«Stranger in Moscow» (հայերեն՝ Օտարերկրացին Մոսկվայում), ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը, նրա HIStory: Past, Present and Future, Book I իններորդ ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլը։ Այն միայնության մասին թախծոտ բալլադ է ռիթմ ընդ բլյուզ ժանրում, հեղինակն ու պրոդյուսերը Մայքլ Ջեքսոնն է։ Երգի ստեղծումը խթան է դարձել նոր լիարժեք ստուդիական ալբոմի թողարկման համար։
Սինգլը Եվրոպայի երկրներում թողարկվել է 1996 թվականի նոյեմբերին, իսկ ԱՄՆ-ում կես տարի անց թողարկվել են երգի ռեմիքսները։ «Stranger in Moscow» երգն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում և հինգերորդը Շվեյցարիայում, ինչպես նաև ընդգրկվել է լավագույն տասնյակում Ավստրիայի, Նիդերլանդների և Նոր Զելանդիայի հիթ-շքերթներում։ «Stranger in Moscow» երգի տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր և լուսանկարիչ Նիք Բրանդտի կողմից։
«Stranger in Moscow» երգը գրվել է Ջեքսոնի կողմից 1993 թվականին մոսկովյան հյուրանոցներից մեկի համարում։ Երաժշտն սկսել է հորինել երգը անձրևոտ առավոտյան, նա կանչել է հնչյունային ռեժիսոր Բրեդ Բաքսերին, և նրանք միասին ստեղծել են գրեթե ողջ երգը մեկուկես ժամվա ընթացքում․ նախ՝ ակորդների հիմնական հաորդականությունը, ապա մեղեդին։ Ավելի ուշ Ջեքսոնը գրել է տեքստը և արել գործիքավորումը[1]։ Երաժիշտը պատմել է, թե այդ ժամանակն իր համար ծանր շրջան էր, ու ինքը միայնակ էր, և «Stranger in Moscow» երգի տեքստը պատմում է «աշխարհի աչքի առաջ հանկարծակի մահացու անկման մասին» (անգլ.՝ «Swift and sudden fall from grace»)[1][2]։ Երգը դանդաղ տեմպի ստեղծագործություն է, որ ձայնագրված է լյա-բեմոլ մաժոր տոնայնությամբ[3]։ Այն սկսվում է անձրևի ձայնով, ապա սկսվում է պերկուսիան, որի համար օգտագործվել է Ջեքսոնի բիթբոքսը, և կիթառի նվագ[4]։
HIStory: Past, Present and Future, Book I ալբոմը նախապես պլանավորված էր որպես Ջեքսոնի հիթերի հավաքածու մի քանի նոր երգերով, սակայն հենց «Stranger in Moscow» երգն է խթան հանդիսացել, որպեսզի այդ հրատարակությունը թողարկվի որպես լիարժեք ստուդիական ալբոմ՝ նոր նյութով[1]։
«Stranger in Moscow» երգը թողարկվել է 1996 թվականի նոյեմբերի 4-ին որպես Մայքլ Ջեքսոնի HIStory: Past, Present and Future, Book I ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլ։ Եվրոպայում այն հրատարակվել է վինիլային սկավառակներով, կասետներով ու CD սկավառակներով։ Մասնավորապես Մեծ Բրիտանիայում թողարկվել է երկու սկավառակից բաղկացած CD-հրատարակությամբ[5]։ ԱՄՆ-ում թողարկվել են միայն երգի ռեմիքսները[6]։ Շապիկի նկարն արվել է 1993 թվականին՝ Ջեքսոնի՝ Մոսկվա կատարած ուղևորության ժամանակ։ «Stranger in Moscow» երգն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում, եղել է երկրորդն Իտալիայում և հինգերորդը Շվեյցարիայում, ինչպես նաև ընդգրկվել է Ավստրիայի, Նիդերլանդների ու Նոր Զելանդիայի հիթ-շքերթների լավագույն տասնյակներում[7][6][8]։
Rolling Stoneի լրագրողը գրել է, թե երգը հիշեցնում է 1980-ական թվականների սինթի փոփ[9]։ New York Times-ում գրել են․ «Սա մեղեդային կոմպոզիցիա է տարօրինակ տեքստով, որ ունի հիանալի կրկներգ»[10]։ Ebony-ում «Stranger in Moscow» երգը համարել են «հաճելի հասուն բալլադ»[11]։ Allmusic պորտալի տեսաբանների կարծիքով՝ սա Ջեքսոնի ամենահիշվող երգերից մեկն է[12]։ Entertainment Weekly հրատարակության քննադատը գրել է․ «Ստեղծել այսպիսի բազմաշերտ հնչողություն, այսպիսի մանրամասն մտածված գործիքավորում, ինչպիսին «Stranger in Moscow»-ն է, կարող է միայն Ջեքսոնը»[13]։ «Սա շատ թերագնահատված երգ է Ջեքսոնի կատալոգում․ բացառիկ պրոդյուսերական աշխատանք, հիպնոտիկ բիթբոքս, զգացմունքային տեքստ, գործիքավորում, հուզիչ կատարում»,– գրել է Renownedforsound.com կայքի գրախոսը[14]։
«Stranger in Moscow» երգի տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր և լուսանկարիչ Նիք Բրանդտի կողմից, ում հետ երգիչն արդեն աշխատել էր «Earth Song» տեսահոլովակի նկարահանման ժամանակ[6]։ Ըստ սև-սպիտալ հոլովակի սյուժեի՝ Ջեքսոնը միայնակ, առանց որևէ մեկի կողմից ճանաչվելու թափառում է փողոցներում անձրևի տակ, իսկ աշխարհը նրա շուրջը շարժվում է դանդաղացված ռիթմով։ Ցուցադրվում են նաև տեսարաններ վեց անծանոթ մարդկանց կյանքից, որոնք նույնքան միայնակ են։ Մոտավորապես տեսահոլովակի մեջտեղում նրանք բոլորը դուրս են գալիս ուժեղ անձրևի տակ։ Քննադատներն այդ պահը բնութագրել են որպես ինքնատիպ «մաքրման ակտ»․ հերոսները կարծես թե դրա միջոցով ձեռք են բերում ընդհանրության ու հարազատության զգացում[15]։
↑Browne, David. (1995 թ․ հունիսի 23). «History» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
↑«Officelle Deutsche Charts» (գերմաներեն). offiziellecharts.de — Необходимо ввести в поле «Suchen» параметр «Stranger in Moscow». Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
↑«Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Stranger in Moscow». Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.