Ֆրիգանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրիգանիզմ (անգլ.՝ freeganism, անգլ.՝ free - «ազատ, անվճար» և անգլ.՝ vegan - «վեգանիզմ» բառերից[1]), կենսաձև, որ ժխտում է սպառման սկզբունքները։ Այդ կենսաձևին հետևողները սահմանափակում են իրենց մասնակցությունը ավանդական տնտեսական կյանքին ու ձգտում են նվազագույնի հասցնել ռեսուրսների սպառումը։ Որպես սննդի ու այլ նյութական միջոցների հայթայթման աղբյուր նրանք օգտագործում են աղբանոցները, աղբամանները և այլն։ Ի տարբերությունը անտունների ու չքավորների՝ ֆրիգաններն այդպես են վարվում ի նշան այն բանի, որ չեն ցանկանում լինել առևտրական տնտեսական համակարգի մաս։ Նեղ իմաստով՝ ֆրիգանիզմն անտիգլոբալիզմի մի ձևն է[2]։

Ֆրիգանիզմի շարժումն առավել տարածված է Շվեդիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում և Էստոնիայում[3]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրիգան» տերմինը գործածության մեջ է մտել 1990-ական թվականների կեսերին։ Տերմինի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Against Me! խմբի թմբկահար Ուորեն Օքսն է, ով 1999 թվականին գրել է ֆրիգանների մանիֆեստը՝ «Ինչու՞ ֆրիգան» (անգլ.՝ Why Freegan?) պամֆլետը[4]։ Freegan բառը կազմվել է vegan բառի համանվանությամբ. այդպես են իրենց կոչում ծայրահեղական բուսակերները։ Դրա պատճառն այն է, որ ֆրիգանների մեծ մասը նույնպես պահպանում են բուսակերության հիմնական կանոնները[3]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմի աղբանոցում գտնված մթերքներ, որ պիտանի են օգտագործման

Շարժման նախակարապետը եղել է Food Not Bombs կազմակերպությունը, ինչպես նաև փողոցային արտիստների Diggers անարխիստական թատերախումբը, որ գոյություն է ունեցել 1960-ական թվականներին Սան Ֆրանցիսկոյում. նրա անդամները սկզբունքորեն չեն գնել սննդամթերք և չեն օգտվել վճարովի սոցիալական ծառայություններից (վերջին դրույթը բնութագրական է ոչ միայն նրանց համար. առավել ծայրահեղական ռաստամանները մերժել են անգամ պաշտոնական բժշկությունը, օրինակ՝ Բոբ Մառլին հրաժարվել է վիրահատությունից, ինչը նրա համար կյանք է արժեցել)։ Ըստ Սուրբ Լորենսի համալսարանի (Կանտոն, Նյու Յորք) սոցիոլոգիայի պրոֆեսոր Բոբ Տոռեսի՝ ֆրիգանիզմի շարժումն այդքան հանրահայտ է դարձել հասարակության շրջանում աճող ֆրուստրացիայի պատճառով, որ կապված էր էկոլոգիական «մեյնսթրիմի» անհաջողության հետ։ Տոռեսը նշում է, որ «կանաչները» ոչ միշտ են հաշվի առնում, թե ինչքան բնական ռեսուրս է պահանջվում այն էկոլոգիական մաքուր ապրանքների արտադրության ժամանակ, որոնք իրենք սպառում են[3]։

Զարգացած երկրներում ավելի քիչ ծախսատար է ապրանքը նետել աղբանոց, քան վերամշակման ենթակել այն։ Օրինակ՝ խանութի տիրոջ համար ավելի հեշտ (էժան) է աղբամանը նետել մի լիքը արկղ խնձորը, քան աշխատողին վճարել պիտանի միրգն անպիտաններից առանձնացնելու համար։ Դեն նետված ապրանքների շարքում մեծ թիվ են կազմում օգտագործման համար պիտանիները, այդ պատճառով էլ որոշ մարդիկ նախընտրում են իրենց անհրաժեշտ նյութական բարիքները որոնել որոշակի վայրերում, օրինակ՝ աղբանոցներում, ոչ թե գնել դրանք։ Դրա պատճառները լինում են ինչպես պրագմատիկական, այնպես էլ էկոլոգիական։ Ըստ որոշ տվյալների՝ աղբամանն են նետվում ուտելու համար պիտանի մթերքների 30-50 %-ը։

Ֆրիգանիզմը հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում ֆրիգանիզմի տարածմանը նպաստել է Ադամ Վայսմանը, ով ստեղծել է www.freegan.info կայքը։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ասում է Ադամ Վայսմանը՝ ֆրիգանը ձգտում է իրեն հակադրել սպառող հասարակությանը, որ հիմնված է մրցակցության, ապաբարոյության, կոնֆորմիզմի ու ագահության վրա։ Այդ պատճառով էլ ֆրիգանը պիտի օգտագործի միայն նվազագույնը, օգնի ուրիշներին և լինի առատաձեռն։

Ֆրիգանների հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես վերացնել իրենց ֆինանսական ծախսերը և դրանով իսկ կանգնեցնել համաշխարհային տնտեսության գլոբալացումը, առավելագույնս հեռանալ չվերահսկվող սպառման հասարակությունից։ Սովորաբար ֆրիգաններն օգտագործում են այն մթերքները, որոնք թափվել են սուպերմարկետ բերելուց անմիջապես հետո։ Մեծ մասամբ այդ մթերքները պիտանի են ուտելու համար, և դրանց թափելու պատճառն այն է, որ բերված խմբաքանակի մեկ օրինակը եղել է ոչ պիտանի։ Ֆրիգաններից շատերը հագնում են աղբանոցներում գտնված հագուստ և իրենց տանն էլ գործածում են ուրիշների նետած իրերը։ Գտնված իրերի մի մասը ֆրիգանները փոխանակում են իրենց անհրաժեշտ իրերի հետ՝ չներքաշվելով ֆինանսական հարաբերությունների մեջ։

Ֆրիգաններն ունեն իրենց օրենքները։ Օրինակ՝ ֆրիգանները փորփրում են միայն սուպերմարկետների ու բազմաբնակարան շենքերի մոտ գտնվող աղբամանները. այն, ինչ գտնվում է մասնավոր տարածքներում, օգտագործման ենթակա չէ։ Ֆրիգանները, ելնելով անվտանգության կանոններից, ոչինչ չեն վերցնում հիվանդանոցների մոտ գտնվող աղբամաններից։ Ֆրիգանները պարտավոր են պահպանել մաքրություն աղբամանների շուրջը, թողնել այդ վայրն ավելի մաքուր, քան եղել է մինչ իրենց գալը, որպեսզի հեշտացնեն այլ ֆրիգանների գործը, որոնք այդտեղ կգան իրենցից հետո։ Ֆրիգաններն աղբամաններից չպիտի վերցնեն փաստաթղթեր կամ անձնական նշումներ պարունակող թղթեր. գտնված իրերի միջոցով այլ մարդկանց անձնական կյանքին խառնվելը կտրականապես արգելված է[3]։

Ֆրիգանիզմ և բուսակերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիգանիզմը ձևավորվել է բուսակերության հիման վրա, սակայն ժամանակի ընթացքում հեռացել է նրանից՝ զարգանալով իր սեփական ուղով։ Ֆրիգանների մի մասը վեգաններ (բուսակերներ) են, մյուսներն ուտում են նաև ձուկ և միս, սակայն միայն այն, որը կփչանա, եթե չուտվի։ Ֆրիգանիզմի այդ ձևն կոչվում է «մեգանիզմ», իսկ կենդանական ծագում ունեցող մթերքներով սնվող ֆրիգանները՝ «մեգաններ»[3]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտալի Տրոֆիմովի «Երեքձեռնանի հրեշտակ» քաղաքական վեպում գոյություն ունի «երկրորդականների» («երկրորդական մարդկանց») ենթամշակույթ, որը գաղափարապես մոտ է ֆրիգանիզմին։ Շաբաթվա մեկ օրը նրանք անցկացնում են աղբանոցներում՝ սնվելով այնտեղ. այդ կերպ նրանք իրենց բողոքն են արտահայտում սպառման մշակույթի ու էկոլոգիական համակարգի ոչնչացման դեմ[5]։
  • Ռուսական «Стол-Стул-Стены» անսամբլը, որ նվագում է իմպրովիզացիոն գործիքային երաժշտություն, իր առաջին ալբոմը կոչել է «Ищите на помойках» («Փնտրեք աղբանոցներում»). ալբոմի օրինակները տարածվել են Մոսկվայի աղբանոցներում՝ ունկնդիրներին առաջարկելով խուսափել սպառողական շղթայի ձևավորումից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Glowka, Wayne (2004). «Among the New Words» (PDF). American Speech. 79 (2): 194–200. doi:10.1215/00031283-79-2-194. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Edwards, Ferne; Mercer, David (2007 թ․ նոյեմբերի 1). «Gleaning from Gluttony: an Australian youth subculture confronts the ethics of waste». Australian Geographer. 38 (3): 279–296. doi:10.1080/00049180701639174. ISSN 0004-9182.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Роман Мамчиц (27 октября 2010). «Фриганы: интеллектуалы на свалке». Частный корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. Shteir, Rachel (2012). The Steal: A Cultural History of Shoplifting (English). New York: Penguin Books. ISBN 9780143121121.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Виталий Трофимов-Трофимов, «Трехрукий ангел», 2011 год
  6. STOL-STUL-STENI - PerfomanSSS

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիգանիզմ» հոդվածին։