Ալեքսեյ Լյուբիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Լյուբիմով
Alexei Lubimov Odessa 3.03.84.jpg
Ծնվել է սեպտեմբերի 16, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:16|2|0}}) (72 տարեկան)
Մոսկվա
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն դաշնակահար
Գործիքներ դաշնամուր
Լեյբլ ECM Records

Ալեքսեյ Լյուբիմով, (սեպտեմբերի 16, 1944, Մոսկվա), դաշնակահար, այսօրվա առավել գունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից։ Նրա մեծ երկացանկին զուգորդված է նվիրվածությունն իր սկզբունքներին և երաժշտական բարոյականությանը, ինչը նրան դարձրել է մի ուշագրավ բացառություն այսօրվա երաժշտական ասպարեզում։

Ուսանելով Հենրիխ Նեյհաուզի մոտ՝ Ալեքսեյ Լյուբիմովը վաղ ժամանակից երկակի սեր է տածել ավանդական երաժշտական գործիքներով կատարվող բարոկկո և 20-րդ դարի ականավոր կոմպոզիտորների (Շյոնբերգ, Վեբեռն, Շտոկհաուզեն, Բուլեզ, Այվզ, Լիգետի, Շնիտկե, Գուբայդուլինա, Սիլվեստրով, Պյարտ) ստեղծագործության հանդեպ։ Նա իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ Ռուսաստանում և այնտեղ հիմնադրել «Այլընտրանք» երաժշտական փառատոնը։ Ստեղծել է բարոկկո երաժշտության քառյակ 1970-ականներին, երբ միջազգային ուղևորություններն անհնար էին։ Հին և նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական և ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ցույց են տալիս նրա բազմաթիվ ձայնագրությունները։ Երբ 1980-ականներին քաղաքական սահմանափակումները Ռուսաստանում հանվել են, Ալեքսեյ Լյուբիմովը դարձել է առաջին աստիճանի միջազգային դաշնակահարներից մեկը, որ համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։ Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցել է միջազգային դիրիժորների՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնևի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի և Տորտելիեի հետ։ Պատմական ելույթներ է ունեցել Լուսավորության դարի նվագախմբի, Վիեննայի ակադեմիայի և Գենտի Կոլեգիա վոկալե խմբերի հետ։ Կամերային երաժշտության ասպարեզում պարբերական ելույթներ է ունենում փառատոներում հայտնի մենակատարների և համույթների հետ ողջ աշխարհում։ Համերգներ է ունեցել Բիրմինգհեմի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի, Մոսկվայի Ռուսաստանի ազգային նվագախմբի և Թոնքյունսթլերօրքեսթերի (երկու համերգ Վիեննայի Մյուզիքվերայնի մեծ դահլիճում), ինչպես նաև բազմաթիվ մենահամերգներ։ «Հայդն» սիմֆոնիետայի հետ կատարել է համերգային շրջագայություն՝ նվագելով Մոցարտի կոնցերտները և կատարել Մոցարտ Իտալական Շվեյցարիայի նվագախմբի հետ՝ Ռոբերտ Քինգի ղեկավարությամբ, Հայդն՝ Կամերատա Զալցբուրգի հետ (նվագավար՝ սըր Ռոջեր Նորինգթոն) Նյու Յորքում։ Կատարել է Պյարտի Lamentate-ն Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ Մյուզիքվերեյնում (նվագավար՝ Անդրեյ Բորեյկո) և Տամպերեի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Ջոն Սթորգարդերի ղեկավարությամբ։ Այլ կատարումներից կարևոր են Սկրյաբինի «Պրոմեթևսը» Զալցբուրգի փառատոնում և Կոպենհագենում և ելույթներ Լուսավորության դարի նվագախմբի (Բեթհովեն), Մյունխենի ֆիլհարմոնիկի (Սիլվեստրով), Շթութգարդի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի (Պյարտ), Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբի (Պյարտ), դանիական ազգային սիմֆոնիկ նվագախմբիa (Պյարտ, ) Anima eterna Brugge խմբի և Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ համատեղ։ Նրա ձայնագրությունները թողարկել են տարբեր ֆիրմաներ, այդ թվում՝ Մելոդիա, Էրատո, ԲԻՍ, Սոնի, որոնց մեջ են Մոցարտի ամբողջական սոնատները, Շուբերտի, Շոպենի, Բեթհովենի և Բրամսի, ինչպես նաև 20-րդ դարի կոմպոզիտորների երաժշտություն։ 2003-ից նա պարբերաբար ձայնագրել է ECM ֆիրմայի համար՝ արտադրելով որոշ առումով անսովոր ձայնասկավառակներ, որոնցից հատկապես արժե նշել «Der Bote»-ն՝ Լիստի, Գլինկայի և Բախի երաժշտությունը Ջոն Քեյջի և Տիգրան Մանսուրյանի հետ միասին, Արվո Պյարտի Lamentate-ն Շթութգարդի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, «Messe Noir»-ը՝ Ստրավինսկիի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և Սկրյաբինի երաժշտությամբ, ինչպես նաև «Misteriosos»-ը՝ Սիլվեստրովի, Պյարտի և Ուստվոլսկայայի երաժշտությամբ։ Շուբերտի Impromptus Op. 90 և Op.142 ստեղծագործությունների նրա կատարումները թողարկվել են 2009-ին, «Հարմոնիա Մունդի» ֆիրմայի կողմից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]