Amoris laetitia

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Amoris laetitia (լատիներենից՝ «Սիրո բերկրանքը»), Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաքելական հորդորը ընտանիքի և ժամանակակից աշխարհում դրա դերի մասին։ Ուղերձը՝ թվագրված 2016 թվականի մարտի 19, հրապարակվել է նույն թվականի ապրիլի 8-ին[1] 6 լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և պորտուգալերեն[2]։ Հորդորը ներկայացվել է Վատիկանի տպագրատանը Եպիսկոպոսների սինոդի գլխավոր քարտուղար Լորենցո Բալդիսերիի և Վիեննայի արքեպիսկոպոս Քրիստոֆ Շյոնբորնի կողմից[3]։

Հորդորը ստեղծվել է Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների սինոդի աշխատանքի արդյունքում, որն անց է կացրել 2 թեմատիկ ժողով՝ 2014 թվականի հոկտեմբերին և 2015 թվականի հոկտեմբերին[3]։ Սուր քննարկումից հետո գրված և 94 կետից բաղկացած[2] եպիսկոպոսական վերջնական հաշվետվությունը փոխանցվեց Ֆրանցիսկոս պապին։ Հաշվետվությունը հաճախ է մեջբերվում «Սիրո բերկրանք»-ում՝ Ֆրանցիսկոսին նախորդածների աշխատանքների և ուսմունքների հետ մեկտեղ, ինչպես նաև Ֆրանցիսկոսի՝ ընտանիքի մասին բազմաթիվ սեփական հորդորների հետ[1]։

«Սիրո բերկրանք»-ը կազմված է նախաբանից և 9 գլխից[3] և զբաղեցնում է 261 էջ[4]։ Ֆրանցիսկոսը հորդորի մեջ հաստատում է ընտանիքի կաթոլիկ իդեալը[3] և հետևում է կաթոլիկ դոկտրինային, սակայն, այդուհանդերձ, կատարում է, ըստ լիբերալների, որոշ «հեղափոխական» զիջողություններ[5]։ Մասնավորապես, դա վերաբերվում է այն ամուսնալուծված հավատացյալներին, որոնք կրկին ամուսնացել են։ Ըստ Ֆրանցիսկոսի՝ այդպիսի կաթոլիկները «պետք է առավել ինտեգրվեն քրիստոնեական համայնքներ», քանի որ «ոչ ոք չի կարող դատապարտվել ընդմիշտ»[3][5]։

Արտահայտվելով համասեռական միությունների մասին՝ Ֆրանցիսկոսը կոչ է անում չնվաստացնել և խտրականություն չդնել ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց միջև, սակայն ընդգծում է, որ «ընտանիքի և ամուսնության վերաբերյալ համասեռական միությունների և Աստծո նախանշման միջև համեմատություն անցկացնելու ոչ մի հիմք գոյություն չունի՝ նույնիսկ հեռավոր»։ Ֆրանցիսկոսի կարծիքով՝ «փաստացի միությունները կամ համասեռական միությունները, մասնավորապես, չեն կարող պարզապես հավասարվել ամուսնությանը։ Ոչ մի ոչ վստահելի կամ կյանքը շարունակելու համար փակ միություն չի ապահովում հասարակության ապագան»[3]։

Պապը «Սիրո բերկրանք»-ում կոչ է անում «քիչ քննադատել և ավելի շատ ըմբռնումով մոտենալ «ոչ ճիշտ» իրավիճակներում հայտնված մարդկանց»[5]։ Եկեղեցիների ղեկավարները նշեցին այն գթասրտությունը, որով գրվել է հորդորը, որը եպիսկոպոսներին կոչ էր անում «լինել ընկերասեր և հոգատար, երբ գործ ունեն դժվար հանգամանքներում հայտնված մարդկանց հետ»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Pope Francis' Apostolic Exhortation on The Joy of Love» (անգլերեն)։ Vatican Radio։ 08/04/2016։ Վերցված է 2016-04-17 
  2. 2,0 2,1 «Новый документ папы Франциска о семье будет опубликован на 6 языках»։ РИА Новости։ 2016-04-07։ Վերցված է 2016-04-17 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Увещание папы Франциска по проблемам семьи представлено в Ватикане»։ РИА Новости։ 2016-04-08։ Վերցված է 2016-04-17 
  4. George Weigel (08.04.2016)։ «Pope Francis on Love, Marriage, and the Family» (անգլերեն)։ National Review։ Վերցված է 2016-04-17 
  5. 5,0 5,1 5,2 «Папа о разводе: никого нельзя приговаривать навсегда»։ Русская служба Би-би-си։ 2016-04-08։ Վերցված է 2016-04-17 
  6. «Church leaders praise Amoris Laetitia but warn against hurried reading» (անգլերեն)։ en:The Catholic Herald։ 11 Apr 2016։ Վերցված է 2016-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]