Jump to content

VO.X

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
VO.X
Բնօրինակ անունVO.X (Վոքս)
ԺանրերԷլեկտրոփոփ
Բրիտփոփ
Ինդիփոփ
Չիլաութ
Ալտերնատիվ ռոք
Գոսպել
Փոփ-ռոք
Գործունեություն1999-ից
ԼեյբլVO.X Production
Կայքwww.thevoxproject.com

VO.X (Վոքս)՝ երաժիշտ-պրոդյուսեր Արամ Րիանի երաժշտական նախագծերից մեկը. նախկինում հայտնի որպես խումբ-դուետ՝ Արամ Րիանի և Գայա Սարգսյանի մասնակցությամբ, այնուհետև` որպես սոլո–նախագիծ ի դեմս միայն Արամ Րիանի, իսկ 2017 թվականից` որպես դուետ-համագործակցություն Րիանի և երաժշտական պրոդյուսեր May-ի միջև։ Հիմնվել է 1999 թվականին Երևանում` երգահան–կիթառահար Իգոր Սիլեցկու նախաձեռնությամբ։ Ստեղծագործական գործունեությունը ծավալել է Անգլիայում և Հայաստանում։

Նախապես հիմնվել է որպես քրիստոնեական ռոք-խումբ ժամանակակից գոսպել ոճում և եղել է հայկական (փոփ-) ռոքի վետերաններից մեկը, սակայն հայտնի է դարձել, հանդես գալով բրիտանական փոփի տարբեր ժամանակակից ձևաչափերով։ Երբեմն նախագիծը կոնկրետ ոչ մի հստակ ժանր չի հետապնդում` այնուամենայնիվ մշտապես պահպանելով իր հայտնի բրիտանական երանգը։ VO.X-ի երաժշտությունն իր մեջ պարունակում է էլեկտրոփոփի, ինդիփոփի, չիլաութի, ռոքի, ջազի, փոփի, հեղինակային երգի և սիմֆոնիկ երաժշտության տարրեր։ Երգերը հիմնականում անգլերեն լեզվով են և հայերեն, սակայն երգացանկում եղել են նաև ստեղծագործություններ ռուսերենով ու իսպաներենով։ Մեծ Բրիտանիայում, Բրիտանական ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում, Վոքսը երկու անգամ ճանաչվել է լավագույն նոր նախագիծ` ժամանակակից գոսպել ոճում։

VO.X-ի բոլոր գործիքավորումների, ձայնագրությունների, տեսահոլովակների և ստեղծագործությունների մեծ մասի հեղինակն է Արամ Րիանը (բացառությամբ May-ի հետ համագործակցական ստեղծագործությունների, որոնցում աշխատանքը կատարված է 50/50 սկզբունքով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • VO.X (Վոքս) խումբ-նախագիծը կազմավորվել է 1990-ականներին Երևանում` Իգոր Սիլեցկու, Արամ Րիանի և Գայա Սարգսյանի մասնակցությամբ։ Առաջին ձայներիզը «Passions of Cain» ուսանողական ռոք-դրաման է, թողարկվել է 1999 թվականին Հայաստանում։ Այնուհետև Մեծ Բրիտանիայում ապրած տարիների ընթացքում Արամ Րիանը և Գայա Սարգսյանը դուետային կազմով թողարկել են «Hand On The Plough» ալբոմը ժամանակակից ակուստիկ գոսպել-ռոք ոճով։ 2003 ու 2004 թվականներին, Բրիտանական ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում, Վոքսը երկու անգամ ճանաչվել է լավագույն նորաստեղծ նախագիծ` ժամանակակից գոսպել ոճում։ Առաջին անգամ «No Matter» երգի շնորհիվ, երկրորդ անգամ`«Gone With The Wind»-ի։ Երկու երգն էլ երկար ժամանակ հնչել են անգլիական Բի-Բի-Սի հանրային ռադիոկայանի եթերում։ 2004 թվականին «No Matter» երգը ներառվել է «Բրիտանական գոսպելի լավագույնները» (Best Of British Gospel) պաշտոնական հավաքածուի մեջ, որը թողարկվել է Iona Group ընկերության կողմից։
  • 2005 թվականին Անգլիայում թողարկվեց «Lifewise» (2006) անվանումով ալբոմը։ Ալբոմի երգերը տարբեր ուղղվածությունների ազդեցություն ունեն՝ բլյուզ, սիմֆոնիկ երաժշտություն և ռոք։ Ալբոմը ստացել է դրական գնահատականներ բրիտանական երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչներից։ Մաստերինգը կատարել է հայտնի հարվածահար և պրոդյուսեր Ջեյմի Լեյնը` Pink Floyd խմբի հիմնած Britannia Row Studios ձայնագրման ստուդիայում։
  • Որոշ ժամանակ անց Արամն ու Գայան սկսել են ակտիվորեն ներկայացնել VO.X-ի նոր հայալեզու ստեղծագործությունները բրիտանական ոճում հայաստանյան ունկնդրին` բազում «կենդանի» ելույթների, տեսահոլովակների, մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի միջոցով։ Այդ փուլում նրանց «Նոր օրվա երգ», «Նոր տարվա երգ», «Առհավետ», «Made in Երևան» ստեղծագործություններն իրենց բարի երևանյան ոգով և նեո–ռետրոյատիպ տեսահոլովակներով հանդերձ դարձել էին Վոքսի հայաստանյան այցեքարտը, իսկ «Սենյակ No.101», «Երևանյան դիսկո», «Ես իմ անուշ Հայաստանի» և «Թեղուտ» երգերն ի հայտ բերեցին VO.X-ին որպես հասարակական խնդիրներ բարձրաձայնող յուրահատուկ երաժշտական երևույթ Հայաստանում։
  • 2009 թվականին VO.X-ը համագործակցեց մի խումբ հայաստանյան երիտասարդ արտիստների հետ (Նորո, Մարի, Վահրամ Պետրոսյան, Անուշիկ Ալավերդյան, Արմեն Սարգսյան, Մարիաննա Հովհաննիսյան, Արևիկ Ալավերդյան, էրիկ, Աստղիկ Սաֆարյան, Գոռ Սուջյան, Լիլիթ Հովհաննիսյան, Վարդան Բադալյան, Արսեն Գրիգորյան, Հովակ Ալավերդյան, Արատտա)` ստեղծելով ամանորյա տեսահոլովակ Արամ Րիանի «Միասնության մեծ օրը» երգի հիման վրա։
  • Հայալեզու ստեղծագործական ուղու արդյունք է դարձել նախագծի 4-րդ ալբոմը` «Made In Երևան» խորագրով, որը թողարկվեց 2010 թ. նոյեմբերի 14-ին։ Այդ շրջանում Վոքսը երկու անգամ նոմինացվել է Հայկական Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության շրջանակներում` լավագույն խումբ և լավագույն ալբոմ անվանակարգերում։
  • Այնուհետև դուետը, պարբերաբար վերածվելով խմբի, ելույթներ է ունեցել տարբեր փառատոններին և համերգներին։ «Կենդանի» ելույթների ընթացքում Վոքսը համագործակցել է տարբեր տաղանդավոր երաժիշտների հետ (Արտյոմ Մանուկյան, Հովակ Ալավերդյան, Կարեն Մամիկոնյան, Աշոտ Կորգանյան, Էդգար Սահակյան, Սուրեն Սարգսյան և այլն), որոնք, սակայն, երբևէ չեն մասնակցել VO.X-ի տաղավարային ձայնագրություններում։
  • 2011 թ. մարտի 8-ին Վոքսի ելույթով Երևանում բացվել է Բրիտանական ֆիլմերի IX ամենամյա փառատոնը[1]։
  • 2011 թ. օգոստոսի 26-ին VO.X-ի ելույթով մեկնարկել է Երևանի «Yerevan Summer Music Festival 2011» եռօրյա ռոք/մետալ երաժշտության փառատոնը[2]։ Նույն օրը Արամ Րիանը հայտարարել է իր անձնական «Carlyle Road» ալբոմի թողարկման մասին։
  • «Carlyle Road»-ը դարձավ VO.X-ի հերթական ալբոմն անգլերեն լեզվով` ազդարարելով նախագծի նոր փուլ` ի դեմս միայն Արամ Րիանի[3]։
  • 2012 թվականին Carlyle Road ալբոմից «Off The Beaten Path» երգի հիման վրա ստեղծած տեսահոլովակը, որի անիմացիոն մասը նկարահանել էր «Գոյա» մրցանակի դափնեկիր, իսպանաբնակ իտալացի ռեժիսոր Ջիովանի Մաչելին, ճանաչվեց լավագույն երաժշտական տեսահոլովակ` պատվավոր Միջազգային Երգարվեստի Մրցույթում (ԱՄՆ)[4]։
  • Նույն թվականին տեղի ունեցավ ևս մեկ միջազգային համագործակցություն. ամերիկացի ռեժիսոր Ջեյսոն Հելոուզի և Արամ Րիանի ջանքերով ստեղծվեց VO.X-ի «The Black Hole Syndrome» տեսահոլովակը[5]։
  • 2012 թվականից VO.X-ը սկսել է հանդես գալ միայն տաղավարային նախագծի ձևաչափով` աուդիո ձայնագրությունների և տեսահոլովակների միջոցով։ Արամ Րիանը պատճառաբանել է այդ այն փաստով, որ կենդանի համերգներին դեռևս հնարավոր չէ վերարտադրել VO.X-ի բուն մաքուր «ֆիրմային» հնչողությունը, որն առկա է նախագծի ձայնագրություններում։
  • Նույն ժամանակահատվածում թողարկման էին պատրաստվում ռուսալեզու «Эндорфин» ալբոմը՝ հիմնադիր Իգոր Սիլեցկու մասնակցությամբ, ինչպես նաև տեսաերիզ` Վոքսի կենդանի համերգների ձայնագրություններով։ Սակայն այդ աշխատանքներն այդպես էլ չավարտվեցին։
  • 2016 թվականին Արամ Րիանը (իր դստեր` Ռեբեկկա Ջուըլի հետ միասին) դարձավ երաժշտական ոլորտի առաջին հայաստանյան ներկայացուցիչը, որը կոնտակտ ունեցավ «Բիթլզ» (The Beatles) հանրահայտ քառյակի Փոլ ՄքՔարթնիի հետ` Իսպանիայում, վերջինիս մադրիդյան համերգի ավարտին։ Լեգենդար բիթլը (որը միշտ եղել է VO.X-ի հիմնական երաժշտական ազդեցությունը) մեծ ոգևորությամբ և շնորհակալությամբ անձամբ ընդունել է Արամից Հայաստանն ու VO.X-ի երգարվեստը ներկայացնող նվերներ[6]։
  • «From Rián To McCartney» (Րիանից` ՄքՔարթնիին) ալբոմը, որն Արամ Րիանն անձամբ նվիրել էր Փոլ ՄքՔարթիին Մադրիդում, դարձավ VO.X նախագծի 6-րդ ալբոմը և հանրության համար ժամանակավորապես թողարկվեց 2016 թվականի դեկտեմբերին[7]։
  • 2017 թ. օգոստոսին VO.X նախագծի շրջանակներում լույս տեսավ Արամ Րիանի դստեր Ռեբեկկա Ջուըլ Րիանի առաջին հեղինակային երգը` Moving On[8]:
  • 2017 թ. սեպտեմբերի սկզբին VO.X-ը հանդես եկավ որպես նորակազմ դուետ-համագործակցություն` ի դեմս Րիանի և երաժշտական պրոդյուսեր May-ի։ Համացանցում հայտնվեցին մի քանի նոր տեսահոլովակներ` ազդարարելով նախագծի նոր շունչը և նոր ալբոմի մոտակա գալուստը։
  • Եւ, վերջապես, 2017 թ. նոյեմբերի 14-ին թվային ձևաչափով թողարկվեց VO.X-ի 7-րդ` «One-Way Ride» (Ուղևորություն մեկ ուղղությամբ) ալբոմը բրիտանական էլեկտրոփոփ եւ ինդի-փոփ ոճերում։ Ալբոմի երգերից «When The Worlds Collide»-ը դարձավ Միջազգային Երգարվեստի Մրցույթի (ԱՄՆ) հաղթողներից մեկը 2017–ում, իսկ «No Home»–ը` ամենաշատ ունկդրածն ու սիրվածը Վոքսի նոր երգացանկից[9]։
  • 2017 թվականը եզրափակվեց Ռեբեկկա Ջուըլ Րիանի նոր` «Space Dream» երգով, իսկ Rián & May թիմը հրատարակեց նոր սուրբ-ծննդյան երգ հայերեն լեզվով` «Հյուրը»։
  • 2019-ին արձանագրվեց նոր երաժշտական շրջան VO.X-ի երգարվեստում։ Լույս տեսան հետևյալ single-ները. Tiil the Lost Are Found (Rian և May), The Awakening (Rian և May), Մերկ մտքեր (May / Մեյ), Arise (Rian և May), Stereologue (Rian և May), «Լա-լա-լա» (Rian և May) և «Բարև, աղջիկս» (Rian / Արամ Րիան)։
  • 2019-ի մայիսին "Arise" երգն ընդգրկվեց Spotify-ի հանրահայտ New Music Friday երգացանկի մեջ` հավաքելով հազարավոր լսումներ։
  • Իսկ Ռեբեկկա Ջուըլ Րիանը թողարկեց իր «Մտամոլոր» հեղինակային երգը։
  • 2019-ի նոյեմբերին Հայաստան Համահայկական Հիմնադրամը նոր վերամշակած տարբերակով օգտագործեց VO.X-ի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն (2009) որպես Հեռուստամարաթոն-2019 պաշտոնական հիմն։ Վերամշակումն ու տեսահոլովակի նկարահանումը կատարեց Factory Production-ը։ Նոր տարբերակում մասնակցեցին տվյալ շրջանի սիրված ՀՀ արտիստներից. Վան Նեմրա, Սրբուկ, Սոնա Ռուբենյան, Միշա, Գրիգոր Կյոկչյան, Ալին Դեմիրճյան։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա.

  • Արամ Րիան / Aram Rian (կամ ուղղակի Րիան / Rián) [1999 - ներկա] – երգերի հեղինակ, վոկալ, գործիքավորում, երաժ.արտադրում, վիդեոգրաֆիա
  • May (կամ May Zoean / Մեյ Զոյան) [2016 - 2019] - երգերի հեղինակ, վոկալ, գործիքավորում, երաժ. արտադրում

Պարբերական.

  • Ռեբեկկա Ջուըլ Րիան / Rebecca Jewel Rian [2008 - ներկա] - երգերի հեղինակ, վոկալ, ստեղնաշարայիններ

Նախկին.

  • Գայա / Gaya (Սարգսյան) [1999 - 2011] - վոկալ, ակուստիկ կիթառ, երգերի հեղինակ, ստեղնաշարայիններ
  • Իգոր Սիլեցկի [1999 - 2000] - երգերի հեղինակ, վոկալ, սոլո-կիթառ

Համերգային խումբ.

  • Արտյոմ Մանուկյան [2008 - 2010] - բաս-կիթառ, թավջութակ
  • Կարեն Մամիկոնյան [2008 - 2012] - դաշնամուր, ստեղնաշարայիններ
  • Աշոտ Կորգանյան [2008 - 2012] - հարվածայիններ
  • Հովակ Ալավերդյան [2008] - սոլո-կիթառ
  • Էդգար Սահակյան [2011 - 2012] - բաս-կիթար

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Passions of Cain» - [ռոք-դրամա - կասետ] (Իգոր Սիլեցկի, Արամ Րիան, Գայա Սարգսյան)
  • 2004 - «Hand On The Plough» - [ալբոմ - CD] (Արամ Րիան, Գայա Սարգսյան)
  • 2006 - «Lifewise» - [ալբոմ, CD] (Արամ Րիան, Գայա Սարգսյան)
  • 2010 - «Made in Yerevan» - [ալբոմ - CD] (Արամ Րիան, Գայա Սարգսյան)
  • 2012 - «Carlyle Road»- [ալբոմ - CD, համացանց] (Արամ Րիան)
  • 2016 - «From Rián to McCartney» - [հավաքածու-ալբոմ - մեկական CD` նվիրած Փոլ ՄքՔարթնիին] (Արամ Րիան)
  • 2017 - «Moving On» - [համացանց - սինգլ] (Ռեբեկկա Ջուըլ Րիան)
  • 2017 - «One-Way Ride» - [համացանց - ալբոմ] (Rián & May)
  • 2019 - «Till the Lost Are Found» - [համացանց - սինգլ] (Rián & May)
  • 2019 - «The Awakening» - [համացանց - սինգլ] (Rián & May)
  • 2019 - «Մերկ մտքեր» - [համացանց - սինգլ] (May/Մեյ)
  • 2019 - «Arise» - [համացանց - սինգլ] (Rián & May)
  • 2019 - «Մտամոլոր» - [համացանց - սինգլ] (Ռեբեկկա Ջուըլ Րիան)
  • 2019 - «Stereologue» - [համացանց - սինգլ] (Rián & May)
  • 2019 - «Բարև, աղջիկս» - [համացանց - սինգլ] (Արամ Րիան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]