Ֆաշիզմի ուսումնասիրման ընկերություն
Ֆաշիզմի ուսումնասիրման ընկերություն (գերմ.՝ Gesellschaft zum Studium des Faschismus; GSF), քաղաքական ակումբի կարգավիճակ ունեցող գերմանական ֆաշիստական կազմակերպություն, որը գործել է Վայմարյան հանրապետության վերջին և Երրորդ Ռայխի գոյության առաջին տարում։ Ստեղծվել է Վալդեմար Պաբստի նախաձեռնությամբ։ Քարոզել է իտալական ֆաշիզմի փորձը, ամրացրել պահպանողական ուժերի և նացիստական կուսակցության միջև առկա քաղաքական միությունը։ Հանդես է եկել ազգայնական բռնապետության հաստատման օգտին։ Ընկերությանն անդամակցել են աջ-ծայրահեղական քաղաքական գործիչներ, պաշտոնաթող զինվորականներ, ֆինանսական-արդյունաբերական էլիտայի ներկայացուցիչներ և գերմանական մտավորականության պահպանողական-հեղափոխական ներկայացուցիչներ։ Լուծարվել է գերմանական ռեժիմի կողմից՝ իշխանության գալուց անմիջապես հետո։
Պահպանողական-նացիստական միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը ստեղծվել է 1931 թվականի դեկտեմբերի 5-ին, Բադ Գարցբուրգում տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո, որի արդյունքում ստեղծվել էր նաև Հարցբուրգի ճակատը։ Վերջինս պահպանողական-ազգայնական ուժերի և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության կոալիցիան էր։ GSF-ի ստեղծման նախաձեռնողը եղել է գերմանական կայզերական բանակի նախկին կապիտան, ֆրայկորի և հեյմվերի հրամանատար Վալդեմար Պաբստը։ Վերջինս եղել է նաև Կարլ Լիբկնեխտի և Ռոզա Լյուքսեմբուրգի սպանության կազմակերպիչը, ինչպես նաև Կապի պուտչի մասնակից։
Պաբստը հիմնական խնդիր համարում էր ավանդական ազգայնականության և նացիզմի միջև միության ամրապնդումը։ Պաբստի համար կապող օղակը համարվում էր իտալական ֆաշիզմի գաղափարախոսությունը՝ երկու կողմերի համար այս կամ այն չափով ընդունելի պայմաններում։ Այդպիսով, GSF-ի քաղաքական նպատակը եղել է «Հարցբուրգի ճակատի» հզորացումը։ Հեռահար նպատակներից էին Վեյմարյան հանրապետության պառլամենտական-դեմոկրատական ռեժիմի լուծարումը, ազգայնական բռնապետության հաստատումը, Գերմանիային բնորոշ ֆաշիստական կոնցեպցիայի մշակումը և իրականացումը։
Հիմնական մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, ընկերությանն անդամակցել են 329 մասնակիցներ՝ պահպանողական և աջ ծայրահեղական քաղաքական գործիչներ, պաշտոնաթող կայզերական զինվորականներ, խոշոր արդյունաբերողներ, հողատեր արիստոկրատիայի ներկայացուցիչներ, ազգայնամոլ մտավորականներ։ Առավել հայտնի անդամներից են․
- Վալդեմար Պաբստ
- Հերման Գյորինգ, Ադոլֆ Հիտլերի մերձավոր աջակիցներից մեկը,
- Էդուարդ Շտադտլեր, սոլիդարիզմի աջ ծայրահեղական գաղափարախոս,
- Հերբերտ ֆոն Բոզե, Գերմանական ազգային ժողովրդական կուսակցության հատուկ ծառայության ղեկավար,
- Ֆրանց ֆոն Էպ, ռեյխսվերի պաշտոնաթող գեներալ, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունից Ռայխստագի պատգամավոր,
- Յալմար Շախտ, ֆինանսիստ, ռեյխսբանկի նախկին նախագահ,
- Վալտեր Ֆունկ, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության քաղտնտեսական մամլո ծառայության ղեկավար,
- Ֆրից Տիսեն, ՆՍԳԲԿ-ի հովանավոր Vereinigte Stahlwerke-ի պողպատագործական կոնցեռնի դիտորդական խորհրդի ղեկավար,
- Գյունտեր Կվանդտ, մի շարք արդյունաբերական ընկերությունների սեփականատեր և կառավարիչ,
- Էրիխ Լյուբերտ, AG für Verkehrswesen տրանսպորտային ընկերության և Dywidag շինարարական կորպորացիայի տնօրեն,
- Օտտո Քրիստիան Ֆիշեր, տնտեսագետ, Reichs-Kredit-Gesellschaft ֆինանսական ընկերության անդամ,
- Ֆրիդրիխ Ռեյնհարտ, Commerzbank-ի տնօրեն, Բեռլինի առևտրային-արդյունաբերական պալատի նախագահ,
- Թեոդոր Դյուստերբերգ, «Շտալհելմի» առաջնորդներից մեկը,
- Օտտո Շմիտդ-Հանովեր, «Շտալհելմի» ակտիվիստ, Ազգային ժողովրդական կուսակցությունից Ռեյխստագի պատգամավոր,
- Յոհանես Ռեպկե, տնտեսական իրավաբան և հրապարակախոս, CA-ի մարտիկ, ՆՍԳԲԿ-ում Գրեգոր Շտրասերի խմբի կողմնակիցներից մեկը,
- Հանս Հեյնց Էվերս, գրող-օկուլտիստ, ՆՍԳԲԿ-ի ակտիվիստ,
- Ֆրիդրիխ Հիլշեր, պահպանողական-հեղափոխական փիլիսոփա-միստիկ,
- Ֆրանց Շաուվեքեր, նացիոնալ-սոցիալիստական գրող և հրապարակախոս։
Ընդհանուր առմամբ, այսպիսի անդամների առկայությունը փաստում էր ընկերության գործունեության հիմնական նպատակը։ GSF-ի քաղաքական կառուցվածքում առավել շատ ներկայացված էին ՆՍԳԲԿ-ի և Գերմանական ազգային ժողովրդական կուսակցության, ինչպես նաև «Շտալհելմի» անդամները։ Ձեռնարկատեր մասնակիցները հիմնականում առնչվում էին ծանր արդյունաբերական (մետալուրգիա, ածխի արդյունաբերություն) և բանկային հատվածներին։ Հումանիտար մտավորականությունը ներկայացված էր պահպանողական հեղափոխականներով, նիցշեական քարոզիչները, «զինված բոհեմի» գաղափարախոսները։
Գաղափարախոսություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադիրների կարծիքով, GSF-ի նպատակը եղել է «Հարցբուրգի ճակատին» գաղափարական աջակցությունը, ինչպես նաև պահպանողականների և նացիոնալ-սոցիալիստների միջև ամուր կամրջի ստեղծումը[1], որոնք զրկվել էին Վեյմարյան ռեժիմի իշխանությունից։ Նպատակների թվում էին նաև Գերմանիայում կոմունիստական և մարքսիստական ուժերի ճնշումը, աջ ազգայնական բռնապետության հաստատումը, ապագա սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակումը՝ ֆաշիստական կորպորատիվիզմի շրջանակներում։ Ընկերությունը նախատեսում էև դառնալ գերմանական էլիտայի համար ֆաշիստական գաղափարախոսության գեներատոր։
GSF-ի աշխատանքի գլխավոր մեթոդը եղել է էլիտար հասարակությունում ամենամսյա դասախոսությունների վարումը։ Չնայած իր անվանմանը, ընկերությունն զբաղվում էր ոչ թե ուսումնասիրություններով և հետազոտություններով, այլ ինտենսիվ քարոզչությամբ։ Զեկույցները և քննարկումները կրում էին քաղաքական թեժ բնույթ։ Հիմնական քննարկումները շրջանառվում էին ազգայնականության, հակակոմունիզմի, հակալիբերալիզմի, ֆյոլկիշեի գաղափարների, Բենիտո Մուսոլինիի ռեժիմի և ժողովրդավարության կատեգորիկ ժխտման շուրջ։
Ընկերությունը ՆՍԳԲԿ-ին ցուցաբերել է էական գաղափարախոսական աջակցություն, մեծ դերակատարում ունեցել նացիստների՝ իշխանության գալու գործընթացին («Տնտեսության օրգանական կառուցվածքի կազմավորման մասին» օրենք, «Պարտադիր կարտելների ստեղծման մասին» օրենք, Գերմանական աշխատանքային ճակատ)։
Պարտություն հաղթանակից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականի հունվարի 30-ին Ադոլֆ Հիտլերը նշանակվել է ռեյխսկանցլեր։ GSF-ն հասել էր իր նպատակին։ Ընկերության բազմաթիվ անդամներ հավակնում էին պետական պաշտոնների։ 1933 թվականի մարտին GSF-ի կազմում ձևավորվել է հատուկ կոմիտե՝ նոր կառավարությանը սոցիալ-տնտեսական բարեփոխումների առաջարկություններ ներկայացնելու համար։
Սակայն իրադարձություններն զարգացան այլ կերպ։ Հիտլերյան վերնախավն GSF-ի օգնության կարիքն այլևս չուներ, իսկ, գլխավորը, չէր պատրաստվում ներդնել իտալական ֆաշիստական կառուցվածքը (կորպորատիվ համակարգը մերժվել է, քանի որ, նացիստների կարծիքով, թույլ էր տալիս հասարակական կառույցներին ազդել պետական իշխանության վրա[2])։ Ընկերության մի շարք անդամների հայացքների ինքնուրույնությունը և քաղաքական ամբիցիաները բացասականորեն ազդում էին նացիստական ղեկավարության վրա։
Արդեն 1933 թվականի կեսերին GSF-ի գործունեությունը դադարեցվել է։ Տարվա վերջին Ֆաշիզմի ուսումնասիրման ընկերությունը լուծարվել է իշխանության կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Klaus Gietinger. Mörder der Revolution. Waldemar Pabst — Brückenbauer zwischen Konservatismus und Faschismus. Ein Forschungsbericht, 16. Januar 2008.
- ↑ ФИНАЛ В ПРЕИСПОДНЕЙ. Старт над пропастью
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manfred Wichmann. Waldemar Pabst und die Gesellschaft zum Studium des Faschismus. Berlin 2013.