Ադրիան Նիկչին ֆուտբոլով զբաղվել սկսել է շվեյցարական «Ուստեր» ակումբում։ 2002 թվականի հունվարին նա տեղափոխվել է «Ցյուրիխ» ակումբ։ 2008/09 մրցաշրջանում Ադրիան Նիկչին ընդգրկվել է ակումբի հիմնական կազմում՝ այդ մրցաշրջանում մասնակցելով 34 հանդիպման և խփելով 4 գոլ։ Այդ ժամանակ «Ցյուրիխը» դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ «Ցյուրիխի» կազմում Ադրիան Նիկչին իր առաջին գոլը խփել է Շվեյցարիայի գավաթի առաջնության 2008/09 մրցաշրջանում. դա եղել է միակ գոլը «Շաֆհաուզենի» դեմ խաղում[3]։ Սուպերլիգայում Ադրիան Նիկչին առաջին անգամ աչքի է ընկել 2009 թվականիմարտի 8-ին՝ «Լյուցերնի» հետ հանդիպման ժամանակ. այդ խաղի ամենավերջում նա դուբլ է ձևակերպել՝ մեծ ներդրում ունենալով իր թիմի հաղթանակի ձեռքբերման գործում[4]։ Ադրիան Նիկչին «Ցյուրիխի» կազմում մասնակցել է նաև եվրaգավաթների, որտեղ իր առաջին գոլը նա խփել է 2009/10 ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ընթացքում՝ «Մարիբոր» ակումբի դեմ խաղի հաշիվը դարձնելով 3:0[5]։
2012 թվականի ամռանը Ադրիան Նիկչին 600 հազար եվրոյի դիմաց տեղափոխվել է գերմանական «Հաննովեր 96»[6]։ Գերմանական Բունդեսլիգայում Ադրիան Նիկչին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «Շալկե 04» ակումբի դեմ տնային խաղի ժամանակ, որի ընթացքում էլ նա աչքի է ընկել առաջին անգամ՝ հանդիպման 80-րդ րոպեին հավասարեցնելով խաղի հաշիվը[7]։ Սեպտեմբերի վերջին Ադրիան Նիկչին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է մենինգիտ[8]։
Ֆուտբոլիստը հիվանդանոցից դուրս է գրվել երկու շաբաթ անց։ Հիվանդության ու վնասվածքների պատճառով Ադրիան Նիկչին մասնակցել է քիչ թվով խաղերի, իսկ 2014 թվականի հունվարին «Հաննովեր 96»-ի նոր մարզիչ Տայֆուն Կորկուտը Նիկչիին ուղարկել է ակումբի երկրորդական կազմ՝ պատճառաբանելով, թե նա քիչ է մարզվել[9]։ Շուտով Ադրիան Նիկչին վարձավճարով սկսել է խաղալ «Տուն» ակումբում։ 2015 թվականին Ադրիան Նիկչին մի որոշ ժամանակ խաղացել է «Նյուրնբերգ» ակումբում, որից հետո՝ նույն թվականին, տեղափոխվել է «Ունիոն» ակումբ։