1 բատ
1 բատ | |
---|---|
Տեսակ | coin type? |
Ենթատեսակ | մետաղադրամ |
Երկիր | Թաիլանդ |
Արժողություն | 1 բատ |
Տրամագիծ | 2 սմ |
Կշիռ | 3,4 գրամ |
Հաստություն | 1 միլիմետր |
Բաղադրություն | պղինձ / նիկել |
Փողերանոց | Պատհումտհանի |
1 բատը (թաի.՝ 1 บาท) Թաիլանդի բատ դրամական միավորի մետաղադրամների տեսակներից մեկն է։
Թաիլանդում (Սիամում) մետաղադրամի տեսքով հատվում է 18-րդ դարի վերջին տասնամյակից (սկզբում՝ որպես արծաթե գունդ դրամ) մինչև հիմա (ժամանակակից մետաղադրամների ստանդարտով, 1860-ից սկսյալ)։ Կարճ ժամանակ 1 բատ արժեքի ոսկե գունդ դրամներ են թողարկվել Սիամի թագավորներ Ռամա III-ի և Ռամա IV-ի կողմից (19-րդ դար)։ Գունդ դրամների տեսակները միմյանցից տարբերվում են փորագրված զանազան հնդուական և թագավորական խորհրդանշաններով (Չակրա, Պրասատ, և այլն)։
Սովորաբար 1 բատ դրամներն արտադրվել են ընդհանուր շրջանառության համար, բայց 1963 թվականից սկսած թողարկվել են բազմաթիվ հոբելյանական դրամներ և այլ հուշադրամներ։ Արծաթե 1 բատի ստանդարտն էր (19-րդ դար)՝ 90% հարգի արծաթ, 15 գրամ։ Արծաթե 1 բատ դրամների թողարկումը դադարեց 1918 թ., այնուհետև այն հատվում է հասարակ մետաղներից։ Արդի 1 բատը նիկելազօծված երկաթից է։ 1 բատը բաժանվում է 100 սատանգի։
Մեկ բատ արժեք ունեցող մետաղադրամները Թաիլանդում շրջանառության են թողվել հետևյալ տեսակներով՝
Այս տեսակի 1 բատը թեև հուշադրամ է, բայց թողարկվել է նաև ընդհանուր շրջանառության համար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սույն հոբելյանական 1 բատանոց դրամը թողարկվել է 1966 թվականին՝ Բանգկոկում կայանալիք 5-րդ Ասիական խաղերի («Ասիադայի») առթիվ։ Մրցույթները, որոնց մասնակցեցին 18 երկիր, տեղի ունեցան նույն թվականի դեկտեմբերի 9-ից դեկտեմբերի 20-ը։
Դրամն արտադրվել է 1961 թվականին ընդունված ստանդարտով՝ պղնձի և նիկելի ձուլույթից, 2,5 սմ տրամագծով։
- Տրամագիծ՝ 2,5 սմ
- Բաղադրություն՝ պղինձ / նիկել
- Թողարկման թվականը՝ 1966
- Արտադրված քանակը՝ 9 մլն.
- Փողերանոց՝ Պատհումտհանի
- Կատալոգի համարը՝ Y # 87
- Նումիզմատական արժեքը՝ 3 դոլար («չօգտագործված» վիճակում)
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրամի երեսի կողմի վրա պատկերված են արքայական զույգի կիսանդրիները՝ պրոֆիլով (Ռամա IX թագավորը և Սիրիկիտ թագուհին)։ Վերևում՝ թաիերեն մակագրություն, իսկ զույգի կիսանդրիների ներքևում՝ «1 բատ» բառերը՝ թաիերեն և անգլերեն։
Դրամի դարձերեսի վրա պատկերված է 5-րդ Ասիական խաղերի խորհրդանիշը։
Այս տեսակի 1 բատը Թաիլանդում արտադրվել է ընդհանուր շրջանառության նպատակով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996-2008 1 բատը բոլոր մյուս 1 բատանոց հուշադրամներից տարբերվում է հիմնականում նրանով, որ այն թողարկվել է լոկ համընդհանուր շրջանառության համար։ Դրանով է բացատրվում այս մետաղադրամի հսկայական արտադրաքանակը՝ մոտ 10 միլիարդ, 23 տարվա ժամանակամիջոցում։ Մեծ քանակությունը բացատրվում է նաև Թաիլանդի բատ տարադրամի հետևողական արժեզրկմամբ. այսօր 1 բատ մետաղադրամը ամենատարածված մանր դրամն է Թաիլանդում (սույն տեսակը և 2008-ի փոփոխված տարբերակը)։ 2008 թ. այս տեսակի դրամի թողարկումը դադարեցվեց, և նրան փոխարինեց նոր 1 բատ մետաղադրամի տարատեսակը՝ թագավորի ավելի նոր դեմքով և չափսերի ու մետաղի բաղադրության որոշ փոփոխումներով։ Սույն դրամը պղնձի և նիկելի ձուլույթ է։ Դրամը հատվել է Պատհումտհանի քաղաքի փողերանոցում (դրամահատարանում), որտեղ արտադրվում են Թաիլանդի բոլոր մետաղադրամները։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիմերես
Դրամի երեսի կողմի կենտրոնում, ինչպես և Թաիլանդի բոլոր ժամանակակից դրամների վրա, պատկերված է Ռամա IX թագավորի կիսադեմքը (պրոֆիլը), աջ և ձախ կողմերից շրջապատված թաիերեն գրությամբ։
Դարձերես
Ետևի կողմում (ռևերս, կամ դարձերես) պատկերված է Բանգկոկի աշխարհահռչակ Վաթ Փրա Կաեո տաճարի շինություններից մեկը, բարձր և սուր գմբեթով։ Գմբեթի կողքը՝ թաիերեն գրություն։
Նումիզմատական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս մետաղադրամը նումիզմատական արժեք չունի։ Միայն 1986 թ. տարբերակն է գնահատվում 1 դոլար («չօգտագործված» վիճակում)։
1 բատ («Ռամա IX-ի գահակալման 50-ամյակ»)[խմբագրել | խմբագրել կոդը]
1 բատ, 2008[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոբելյանական դրամներ և հուշադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաիլանդի 1 բատ հուշադրամները թողարկվել են հետևյալ իրադարձությունների կամ հոբելյանների առթիվ՝
- 1961 - թագավոր Ռամա IX-ի և թագուհի Սիրիկիտի վերադարձը միջազգային ուղեպտույտից։
- 1963 - թագավոր Ռամա IX-ի ծննդյան 36-ամյակը։
- 1966 - 5-րդ Ասիական խաղերը Բանգկոկում։
- 1970 - 6-րդ Ասիական խաղերը Բանգկոկում։
- 1972 - ՄԱԿ-ի պարենամթերային և գյուղատնտեսական կազմակերպություն (FAO)։
- 1972 - Արքայորդի Վաչիրալոնգկոռնի թագաժառանգի տիտղոսի պաշտոնական հռչակումը։
- 1973 - Առողջապահության համաշխարհային կազմակերպության 25-ամյակը։
- 1975 - 8-րդ Հարավարևելյան ասիական խաղերը Բանգկոկում։
- 1975 - Շրինագարինդրա թագուհու ծննդյան 75-ամյակը։
- 1977 - ՄԱԿ-ի պարենամթերային և գյուղատնտեսական կազմակերպություն (FAO)։
- 1977 - Արքայադուստր Սիրինդհոռնի Չուլալոնգկոռն համալսարանն ավարտելու նշումը։
- 1977 - Արքայադուստր Սիրինդհոռնի թագաժառանգի տիտղոսի պաշտոնական հռչակումը։
- 1978 - Արքայորդի Վաչիրալոնգկոռնի Սուքհոթաի համալսարանն ավարտելու նշումը։
- 1978 - 8-րդ Ասիական խաղերը Բանգկոկում։
- 1982 – Պարենամթերքի միջազգային օր։
- 1996 – Ռամա IX-ի գահակալման 50-ամյակը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաիլանդի գանձարանի կայքը (թաիերեն)
- Թաիլանդի կենտրոնական բանկ (անգլերեն) Archived 2013-07-28 at the Wayback Machine.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (18th Century). Page 1041.
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century). Pages 1038 - 1044.
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (20th Century). Pages 1802 - 1806.