Ֆարկաս Ֆիլիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆարկաս Ֆիլիպ
Philip Farkas.jpg
Ծնվել էմարտի 5, 1914(1914-03-05)[1][2]
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 21, 1992(1992-12-21)[1][2] (78 տարեկանում)
Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ[1]
Մասնագիտություներաժիշտ, վալդհորնիստ և համալսարանի պրոֆեսոր
Գործիքներվալդհորն

Ֆիլիպ Ֆարկաս, (5 մարտի, 1914 - 21 դեկտեմբերի, 1992), ամերիկացի նշանավոր վալտոռնահար, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի փողային գործիքների կոնցերտմայսթեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Ֆարկասը ծնվել է Էմիլ Նելսոն Ֆարկասի և Աննա Քեսսիդի Ֆարկասի ընտանիքում։ Չնայած որ ծնողները երաժիշտ չէին, մայրը նրան տանում է դաշնամուրի դասերի, որը դառնում է Ֆարկասի առաջին ծանոթությունը երաժշտության հետ։ Երբ նա մոտ 12 տարեկան էր, սքաութների խմբում պահանջվում է շեփորահար, և ինքն առաջարկում է փորձել։ Ֆարկասը դիմում է իր հարևանին, որը շեփորահար էր, որպեսզի նա սովորեցնի իրեն, և շուտով ինքն արդեն փայլուն նվագում էր։

14 տարեկանում նրա մոտ ասթմա է սկսվում, և, հիվանդությանը դիմակայելու նպատակով, ծնողները որոշում են, որ նա փողային գործիք նվագի։ Սակայն, դպրոցի պահեստում մնացել էին միայն բաս-թմբուկ և թուբա։ Բնականաբար, նա ընտրում է թուբան։

Ֆարկասը դպրոց էր հաճախում հասարակական ավտոբուսով։ Տոմսավաճառը նրան պարբերաբար նկատողություն էր անում թուբայի պատյանի մեծության պատճառով։ Հերթական նկատողության ժամանակ Ֆարկասը բացականչում է. «Իսկ ի՞նչ անեմ. սա է իմ գործիքը»։ Այդ պահին փողոցով անցնում էր փողային նվագախումբ, և տոմսավաճառը ցույց է տալիս փոքր գործիքներից մեկը՝ վալտոռնը։ Այդ օրը Ֆարկասը դիմում է հայրիկին՝ իր գործիքը վալդորնով փոխելու խնդրանքով։ Շուտով նրանք գնում են Չիկագո և ամսական երեք դոլլարով վալտոռն վարձում։

Ֆարկասը շատ արագ տիրապետում է վալտոռնին և, սիրահարվելով այդ գործիքին, որոշում է կյանքը նվիրել նրան։ Ավագ դպրոցի սան լինելով՝ նա դառնում է Չիկագոյի համադպրոցական նվագախմբի ամենաերիտասարդ նվագողը, այնուհետև Չիկագոյի հասարակական նվագախմբի առաջին վալդորնահարը և ապա՝ Քանզաս սիթիի Ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին վալտոռնահարը, որը, ի դեպ, նրա առաջին պրոֆեսիոնալ աշխատատեղն է դառնում։

Ֆարկասը՝ որպես առաջին վալտոռնահար, նվագել է նաև Չիկագոյի սիմֆոնիկ, Բոստոնի և Քլիվլենդի նվագախմբերում։ Այս երեք առաջատար նվագախմբերի պատմության մեջ նա եղել է եզակի մենակատար վալտոռնահարը, ում երբևէ առաջարկվել է նման դիրք։ Նա նաև Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի ամենաերիտասարդ կոնցերտմայսթերն էր։ Նվագելուն զուգահեռ Ֆարկասը դասավանդում է՝ դառնալով Ինդիանայի համալսարանի, Հյուսիսարևմտյան համալսարանի, Քլիվլենդի համալսարանի, Քլիվլենդի ինստիտուտի, Քանզաս սիթիի կոնսերվատորիայի, Դե Պոլ համալսարանի և Ռուզվելտի համալսարանի պրոֆեսոր։

Ֆարկասը բազմաթիվ վարպետաց դասեր է տալիս, նաև ելույթներ ունենում՝ որպես մենակատար։ Հիմնում է «Wind Music Inc.» խմբագրությունը, իսկ շեփորահար Ռենոլդ Շիլքեի հետ՝ «Schilke Music Products»-ը։ Ֆարկասը դառնում է նաև «Yamaha» երաժշտական գործիքների մասնաճյուղի խորհրդատու։ 1978 թվականի ապրիլին Արևելյան Միչիգանի համալսարանում ստանում է դոկտորի կոչում։

Ֆարկասը հայտնի է նաև իր ստեղծած և լայն տարածում գտած «Holton-Farkas» վալտոռնով (Հոլտոն-Ֆարկաս), որն արտադրում է «Frank Holton Company»-ն, և մինչ այսօր ամենատարածված վալտոռնն է աշխարհում։

Ֆարկասը չորս գրքի հեղինակ է, որոնք նվիրված են վալտոռնահարների, փողային գործիքներ նվագող երաժիշտների և ընդհանրապես բոլոր երաժիշտների կատարողական արվեստի զարգացմանը։ Իսկ նրա առաջին գիրքը՝ «Վալտոռն նվագելու արվեստը», դարձել է աշխարհի բոլոր վալտոռնահարների «Աստվածաշունչը»։

Նա հեղինակն է հետևյալ գրքերի՝

  • Վալտոռն նվագելու արվեստը (անգլ.՝ Art of French Horn Playing)
  • Փողային (պղնձե) գործիքներ նվագելու արվեստը (անգլ.՝ The Art of Brass Playing)
  • Երաժշտի արվեստը (անգլ.՝ The Art of Musicianship)
  • 40 վիրտուոզ վալտոռնահարների լուսանկարների հիման վրա կատարած հետազոտություն (անգլ.՝ A Photo Study of 40 Virtuoso Horn Players' Embouchures)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]