ Ռուսաստանում և այնտեղ հիմնադրել «Այլընտրանք» երաժշտական փառատոնը։ Ստեղծել է բարոկկո երաժշտության քառյակ 1970-ականներին, երբ միջազգային ուղևորություններն անհնար էին։ Հին և նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական և ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ցույց են տալիս նրա բազմաթիվ ձայնագրությունները։ Երբ 1980-ականներին քաղաքական սահմանափակումները Ռուսաստանում հանվել են, Ալեքսեյ Լյուբիմովը դարձել է առաջին աստիճանի միջազգային դաշնակահարներից մեկը, որ համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։ Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցել է միջազգային դիրիժորների՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնևի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի և Տորտելիեի հետ։ Պատմական ելույթներ է ունեցել Լուսավորության դարի նվագախմբի, Վիեննայի ակադեմիայի և Գենտի Կոլեգիա վոկալե խմբերի հետ։ Կամերային երաժշտության ասպարեզում պարբերական ելույթներ է ունենում փառատոներում հայտնի մենակատարների և համույթների հետ ողջ աշխարհում։ Համերգներ է ունեցել Բիրմինգհեմի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի, Մոսկվայի Ռուսաստանի ազգային նվագախմբի և Թոնքյունսթլերօրքեսթերի (երկու համերգ Վիեննայի Մյուզիքվերայնի մեծ դահլիճում), ինչպես նաև բազմաթիվ մենահամերգներ։ «Հայդն» սիմֆոնիետայի հետ կատարել է համերգային շրջագայություն՝ նվագելով Մոցարտի կոնցերտները և կատարել Մոցարտ Իտալական Շվեյցարիայի նվագախմբի հետ՝ Ռոբերտ Քինգի ղեկավարությամբ, Հայդն՝ Կամերատա Զալցբուրգի հետ (նվագավար՝ սըր Ռոջեր Նորինգթոն) Նյու Յորքում։ Կատարել է Պյարտի Lamentate-ն Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ Մյուզիքվերեյնում (նվագավար՝ Անդրեյ Բորեյկո) և Տամպերեի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Ջոն Սթորգարդերի ղեկավարությամբ։ Այլ կատարումներից կարևոր են Սկրյաբինի «Պրոմեթևսը» Զալցբուրգի փառատոնում և Կոպենհագենում և ելույթներ Լուսավորության դարի նվագախմբի (Բեթհովեն), Մյունխենի ֆիլհարմոնիկի (Սիլվեստրով), Շթութգարդի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի (Պյարտ), Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբի (Պյարտ), դանիական ազգային սիմֆոնիկ նվագախմբիa (Պյարտ, ) Anima eterna Brugge խմբի և Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ համատեղ։ Նրա ձայնագրությունները թողարկել են տարբեր ֆիրմաներ, այդ թվում՝ Մելոդիա, Էրատո, ԲԻՍ, Սոնի, որոնց մեջ են Մոցարտի ամբողջական սոնատները, Շուբերտի, Շոպենի, Բեթհովենի և Բրամսի, ինչպես նաև 20-րդ դարի կոմպոզիտորների երաժշտություն։ 2003-ից նա պարբերաբար ձայնագրել է ECM ֆիրմայի համար՝ արտադրելով որոշ առումով անսովոր ձայնասկավառակներ, որոնցից հատկապես արժե նշել «Der Bote»-ն՝ Լիստի, Գլինկայի և Բախի երաժշտությունը Ջոն Քեյջի և Տիգրան Մանսուրյանի հետ միասին, Արվո Պյարտի Lamentate-ն Շթութգարդի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, «Messe Noir»-ը՝ Ստրավինսկիի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և Սկրյաբինի երաժշտությամբ, ինչպես նաև «Misteriosos»-ը՝ Սիլվեստրովի, Պյարտի և Ուստվոլսկայայի երաժշտությամբ։ Շուբերտի Impromptus Op. 90 և Op.142 ստեղծագործությունների նրա կատարումները թողարկվել են 2009-ին, «Հարմոնիա Մունդի» ֆիրմայի կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]